воскресенье, 24 января 2016 г.

Եվրոպայի ամենահարուստ ակումբների ֆինանսական շարժը

Սպասվում է, որ առաջիկա 12 ամիսների ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» կդառնա աշխարհի ամենահարուստ ֆուտբոլային ակումբը:

«Deloitte»-ի վարկանիշով` որը գնահատում է ակումբների ֆինանսական շարժը, 11-րդ տարին անընդմեջ առաջատար է ճանաչվել Մադրիդի «Ռեալը»: 2014-2015 թթ մրցաշրջանում իսպանական ակումբը վաստակել է 577 մլն եվրո (439 մլն ֆունտ):
Կատալոնական «Բարսենոլան» երկրորդն է` 560.8 մլն եվրո  (426.6 մլն ֆունտ), «Մանչեսթեր Յունայթեդը» երրորդը` 519.5 մլն եվրո (395.2 մլն ֆունտ):

Նույն «Deloitte» կարծիքով, գոյություն ունի «իրական հնարավորություն», որ «Մանչեսթեր Յունայթեդը» կկարողանա այս տարվա ընթացքում գերազանցել իսպանական ակումբներին:



Ի՞ՆՉ Է «DELOITTE»-ը

«Deloitte»-ը հաշվապահական ընկերություն է, որի սպորտային բիզնեսի բաժինն ամեն տարի հրապարակում է աշխարհի ամենաեկամտաբեր ակումբների աղյուսակը:

Թոփ 20 ակումբների շահույթի հանրագումարը նախորդ տարվա համեմատ ավելացել է 8 %-ով և կազմել` 6.6 մլրդ եվրո (5.08 մլրդ ֆունտ): Սա ռեկորդային ցուցանիշ է:

«Մանչեսթեր Յունայթեդը» չկարողացավ հայտնվել ո՛չ Չեմպիոնների Լիգայում, ո՛չ Եվրոպա Լիգայում, ու հենց այդ պատճառով էլ նահանջեց երրորդ հորիզոնական:


Բայց «Deloitte»-ը տեղեկացնում է, որ «ուժեղ առևտրային աճն» ու «տպավորիչ հովանավորական գործարքներ» կնքելու կարողությունը` ինչպես հանրահայտ «Adidas» ընկերության հետ կնքած պայմանագիրն է (տարեկան 75 մլն ֆունտ), փոխհատուցեցին եվրոգավաթների բացակայությունը:

Մադրիդի «Ռեալը» հաջորդ մրցաշրջանից սկսած կհայտնվի «աճող ճնշման տակ»` Անգլիայում ուժի մեջ մտնող 5.1 մլրդ ֆունտ արժողությամբ հեռուստատեսային հեռարձակման  պայմանագրի պատճառով:

Այդ պայմանագրի շնորհիվ, Անգլիայի Պրեմիեր Լիգայի 17 ակումբներ կհայտնվեն աշխահի 30 ամենահարուստ ակումբների շարքում:

Անգլիական «Վեստ Հեմը»  2005-2006 թթ մրցաշրջանից հետո առաջին անգամն է, որ հայտնվում է Թոփ 20-ում` վաստակելով 160.9 մլն եվրո  (122.4 մլն ֆունտ), որը գերազանցում է թուրքական «Գալաթասարայի» արդյունքը:





«Մանչեսթեր Յունայթեդը»  «Deloitte»-ի վարկանիշով զբաղեցնում էր առաջին հորիզոնականը 1998 թվականին, երբ «Կարմիր սատանաների» եկամուտը
 կազմել էր 87.9 մլն ֆունտ:

Այդ վերլուծությունը 18 տարի առաջ կազմել էր Դեն Ջոնսը: Հիմա նա վերհիշում է, որ իրեն հարցնում էին արդյո՞ք այս ամենը երկար կյանք կունենա:

«Ես մինչև հիմա մտածում եմ, որ սա աճող շուկա է: Եթե նույնիսկ ինչ-որ բան էլ տեղի ունենա, ապա դա հաջորդ մի քանի տարիների ընթացքում  կլինի միայն աճ: Հնարավոր է, որ ակումբները փոքր ինչ հավասարվեն իրենց եկամուտներով: Սա ավելի հավանական է քան եկամուտների անկումը»,- նշում է Դեն Ջոնսը:


 Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդը» և Մյունխենի «Բավարիան», սկսած 2008 թվականից միշտ հայտնվում են Թոփ 5-ում:

Ֆրանսիական ակումբային ֆուտբոլի բացարձակ առաջատար «ՊՍԺ»-ն վերջին երեք տարիներին նույնպես հայտնվում է Թոփ 5-ում:

Այս տարի «Մանչեսթեր Սիթին» հայտնվել է 6-րդ հորիզոնականում, իսկ 7-ից 9-րդ հորիզոնականները ներառյալ համապատասխանաբար զբաղեցնում են` «Արսենալը», «Չելսին», «Լիվերպուլը»:

Իտալական Ա Սերիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից «Յուվենտուսը», զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը:

Իտալական մեկ այլ ակումբ` «Միլանը», 2003-2005 թթ ընթանում էր 3-րդ տեղում, իսկ հիմա` 14-րդ:

«ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴԸ» ՊԵՏՔ Է ՍԿՍԻ ՆՎԱՃԵԼ

«Մանչեսթեր Յունայթեդի» երրորդ հորիզոնականը Չեմպիոնների Լիգայից դուրս մնալու հետևանքն է:
Սակայն, «Deloitte»-ը պնդում է, որ անգլիական ակումբը կարող է հաջորդ տարի հայտնվել վարկանիշային աղյուսակի ամենավերևում, չնայած նրան, որ այս տարի դուրս մնաց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլից:

«Մանչեսթեր Յունայթեդի» այս ցուցանիշն առևտրային հաջողությունների և ռեկորդային պայմանագրերի արդյունքն է:

Բայց, ակումբը սկսած 2013 թվականից` Սըր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո, ոչ մի տիտղոս չի նվաճել:
Դեն Ջոնսը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է սկսի տիտղոսներ նվաճել, այլապես անընդհատ կնահանջի վարկանիշային աղյուսակում:

«Ինչ-որ ժամանակահատված հնարավոր է լինել հաջողակ դաշտի սահմաններից դուրս, նույնիսկ եթե ակումբի գործերը վատ են ընթանում: «Մանչեսթեր Յունայթեդի» առևտրային հաջողությունների պատճառը վերջին 20 տարիներին խաղադաշտում ցուցադրած անհավանական արդյունքն է: Ես զարմացած չեմ, որ ակումբը աղյուսակի առաջատարին այսքան մոտ է գտնվում և պայքարում է առաջին հորիզոնականի համար` որտեղ նրանք գտնվում էին 11 տարի առաջ: Բայց ես կարծում եմ,  որ նրանք չեն կարող երկար ժամանակ առաջատար լինել, եթե չսկսեն տիտղոսներ նվաճել»:

ՆՈՐԵԿՆԵՐԸ




«Վեստ Հեմն» ու «Ռոման» այս տարվա Թոփ 20-ի նորեկներն են: «Մուրճագործները» 2012 թվականին հայտնվելով   Չեմպիոնշիպում և 1980 թվականից հետո ոչ մի տիտղոս չնվաճելով վաստակել են 160.9 մլն ֆունտ, որն ընդամենը 3.9 մլն ֆունտով ավելի քիչ է քան իտալական  «Ինտերի» արդյունքը:

Լոնդոնյան ակումբի շահույթը զգալիորեն կավելանա, երբ նրանք հաջորդ մրցաշրջանից սկսած հանդես գան նոր մարզադաշտում:

«Ռոման» Վերջին 10 տարիների մեծ մասը անցկացրել է Թոփ 20-ից դուրս, իսկ հիմա ամերիկյան ներդրողների շնորհիվ ակումբի եկամուտը մեծանում է և թիմը սկսում է պայքարել չեմպիոնության համար:

ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱՅԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ



Վարկանիշային աղյուսակի Թոփ 20-ի մեջ հայտվել են Անգլիայի Պրեմիեր Լիգայի 9 ակումբներ:

Անգլիայի իրական ուժն արտացոլվում է Թոփ 20-ից դուրս: Թուրքական «Գալաթասարայը» զբաղեցնում է 21-րդ հորիզոնականը, իսկ իտալական «Նապոլին»` 30-րդ: Սակայն ամենատպավորիչն այն է, որ այս երկու թիմերի միջև հայտվել են 8 բրիտանական ակումբներ:

2014-2015 թթ մրցաշրջանի արդյունքով Անգլիայի  Պրեմիեր Լիգայից դուրս մնացած «Բերնլին», «Հալլ Սիթին» և «ՔՊՌ»-ը չեն հայտվել այս ցուցակում:

Անգլիական ակումբների գերակայությունը նպաստեց եվրոյի նկատմամբ ֆունտ ստեռլինգի աճին, իսկ մայրցամաքից ֆուտբոլիստներ գնելը դարձավ ավելի ձեռնտու:

Բացի դրանից զգալիորեն ավելացան հեռուստատեսությունների կողմից առաջարկվող պայմանագրերի գումարները: Հենց դրա շնորհիվ էլ «Սթոք Սիթին» կարողացավ 12 մլն ֆունտով ձեռք բերել Ջերդան Շաքիրիի տրանսֆերը, իսկ Պրեմիեր Լիգայի այս տարվա նորեկ` «Բորնմուտը» կարողացավ վարձակալական հիմունքներով թիմ հրավիրել Խուան Իտուրբեին:

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄՅՈՒՍ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ




Միլանյան ակումբները նահանջում են աղյուսակում, իսկ ֆրանսիական ակումբները` բացառությամբ «ՊՍԺ»-ի, ընդհանրապես անհետացել են Թոփ 30-ից: Այս ամենից պարզ է դառնում, որ եվրոպական ֆուտբոլի հիերարխիան փոխվում է:

Անգլիայի Պրեմիեր Լիգայի գերակայությունն անընդհատ աճում է և հաջորդ մրցաշրջանից սկսած ուժի մեջ կմտնի նոր` 5.14 մլրդ ֆունտ արժողությամբ  հեռուստատեսային հեռարձակման պայմանագիրը:

«Deloitte»-ի տեղեկություններով,  Ա Սերիայի ակումբներն եկամուտների հետ կապված խնդիրներ ունեն, քանի որ, իրենց մարզադաշտերը թույլ չեն տալիս խոշոր գումարներ վաստակել:

«Մեր կանխատեսումներով «Ռեալն» ու «Բարսելոնան» կմնան Թոփ 3-ում` նույնիսկ նոր հեռուստատեսային պայմանագրի առկայության դեպքում: «ՊՍԺ»-ն և «Բավարիան» կպայքարեն լավագույն հնգյակում տեղ զբաղեցնելու համար, ինչպես նաև այն անգլիական ակումբները, որոնք կհայտնվեն Չեմպիոնների Լիգայում: Եթե ուշադրություն դարձնենք 21-ից 30-րդ հորիզոնականններին, ապա կնկատենք, որ Պրեմիեր Լիգան զգալիորեն գերազանցում է իր մրցակիցներին»:


                                                                                                   Միհրան Ալեքսանյան




Комментариев нет:

Отправить комментарий