воскресенье, 10 января 2016 г.

Ժոզե Մոուրինյո: Ճակատագրի հեգնանք թե՞ արդարության վերականգնում





Ժոզե Մոուրինյոն հեռացվեց «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից: Այս լուրը կարելի է ասել իսկական իրարանցում առաջացրեց ամբողջ եվրոպական ֆուտբոլում: Շատերը կարծում են, որ «Չելսիի» ղեկավարությունն անարդար վարվեց պորտուգալացու նկատմամբ` թիմի բոլոր անհաջողություններում մեղադրելով միայն իրեն: Ես նույնպես դասվում եմ այդ մարդկանց շարքին: Մինչև «Չելսի» - «Սանդերլենդ» հանդիպումն, ես այսպիսի կարծիք չունեի, քանզի մտածում էի, որ շատ հարցերում հենց Ժոզեն էր մեղավոր: Սակայն հետևելով «Չելսիի» վերջին հանդիպմանը, անկեղծ ասած հիասթափվեցի «արիստոկրատների» մի քանի ֆուտբոլիստների պահվածքից:
Եթե համեմատենք «Չելսիի» վերջին երկու խաղերը` «Լեսթերի» դեմ Մոուրինյոյի հետ, և «Սանդերլենդի» դեմ առանց Մոուրինյոյի, ապա մեկնարկային կազմում կար ընդամենը երկու փոփոխություն: Դրանցից մեկը հարկադրված էր, քանզի վնասվածք ստացած Էդեն Ազարին փոխարինել էր Պեդրո Ռոդրիգեսը: Իսկ մյուս փոփոխությունը հենակետային գոտում էր` Ռամիրեսի փոխարեն խաղադաշտ էր դուրս եկել Սեսկ  Ֆաբրեգասը: Հաշվի առնելով, որ «Սանդերլենդի» դեմ խաղում «Չելսին» համարվում էր դաշտի տեր, ապա կարելի էր կռահել թիմի հարձակման գծում հավանական ակտիվությունը: Հենց դրա համար էլ Ռամիրեսի փոխարեն խաղում էր  Ֆաբրեգասը: Գրեթե վստահ եմ, որ եթե Մոուրինյոն չհեռացվեր, ապա այս խաղին նա ևս մեկնարկային կազմում կներառեր Ֆաբրեգասին` անկախ ենթադրյալ կոնֆլիկտի առկայությունից:
 Ինչևէ, «Չելսիին» այս խաղին պատրաստել էր Մոուրինյոյի արդեն նախկին օգնական Ստիվ Հոլանդը: Բնականաբար  մեկ օրվա ընթացքում Հոլանդը չէր կարող հիմնովին վերացնել թիմում գործող խնդիրները: Բայց... ի՞նչ խնդիրներ: 
Հետևելով այս խաղում  «Չելսիի» ֆուտբոլիստների գործողություններին դժվար էր կռահելը, որ այս թիմը գտնվում է լուրջ խաղային ճգնաժամի մեջ: Եկեք անկեղծ լինենք, այս հանդիպման ժամանակ ֆուտբոլիստներն ավելին էին անում, քան մրցաշրջանի մնացած խաղերում:  Եվ համեմատելով «Լեսթերի» և «Սանդերլենդի» դեմ հանդիպումները, նոր եմ հասկանում Ժոզե Մոուրինյոյի խոսքերի իմաստը` երբ նա հայտարարեց, թե իրեն դավաճանված է զգում: Նրա խոսքերով «Չելսիի» ֆուտբոլիստներն ամբողջովին չեն նվիրվում խաղին:





Պատահական չէ, որ «Սանդերլենդի» դեմ խաղում գրեթե լեփ-լեցուն «Ստեմֆորդ Բրիջ» մարզադաշտը անդադար աջակցում էր «Յուրահատուկին»: Ամբողջ տրիբունաներում պաստառներ էին, որոնցում քաջալերող խոսքեր էին հղված պորտուգալացու հասցեին: Երկրպագուները ևս հասկանում էին և մեղադրում «Չելսիի» ֆուտբոլիստներին
 դավաճանության մեջ:



Իհարկե դուք կարող եք ունենալ ձեր կարծիքը և այն բոլորովին պարտադիր չէ, որ համընկնի իմ հնչեցրած մտքի հետ, սակայն  կարծում եմ չի գտնվի թեկուզ մեկ ֆուտբոլասեր, ով «Չելսիում» տիրող քաոսի համար կհամաձարկվի մեղադրել միայն Ժոզե Մոուրինյոյին: 

Այն, որ ակումբի ղեկավարությունը ևս իր «լուման» ունի թիմի անհաջողությունների մեջ` դա փաստ է:

Որքան էլ, որ զարմանալի է, «Չելսին» այն եզակի թիմերից է, որն այս մրցաշրջանի սկզբում լուրջ կադրային համալրումներ չունեցավ: Եթե «Արսենալի» դեպքում սա նորմալ է, ապա «Չելսիի» դեպքում հարցեր է առաջացնում: «Չելսիի» տրանսֆերային քաղաքականության համար պատասխանատու է ակումբի տեխնիկական տնօրեն Մայքլ Էմանելոն: Ըստ շրջանառվող լուրերի Էմանելոյի թեթև ձեռքով են թիմ հրավիրվել Ռադամել Ֆալկաոն, Պապի Ջիլոբոջին, Բաբա Ռահմանը: Ու սա այն դեպքում, երբ գրեթե ամբողջ ամառվա ընթացքում Մոուրինյոն  նշում էր, որ ցանկանում է ձեռք բերել Քրիստիան Բենտեկեին և Ջոն Սթոունսին: Համաձայնվեք, նշված ֆուտբոլիստների մեջ կա  խաղային մակարդակի զգալի տարբերություն:

Արդյունքում այս բոլոր հարցերում Ժոզե Մոուրինյոն դարձավ քավության նոխազ:

Իսկ հիմա Մոուրինյոյի հետագա կարիերայի հավանական ընթացքի մասին: 
Ժոզեն միշտ հայտարարել է, որ չի պատկերացնում իրեն մեկ այլ անգլիական թիմում: Սակայն հիմա իրավիճակն այլ է: Եվ պատկերացրեք դեպքերի այսպիսի զարգացում:
«Չելսիից» հեռացվելուց ժամեր անց, Ժոզե Մոուրինյոյին պատկանող գործակալությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի «Յուրահատուկը» չի պատրաստվում դադար վերցնել և անհամբեր սպասում է նոր մարտահրավերների: 
Հաշվի առնելով «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին ժամանակներում գրանցած արդյունքները, շատ հնարավոր է, որ թիմի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հեռացվի իր զբաղեցրած պաշտոնից: Իսկ այս պահի դրությամբ, միակ թոփ մարզիչը, ով զբաղված չէ` Ժոզե Մոուրինյոն է: Ըստ բրիտանական լրատվամիջոցների` Ժոզեն արդեն իսկ հրաժարվել է իտալական  «Ռոման» գլխավորելու առաջարկից, քանի որ, ցանկանում է ղեկավարել հենց «Մանչեսթեր Յունայթեդը»: Անկասկած, Ժոզեն անկախ այս մրցաշրջանի անհասկանալի արդյունքներից, շարունակում է մնալ ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչներից մեկը: Բացի դրանից լեգենդար Սըր Ալեքս Ֆերգյուսոնը 2013 թվականին ցանկացել է, որ իրենից հետո «Յունայթեդի» ղեկին լինի Մոուրինյոն: Բայց այդ ժամանակ արդեն Ժոզեն պայմանավորվել էր «Չելսիի» հետ: 



Եվ պատկերացրեք, որ մոտ օրերս  «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ է նշանակվում Ժոզե Մոուրինյոն: Եվ գիտեք, թե այդ դեպքում, ո՞ր խաղը կլինի դեբյուտային Ժոզեի համար: Դե Իհարկե «Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսին», որը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին:

Հ.Գ. Կլինի  սա ճակատագրի հեգնանք է, թե՞ արդարության վերականգնում` դատեք ինքներդ: 










Комментариев нет:

Отправить комментарий