воскресенье, 10 января 2016 г.

Մեսութ Օզիլ. Հավասարվելով Դենիս Բերգկամպին




Այն, որ  «Արսենալի» ֆուտբոլիստ Մեսութ Օզիլին արդեն համեմատում են թիմի լեգենդ` հոլանդացի Դենիս Բերգկամպի հետ, դա արդեն իսկ խոսում է գերմանացի կիսապաշտպանի բարձր կարգի մասին: Սակայն ճիշտ չի լինի ուղղակիորեն համեմատել այս երկու ֆուտբոլիստներին, քանզի, առաջին հերթին ֆուտբոլը վերջին 10-15 տարիների համեմատ զգալիորեն փոխվել է` բոլոր առումներով: Բացի այդ, Օզիլի ու Բերգկամպի դիրքերը խաղադաշտում լրիվ տարբեր են: Պարզապես, շատերը այս համեմատության վերաբերյալ, կարծիք են հայտնում նշելով, որ Օզիլը Բերգկամպի կարգին հասնելու համար պետք է պարտադիր նվաճի Պրեմիեր Լիգայի չեմպիոնի կոչումը: Անկեղծ, չեմ հասկանում այսպիսի մարդկանց: Ամբողջ աշխարհն է տեսնում, թե ինչպես է այս մրցաշրջանում Մեսութ Օզիլը` անկախ թիմում եղած մեծ պրոբլեմներին, իր ետևից առաջ տանում խաղընկերներին: Եվ զարմանալի չէ, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վերջերս նշել էր Օզիլի ոչ միայն խաղային որակների բարձրացման, այլ նաև նրա առաջնորդի հատկությունների դրսևորման վերաբերյալ:





Իրոք զարմացնում են այն ֆուտոլասերներն ու քննադատները, ովքեր այսքանից հետո փորձում են փնովել Օզիլին, և ամեն անգամ ինչ-որ բացասական բան են փորձում փնտրել նրա գործողություններում: Նույն Դենիս Բերգկամպը, «Արսենալում» խաղալու տարիներին ևս մեծ համբավ էր վայելում: Բայց չէ որ, այդպիսի հարգանքի է արժանանում նաև Մեսութ Օզիլը, և պնդել, որ 90-ականների վերջերին հանդես եկող Բերգկամպն ավելի արժեքավոր էր, քան ներկայիս Օզիլը` պարզապես ծիծաղելի է: Ես հասկանում եմ, որ Դենիս Բերգկամպը համարվում է «Արսենալի» պատմության լավագույններից մեկը: Նա մասնակից է 2004 թվականի չեմպիոնության կերտմանը` երբ «Արսենալն» առանց պարտության անցավ մրցաշրջանը և հռչակվեց երկրի չեմպիոն: Ու հավանաբար հենց այդ պատճառով էլ «Էմիրեյթս» մարզադաշտի մոտ տեղադրվել է հոլանդացու արձանը: Իսկ ինչո՞ւ նույն ճանապարհով չի կարող քայլել նաև Մեսութ Օզիլը:





 Նրա համար այս մրցաշրջանի առաջին հատվածը հիանալի դասավորվեց: Գերմանացի ֆուտբոլիստը մեկը մյուսի ետևից գոլային փոխանցումների ռեկորդներ էր գրանցում: Դրանցից մեկն էլ` 7 խաղ անընդմեջ գոլային փոխանցում կատարելն է:
Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում անցկացրած 20 խաղերից հետո, Օզիլն արդեն կատարել է 16 գոլային փոխանցում և խփել 2 գոլ: Օզիլի և Բերգկամպի միակ էական տարբերությունն այն է, որ գերմանացին ավելի քիչ գոլեր է հեղինակում: Սակայն, ներկայիս «Արսենալում» Օզիլի առաջնային աշխատանքն է հարվածային դիրք դուրս բերել ոչ թե իրեն, այլ հարձակման գծի  խաղընկերներին:





Երևի թե Օզիլի համար անձնական ձեռքբերումներից ամենալավն ու նշանակալիցը կլինի այն, որ նա կարողանա գերազանցել «Արսենալի» մեկ այլ կենդանի լեգենդ Թիերի Անրիի ռեկորդը` մեկ մրցաշրջանի ընթացքում կատարած գոլային փոխանցումների քանակով: Ֆրանսիացին 2002-2003 թթ մրցաշրջանում կատարել է 20 գոլային փոխանցում: Օզիլին այս ռեկորդը գերազանցելու համար անհրաժեշտ է առաջիկա 18 հանդիպումներում կատարել 5 գոլային փոխանցում: Վերջին մի քանի տարիների ընթացքում Պրեմիեր Լիգայում ոչ ոք այնքան մոտ չէ եղել այս ռեկորդին` որքան նա:





Իսկ  չեմպիոնական գավաթը հիանալի թիմային ձեռքբերում կլինի: Արդեն 11 մրցաշրջան անընդմեջ «Արսենալը» չի կարողանում դառնալ երկրի չեմպիոն: Այս տարի թիմը անցկացրած  20 խաղից հետո գտնվում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում: Եվ կարծում եմ սա վերջին մի քանի տարիներին  «Արսենալի» լավագույն  հնարավորությունն է երկրի չեմպիոն դառնալու: Ու հավատացեք, եթե այդ չեմպիոնությունը կայանա, ապա Մեսութ Օզիլը իր մեծ ներդրումը կունենա այդ գործում և ոչ պակաս փառավորված կլինի` քան նույն Դենիս Բերգկամպը:



                                                                                           Միհրան Ալեքսանյան

Комментариев нет:

Отправить комментарий