среда, 20 января 2016 г.

Անգլիայի Պրեմիեր Լիգայի լավագույն կիսապաշտպանները

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում ո՞ր կիսապաշտպանի խաղն է ամենից շատ տպավորում:




Ռիհադ Մահրեզն ու Մեսութ Օզիլը այս անվանակարգում հաղթողի հիմնական հավակնորդներն են: Իրենց լավագույնս դրսևորել են նաև Ռոս Բարկլին` «Էվերթոնից»,  Կևին դե Բրույնեն` «Մանչեսթեր Սիթիից» և  Նգոլո Կանտեն` «Լեսթերից»:  Սակայն...
Ի տարբերություն մնացած խաղային դիրքերի, կիսապաշտպանական դիրքում հանդես եկող ֆուտբոլիստները բաժանվում են երկու խմբի` հարձակողական և պաշտպանական: Օրինակ` ճիշտ չի լինի համեմատել  հենակետային Նգոլո Կանտեին  փլեյմեյքեր Մեսութ Օզիլի հետ:



Ուսումնասիրենք հանրահայտ «Օpta» վիճակագրական կայքի տվյալները:




ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ



Որքան էլ որ, զարմանալի է ամենաշատ ճշգրիտ փոխանցումներ կատարել է Հարի Արտերը «Բորնմուտից» (1107): Փոքր ինչ ետ են մնացել Սեսկ Ֆաբրեգասը` «Չելսիից» (1091) և Գարեթ Բարին` «Էվերթոնից» (1079): 1000 ճշգրիտ փոխանցումների սահմանը հատել են նաև Մեսութ Օզիլը և Սանտի Կասորլան`  «Արսենալից» ու  Ֆերնանդինյոն` «Մանչեսթեր Սիթիից»:


Այն կիսապաշտպաններից, ովքեր կատարել են ամենաքիչը 300 փոխանցում, ճշգրտության լավագույն տոկոսային հարաբերությունը Ֆրանսիս Կոկլենինն է` «Արսենալից» (91.47 %): Բացի Կոկլենից, 90 %-ից բարձր փոխանցումների ճշգրտություն ունեն Մորգան Շներյդերլինը` «Մանչեսթեր Յունայթեդից», Իբրահիմ Աֆելայը` «Սթոկ Սիթիից», Սանտի Կասորլան` «Արսենալից», Լեոն Բրիտոնը` «Սուոնսիից»:

Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ վերոնշյալ բոլոր ֆուտբոլիստները հանդես են գալիս կենտրոնական կիսապաշտպանի դիրքում և զարմանալի չէ, որ հենց նրանք են այս ցուցակում առաջատարները, քանզի փոխանցումների մեծ մասը կատարվել է դաշտի կենտրոնական հատվածում:

ԳՈԼԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ



Գոլային փոխանցումների առումով իրեն հավասարը չունի «Արսենալի» գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը (16): Նրա կատարած գոլային փոխանցումները կրկնակի անգամ գերազանցում են Կևին դե Բրույնեի ցուցանիշը (8): Օզիլը գտնվում է Թիերի Անրիի` մեկ մրցաշրջանում կատարած ամենաշատ գոլային փոխանցումների ռեկորդը, գերազանցելու ճանապարհին: Վերջինս 2002-2003թթ մրցաշրջանում կատարել էր 20 գոլային փոխանցում: Ռոս Բարկլին` «Էվերթոնից», Դավիդ Սիլվան` «Մանչեսթեր Սիթիից» և Ռիհադ Մահրեզը` «Լեսթերից», կատարել են 7-ական գոլային փոխանցում:

ԳՈԼԵՐ


Պրեմիեր Լիգայի կիսապաշտպանների մեջ խփած գոլերի առումով, բացարձակ առաջատար է Ռիհադ Մահրեզը` «Լեսթերից»: Նա 13 անգամ կարողացել է ստիպել մրցակից թիմին խաղը վերսկսել դաշտի կենտրոնից:  Ալժիրցու մոտակա հետապնդողը Ժորժինյո Վեյնալդումն է` «Նյուքասլից» (7): Ռոս Բարկլին` «Էվերթոնից»  և Անդրե Այուն` «Սուոնսիից», դարձել են 6-ական, իսկ Ֆելիպե Կոուտինյոն` «Լիվերպուլից», Դելե Ալին` «Տոտենհեմից» և Յայա Տուրեն` «Մանչեսթեր Սիթիից», 5-ական գոլի հեղինակ:

ՍՏԵՂԾԱԾ ԳՈԼԱՅԻՆ ՊԱՀԵՐ





Այս ցուցանիշով ևս լավագույնը Մեսութ Օզիլն է: Նա ստեղծել է 84 գոլային պահ` միջինը մեկ խաղում 4.4: Օզիլին մնացել է ստեղծել ևս 16 գոլային պահ, որպեսզի գերազանցի նախորդ մրցաշրջանի լավագույն արդյունքը, որը պատկանում էր Էդեն Ազարին (100):
Երկրորդ հորիզոնականում է գտնվում Կևին դե Բրույնեն` «Մանչեսթեր Սիթիից»: Բելգիացին իրեն շատ լավ է դրսևորում նոր ակումբում և արդեն իսկ կարողացել է ստեղծել 55 գոլային պահ: Դուշան Տադիչը` «Սաութհեմփթոնից» և Քրիստիան Էրիկսենը` «Տոտենհեմից», ստեղծել են 50-ական գոլային պահ: Բավականին բարձր միջին ցուցանիշ ունի նաև Դիմիտրի Պայետը` «Վեսթ Հեմից» (3.8), այն դեպքում, որ ֆրանսիացին վնասվածքների պատճառով երկար ժամանակ բացակայել է:

ՍՏԵՂԾԱԾ ՌԵԱԼ ԳՈԼԱՅԻՆ ՊԱՀԵՐ



Դժվար չէ կռահել, որ այս ցուցանիշով ևս առաջատար է Մեսութ Օզիլը: Նա ստեղծել է 21 ռեալ գոլային հնարավորություն: Բարձր է նաև Ռիհադ Մահրեզի ցուցանիշը (12): 8-ական ռեալ գոլային հնարավորություն են ստեղծել Մուսա Սիսոկոն` «Նյուքասլից» և Սադիո Մանեն` «Սաութհեմփթոնից»:

Կա մի վիճակագրական տվյալ, որը ոչ միայն հաճելիորեն կզարմացնի ձեզ, այլ նաև լավագույնս կընդգծի Մեսութ Օզիլի բաձր խաղային որակները:




Օզիլի կողմից ստեղծված գոլային պահերի քանակը գերազանցում է Պրեմիեր Լիգայի միանգամից 8 ակումբների ստեղծած գոլային պահերի հանրագումարը: Այդ ակումբներն են ` «Վեսթ Հեմը», «Բորնմուտը», «Սանդերլենդը», «Սուոնսին», «Ասթոն Վիլլան», «Նյուքասլը», «Նորվիչը» և «Ուոթֆորդը»:


ԳՆԴԱԿՆԵՐԻ ԽԼՈՒՄ




Բացի հարձակողական գործողություններից, կիսապաշտպանը պետք է նաև կարողանա լավ պաշտպանվել: Այս առումով Պրեմիեր Լիգայում առաջատար են Նգոլո Կանտեն` «Լեսթերից» և Լուկաս Լեիվան` «Լիվերպուլից»: Նրանց ակտիվում կա 58-ական գնդակի խլում: Այս երկու ֆուտբոլիստների խաղը հենակետային գոտում իրոք տպավորիչ է:


Եթե դիտարկենք այն կիսապաշտպաններին, ովքեր կատարել են ամենաքիչը 30 գնդակի խլում, ապա արդյունավետության լավագույն տոկոսային հարաբերությունը պատկանում է Էմրե Ջանին` «Լիվերպուլից»: Գերմանացի ֆուտբոլիստը 40-ից 37 դեպքերում, կարողացել է արդյունավետ կերպով գնդակ խլել մրցակցից (92.50 %): Բարձր ցուցանիշներ են գրանցել նաև Հարի Արտերը` «Բորնմուտից» (87.50  %) և Յոհան Կաբայը` «Քրիստալ Փելասից»   (85.19 %):






ՀԱՐՎԱԾՆԵՐԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՒՄ



Հարվածների արգելափակման առումով ևս լավագույնը Նգոլո Կանտեն է, ում գրանցած ցուցանիշը մի գլուխ բարձր է իր մոտակա հետապնդողի` Յոհան Կաբայի արդյունքից (81-ն ընդդեմ 66-ի): Այս ցուցանիշով երրորդ և չորրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են Իդրիսա Գուեյեն` «Ասթոն Վիլլայից» (64) և Էթյեն Կապուն` «Ուոթֆորդից» (62):

ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՄԻՋԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ


Դեն Գոսլինգը` «Բորնմուտից», միջինը մեկ խաղի ընթացքում հաղթահարում է 13.13 կմ տարածություն: Երկրորդն`  աշխատասեր Ջեյմս Միլներն է «Լիվերպուլից» (12.69 կմ): Նրան հաջորդում են Դելե Ալին` «Տոտենհեմից» (12.52 կմ), Ջեյմս Մակլինը` «Վեսթ Բրոմվիչից» (12.39 կմ) և Մարկո վան Գինկելը` «Սթոք Սիթիից» (12.26 կմ):  


                                                                             Պատրաստեց Միհրան Ալեքսանյանը
                                                  Oգտագործված աղբյուրներ՝ «Sky Sports», «Opta»

Комментариев нет:

Отправить комментарий