среда, 13 января 2016 г.

«Wyscout». Հեղափոխություն ֆուտբոլի տրանսֆերային և սկաուտական ոլորտում

Ձմեռային տրանսֆերային պատուհանը  բավականին անհանգիստ ժամանակահատված է ֆուտբոլային մարզիչների, գործակալների, սկաուտների և ակումբների գործադիր տնօրենների համար, քանզի  մրցաշրջանի միջին հատվածում թիմում էական փոփոխություններ կատարելը միշտ էլ դժվար է:

Ոչ միայն ձմռան, այլ նաև ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, թիմերի կողմից ձեռք բերվող տրանսֆերները պետք համապատասխանեն տվյալ թիմի խաղամակարդակին և ակումբի բյուջեին:

Երբևէ ձեզ մոտ հարց չի առաջացել, թե ինչպե՞ս են ընտրվում ֆուտբոլիստներն այս կամ այն ակումբի համար: Ինչպե՞ս են մարզիչներն ու սկաուտները շատ սեղմ ժամկետներում տեսնում և գնահատում իրենց պոտենցիալ նորեկների խաղային որակները:



Ավելի քան տաս տարի է, ինչ ֆուտբոլային ակումբների սկաուտական խմբերին և մարզիչներին  իր ծառայություններն է մատուցում համաշխարհային ճանաչում ունեցող «Wyscout» ընկերությունը, որը մասնագիտացված է ֆուտբոլային վիճակագրության և տեսավերլուծության ոլորտում:

«Wyscout»-ը ստեղծվել է 2004 թվականին իտալական փոքրիկ Կիավարի քաղաքում: Ընկերության հիմնադիր և ներկայիս գլխավոր գործադիր տնօրեն Մատեո Կամպոդոնիկոն «Sky Sports»-ին տված հարցազույցում պատմել է, թե ինչպես այսպիսի միտք ծնվեց նրա գլխում և ինչ դժվարություններ առաջացան սկզբնական շրջանում:




«Մի գեղեցիկ օր ինձ մոտ միտք առաջացավ, որն իմ կարծիքով կարող էր փոխել ամբողջ ֆուտբոլային աշխարհը: Հաջորդ օրը ես եկա գրասենյակ և որոշեցի իրագործել մտահղացումս: Ես գնեցի տեսախցիկ և համակարգիչ ու մենք սկսեցինք  նկարահանել տեղական թիմերի հանդիպումները: Շատ լավ հիշում եմ, երբ գնացի տեսախցիկի համար եռոտանի գնելու, գումարս չբավականացրեց տեսաերիզների և ձայներիզների համար»: 





 «Wyscout»-ն իր առաջին ինտերնետային տարբերակը թողարկել է 2008 թվականի մարտին: Անցել է գրեթե 8 տարի և արդեն իսկ 32 հազար պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբներ` շուրջ 70 երկրներից, օգտվում են այս ընկերության մատուցած ծառայություններից: Իսկ անգլիական  «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» դասվում  են ընկերության ամենաակտիվ օգտատերերի շարքին: Մատեո Կամպոդոնիկոն խոստովանում է, որ այսպիսի արագ աճն ու ճանաչումն իրեն հաճելիորեն զարմացրել է:


«Ի սկզբանե գաղափարը կայանում էր նրանում, որպեսզի օգնեինք իտալական ակումբներին, քանզի մենք կարծում էինք, որ իտալական ֆուտբոլը զգալիորեն հետ էր մնացել մյուս եվրոպական առաջատար առաջնություններից: Մենք փորձեցինք ստեղծել մի նախագիծ, որը կօգներ իտալացի մարզիչներին նոր տաղադավոր ֆուտբոլիստներ հայտնաբերելու գործում: Եվ այս տարիների կատարած աշխատանքի շնորհիվ հիմա արդեն մենք համարվում ենք նշանակությամբ երկրորդ խոշորագույն ֆուտբոլային կառույցն ամբողջ աշխարհում` զիջելով միայն ՖԻՖԱ-ին»: 

 «Wyscout»-ն ակումբներին հնարավորություն է տալիս փնտրելու նոր ֆուտբոլիստների ամբողջ աշխարհով` ընտրելով այն չափանիշները, որոնք պետք է ունենա թիմի պոտենցիալ նորեկը: Մատեո Կամպոդոնիկոյի խոսքերով  «Ֆիորենտինայի» վինգեր Ֆեդերիկո Բերնարդեսկին և  «Բոկա-Խունիորսի» հարձակվող Ջոնաթան Կալյերին կարող են համարվել ընկերության մատուցած ծառայությունների ամենաարդյունավետ պտուղները:


              «Wyscout»-ի գնահատականով Ֆեդերիկո Բերնարդեսկին արժանի է հետաքրքրության:



 «Մենք ուսումնասիրում ենք ֆուտբոլիստների ամբողջ աշխարհից, բայց ինչպես հասկանում եք ծառայությունը վճարովի է: Եթե դուք ցանկանում ենք գնել այս կամ այն ֆուտբոլիստին, մեր կողմից տրամադրվող օբյեկտիվ ինֆորմացիայի շնորհիվ դուք կարող է ավելի լավ պատկերացում կազմել խաղացողի մասին»:


Մատեո Կամպոդոնիկոյի խոսքերով «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Անտոնի Մարսիալի գերազանց խաղը զարմացրեց բոլորին, բայց ոչ իրեն և իր ղեկավարած ընկերության աշխատակիցներին: Մարսիալի «Մոնակոյում» խաղալու տարիներին արդեն «Wyscout»-ի վերլուծաբանները կանխատեսել էին ֆրանսիացու հայտվելը թոփ ակումբում:





Կամպոդոնիկոն նշում է, որ «Wyscout»-ի պահանջարկը ամբողջ աշխարհում գնալով աճում է:

«Այսօր սկաուտական աշխարհը ավելի ու ավելի է ընդլայնում իր ուսումնասիրման հորիզոնները: Մեր աշխատակիցների քանակը աճում է, քանի որ, շատ ակումբներ անընդհատ փորձում են մեր օգնությամբ տեղեկություններ ստանալ հազարավոր ֆուտբոլիստների մասին: Օրինակ` կան ակումբներ, որոնք ցանկանում են տեղեկություններ ստանալ Ուրուգվայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող ֆուտբոլիստների մասին: Մեր ընկերությունը այս պահին չի ուսումնասիրում վերոնշյալ առաջնությունը, բայց հաշվի առնելով մեծ պահանջարկն ու երկրում ֆուտբոլի բարձր մակարդակը, մենք արդեն մտածում ենք ներառելու Ուրուգվայի առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստների տվյալները մեր ընկերության բազայում:






 Բացի այդ, «Wyscout»-ը նոր ծառաություն է մատուցում: Մենք պոտենցիալ նորեկների վերաբերյալ տեղեկություն ենք տրամադրում ակումբներին: Այսինքն, ուսումնասիրում ենք ամբողջ աշխարհում հանդես եկող մինչև 18 տարեկան այն ֆուտբոլիստներին, ովքեր սկսել են հրավիրվել իրենց ակումբների առաջին թիմեր: Եվ ամեն շաբաթ թարմացնում ենք այդ ֆուտբոլիստների կատարած գործողությունների ինֆորմացիան:
 «Wyscout»-ը ևս մեկ նոր գաղափար է մշակել` երկու տարբեր ակումբներում հանդես եկող և միևնույն մակարդակն ունեցող ֆուտբոլիստների համեմատությունը: Այսինքն, մեր հաճախորդները հնարավորություն կունենան համեմատելու երկու տարբեր թիմերում հանդես եկող ֆուտբոլիստներին ավելի մատչելի և հարմար եղանակով»:


«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին ևս օգտվում է «Wyscout»-ի մատուցած ծառայություններից:


Ընթացիկ ամիսը ծանր է լինելու «Wyscout»-ի աշխատանքային թիմի համար, քանի որ եվրոպական գրեթե բոլոր ակումբները փորձում են ամրապնդել իրենց կազմը: Բայց, ընկերության գլխավոր գործադիր տնօրենը, ոչ միայն չի տրտնջում, այլ նաև շատ հպարտ է,  իր և իր թիմի կատարած աշխատանքով.





«Ես հպարտ եմ, որ մենք այս ամենը սկսել ենք զրոյից և հասել նման բարձունքի: Սկզբնական ներդրումները կազմել են ընդամենը 1000 եվրո և մենք չենք ունեցել կապեր ֆուտբոլային աշխարհում: Իսկ հիմա, «Wyscout»-ում աշխատում են վերլուծաբաններ, ովքեր նախկինում եղել են ֆուտբոլիստներ կամ մարզիչներ:
 Կատարված աշխատանքի որակը բարձր պահելը շատ կարևոր է, քանզի մենք գիտակցում ենք, որ գործ ունենք աշխարհի լավագույն ակումբների հետ և ոչ միայն: Հիմա կատարվող տրանսֆերային գործարքների առյուծի բաժինը կատարվում է մեր օգնությամբ: Շատ են լինում դեպքեր, երբ ֆուտբոլային գործակալները ինձ ասում են. «Մատեո, ես այդ գործարքը իրագործեցի»»: 



«Wyscout»-ը ոչ միայն տրամադրում է մանրամասն տեղեկություն հազարավոր ֆուտբոլիստների վերաբերյալ, նաև խթան է հանդիսանում ակումբների, գործակալների և սկաուտների շփմանը: Սկսած 2011 թվականից «Wyscout»-ը գրեթե ամեն տրանսֆերային պատուհանից առաջ կազմակերպում է գագաթաժողով, որին մասնակցություն են ունենում գործակալներ և ակումբների գործադիր տնօրեններ ամբողջ աշխարհից:


«Wyscout»-ի առաջին գագաթաժողովը տեղի է ունեցել 2011 թվականին Միլանում:
«Գագաթաժողովի գլխավոր նպատակն է «Wyscout»-ի տրամադրած ծառայությունները միավորել պայմանագրերի կնքման հետ: Ակումբների գործադիր տնօրեններին և սկաուտներին դժվար է հավաքվել մեկ վայրում, և հենց դրա համար էլ մենք մշակեցինք այս նախագիծը»,- նշում է Մատեո Կամպոդոնիկոն:




Գագաթաժողը կազմակերպվում է տարվա մեջ 2 անգամ` ամեն տրանսֆերային պատուհանից առաջ: Յուրաքանչյուր գագաթաժողով տևում է երկու օր:

Ակումբների ներկայացուցիչները տեղավորվում են այբբենական հերթականությամբ:
Եվ ցանկացած ակումբի ներկայացուցիչ ունի հնարավորություն շփվելու այն ֆուտբոլիստի գործակալի հետ, որի տրանսֆերը ցանկանում է ձեռք բերել իր թիմը:



 Ավելի ճիշտ կլինի ասել, որ հետևյալ նախագիծը ավելի շատ օգնում է փոքր ակումբներին: Նրանք հետևում են երիտասարդների ամբողջ աշխարհից: «Wyscout»-ի միջոցով ծանոթանում նրա ունակություններին և արդեն տեղում շփվում ֆուտբոլիստի գործակալի հետ:

Այս նկարում ներկայացված են «Wyscout»-ի մինչ այժմ կազմակերպված գագաթաժողովների անցկացման վայրերն ու ամսաթվերը:




Մի խոսքով «Wyscout»-ը կարողացել է ահռելի փոփոխություններ կատարել տրանսֆերային շուկայում` զգալիորեն բարձրացնելով դրա մակարդակը:



Комментариев нет:

Отправить комментарий