вторник, 29 сентября 2015 г.

Ինչպե՞ս է փողը փչացնում անգլիական ֆուտբոլը



Այս տարվա փետրվար ամսին Անգլիայի Պրեմիեր Լիգան ստորագրեց աննախադեպ եռամյա հեռուստատեսային պայմանագիր «Sky Sports» և «BT Sports» ընկերությունների հետ: Ըստ պայմանագրի` տվյալ ընկերությունները 5 մլրդ ֆունտ ստեռլինգի ֆինանսավորում կիրականացնեն անգլիական ակումբներին: Հաշվի առնելով նաև, որ ВВС-ին  կվճարի 204 մլն ֆունտ ստեռլինգ` խաղերի լավագույն պահերը ցուցադրելու համար, ևս 3 մլրդ ֆունտ էլ` սահմանից այն կողմ ցուցադրության համար, ապա ընդհանուր շահույթը կկազմի մոտավորապես 8.5 մլրդ ֆունտ ստեռլինգ:


ԱՊԼ-ի ղեկավարությունը խոստացել է այդ շահույթից մոտավորապես 1 մլրդ-ն ուղղել տարբեր տեսակի բարեգործական ակցիաների, ցածր դիվիզիոնների զարգացման և նմանատիպ միջոցառումների: 
 Հասկանալով, որ 2016-2017 մրցաշրջանից սկսած այն երեք ակումբներն, ովքեր դուրս կմնան ԱՊԼ-ից և կուղևորվեն Չեմպիոնշիպ, կստանան ավելի քան 100 մլն ֆունտ, մասնակից  ակումբներն արդեն սկսել են խելահեղ գումարներ ծախսել տրանսֆերների վրա: Այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Չեմպիոնշիպը ներկայացնող ակումբները տրանսֆերների վրա ծախսել են 137 մլն եվրո: Համեմատության համար պետք է նշել, որ գերմանական 2-րդ Բունդեսլիգայում ծախսվել է 35 մլն եվրո, իսկ իտալական Սերիա Բ-ում` 20 մլն: Այս մրցաշրջանում ԱՊԼ վերադարձած «Ուոթֆորդը» տրանսֆերների վրա ծախսել է 47 մլն եվրո: 

«Այսպիսի անհավավանական թվացող գումարներ ստանալու հեռանկարը կարելի է ասել բացեց Չեմպիոնշիպում հանդես եկող ակումբների սեփականատերերի աչքերը: Այդ պայմանագիրը 70 %-ով ավելի շահեկան է, քան նախորդը: Մեր հաշվարկներով, այս մրցաշրջանից հետո ընդամենը մի քանի ակումբներ հույս ունեն շահույթ ստանալու: Մնացած բոլոր ակումբներն առաջնապես կախված են իրենց սեփականատերերի ֆինանսավորումներից, իսկ դա կարող է վատ ավարտ ունենալ որոշ ակումբների համար»,- զգուշացնում է «BDO LLP» աուդիտորային ընկերության փորձագետ Իան Կլեյդենը:

«Այդչափ մեծ գումարներ ստանալու համար մի շարք ակումբներ սկսում են «ապրել» իրենց հնարավորությունների սահմաններից դուրս: Իսկ այստեղ պետք է միանշանակ հասկանալ, որ դրանցից միայն 3-ը  դուրս կգան նոր մակարդակի, իսկ մնացածը` կտուժեն»,- ավելացնում է «Բլեքբերնի» գլխավոր մարզիչ Գարի Բաուերը:

Ամենացավալին այն է, որ այս մեծ գումարների մեջ առաջինը տուժում են հասարակ երկրպագուները: Շատերը հայտնվում են շոկի մեջ տեսնելով, որ տոմսերի և տարեկան աբոնեմենտների գները էականորեն թանկացել են: Դժգոհությունների պատժառ ունեն   հատկապես   «Շեֆֆիլդ Ուենսդեյի» երկրապագուները, քանզի տնային խաղի ամենաթանկ տոմսը 20 ֆունտից դարձել է 52 ֆունտ` այս մրցաշրջանում: Մնացած ակումբները ևս զգալիորեն բարձրացրել են տոմսերի գները: Նախորդ մրցաշրջանում մեկ տոմսի արժեքը` միջինում կազմում էր 15 ֆունտ: Այս մրցաշրջանում այն գրեթե եռակի բարձրացել է: 
 Մի շարք ակումբներ էլ փորձում են տարբեր տեսակի ակցիաներով այսպես ասած «սփոփել» երկրպագուներին: Օրինակ` «Վուլվերհեմպտոնի» ղեկավարությունը առաջարկում է 100 ֆունտով ձեռք բերել խաղերի 5 տոմս, որոնք անցկացվում են շաբաթվա կեսին: Բայց սա էլ հարցի լուծում չէ:



Բարդ իրավիճակ է նաև տարեկան աբոնեմենտների հարցը: Դրանցից ամենաթանկը տրամադրում է «Ֆուլհեմը» (299-839 ֆունտ): Համեմատության համար ԱՊԼ-ի ամենամեծ բյուջեն ունեցող «Մանչեսթեր Սիթիի» տարեկան աբոնեմենտը կարելի է ձեռք բերել ընդամենը 299 ֆունտով: Հասկանալի է, որ դրանք ամենալավ տեղերը չեն մարզադաշտում, բայց համեմատաբար վատը չեն:
 «Արսենալը» այս մրցաշրջանից առաջ 2%-ով բարձրացրել է աբոնեմենտի գինը, իսկ «Սթոկ Սիթիի» ղեկավարությունը ընդհակառակը` 13%-ով էժանացրել է: 


Անգլիական ֆուտբոլի երկրպագուների համար զարմանալի է թվում, որ «Միլանի» տարեկան աբոնեմենտը կազմում է 160 ֆունտ, «Բավարիայինը»` 109 ֆունտ,  «Բարսելոնայինը»` 103 ֆունտ, Լիսաբոնի «Սպորտինգինը»` 55 ֆունտ: Իսկ ֆրանսիական «Լիլլի» մեկ խաղի տոմսը հնարավոր է ձեռք բերել ընդամենը 6 ֆունտով: 


«Դժվար է պատկերացնել, որ 1990 թվականին «Մանչեսթեր Յունայթեդի» խաղի մեկ տոմսն արժեր 3 ֆունտ, իսկ հիմա այն ավելացել է գրեթե 8 անգամ: Տոմսերի գների այսպիսի աճը մարտահրավեր է նետում այն մշակույթին, որը ստեղծել է այս խաղը»,-նշում է The Guardian-ի լրագրող Դեվիդ Կոննը:

Մեծ Բրիտանիայի սպորտի նախարար Թրեյսի Կրաուչը հայտնել էր իր դժգոհությունը Չեմպիոնշիպի խաղերի տոմսերի գնի բարձրացման վերաբերյալ և նույնիսկ ստեղծել էր աշխատանքային խումբ` խնդրին լուծում տալու համար: Բայց երկրպագուները պետության կողմից օգնությանը չեն հավատում: Հոկտեմբերի սկզբին  «Football Supporters Federation»-ը մտադիր է կրկնել նախորդ տարվա ակցիան, երբ ԱՊԼ-ի մի շարք ակումբներ թանկացրել էին տոմսերի գները: 

«Սա իսկական խայտառակություն է: Ակումբներն ունեն բավականին գումար, որպեսզի աչք չդնեն ֆուտբոլասերների գրպանին: Մեր նպատակն է հասնել նրան, որ գոնե զեղչեր կիրառվեն արտագնա հանդիպումներին` ըստ որի մեկ տոմսի արժեքը չի գերազանցի 20 ֆունտը: Ես սիրում եմ անգլիական ֆուտբոլը, բայց այն ինքն իրեն սպանում է»,- նշում է «Բրենտֆորդի» երկրապագու և ակտիվիստ Բիլլի Գրանտը: 

Ակցիան տեղի կունենա հոկտեմբերի 3-ին և 4-ին Չեմպինշիպի բոլոր մարզադաշտերում: 



Երբ մրցավարական սխալները վճռում են խաղի ելքը

«Մրցավարական սխալները խաղի մի մասն են կազմում»: Այս ծեծված արտահայտությունը միշտ օգտագործում են այն երկրապագուներն, ովքեր այլ կերպ չեն կարող բացատրել տվյալ վիճելի դրվագի իրական նշանակությունը: Համաձայն եմ, գրեթե բոլոր ֆուտբոլային հանդիպումների  ընթացքում լինում են տարբեր տեսակի վիճելի դրվագներ (սխալ նշանակված եզրային նետում կամ անկյունային, խաղադաշտի կենտրոնում կատարված խախտում և այլ ոչ այդքան էական դրվագներ), որտեղ մրցավարները կայացնում են սխալ որոշումներ: Բայց... դրանք էական ազդեցություն չեն ունենում խաղի ելքի վրա: Իսկ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի ընթացքում եղան երկու հանդիպումներ` որտեղ մրցավարների կողմից կայացրած սխալ որոշումները լրջորեն ազդեցին հանդիպման հետագա ընթացքի վրա:

«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Սիթի» 
Գլխավոր մրցավար- Մարկ Կլատենբուրգ
Մրցավարի 1-ին օգնական-Ջեյկ Կոլլին
Մրցավարի 2-րդ օգնական- Սայմոն Բեկ

Այս խաղում մրցավարական առաջին լուրջ սխալը տեղի ունեցավ 25-րդ րոպեին` երբ Կևին դե Բրույնեն բացեց հանդիպման հաշիվը:



Նկարում երևում է, որ դե Բրույնեն մի փոքր ավելի առաջ է գտնվում քան Դելլե Ալին:
Արդարության համար պետք է նշել, որ այս դրվագում գլխավոր մրցավարի 1-ին օգնական Ջեյկ Կոլլինի համար բավականին բարդ էր արձանագրել այս խաղից դուրս իրավիճակը, չնայած, որ նա գտնվում էր լավ դիրքում: Իհարկե մենք այս ամենը հասկացանք միայն կրկնապատկերից հետո, բայց հավատացեք սա դեռ չարյաց փոքրագույնն է:


Առաջին խաղակեսի վերջին րոպեին իր կոպիտ սխալով ուշադրության կենտրոնում հայտնվեց գլխավոր մրցավարի 2-րդ օգնական Սայմոն Բեկը ահա այս դրվագի ժամանակ:


Պարզապես անհավատալի է թե ինչպե՞ս կարելի է  չնկատել այսչափ ակնհայտ խաղից դուրս իրավիճակն` ունենալով այսպիսի տեսադաշտ: Նախ պետք է նշել, որ Սայմոն Բեկը հետևյալ դրվագում ի սկզբանե սխալ դիրք էր զբաղեցրել: Իսկ ո՞րն է դրա պատճառը: Նրա պրոֆեսիոնալիզմի վրա չարժե կասկածել, իսկ ահա նրա ֆիզիկական վիճակի վերաբերյալ կարելի է, քանի որ ժամանակակից, այն էլ անգլիական ֆուտբոլը բավականին արագ և ինտենսիվ է և դրա հետևանքով կարող են լինել դեպքեր` երբ մրցավարները չհասցնեն դրվագի հետևից: 


Հարի Քեյնի փոխանցման ժամանակ թե՛ Ռահիմ Ստեռլինգը, թե՛ Ալեքսանդր  Կոլարովը` ովքեր դիմավորում էին Քեյնին, վերջինիս կատարած փոխանցումից հետո ուղղակի կանգ առան և ձեռքները բարձրացրեցին վեր լավ հասկանալով, որ Կայլ Ուոլկերը գտնվում է պարզապես ակնհայտ խաղից դուրս իրավիճակում: Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ այս դրվագը տեղի է ունեցել առաջին խաղակեսի վերջին րոպեին: Ինչևէ, չարձանագրելով խաղից դուրս իրավիճակը, մրցավարը թույլ տվեց շարունակել հանդիպումն` ինչին էլ հաջորդեց Էրիկ Դայերի խփած գոլը, որտեղ իր ակտիվ մասնակցությունն էր ունեցել նույն Կայլ Ուոլկերը: Փաստացի այս կոպիտ սխալով Սայմոն Բեկը կարելի է ասել փոխեց հանդիպման հետագա սցենարը: Ու բոլորովին փաստ չէ, որ «Տոտենհեմը» գնար ընդմիջման պարտվողի կարգավիճակում, կկարողանար երկորդ խաղակեսում այդպիսի մեծ եռանդով ետ բերել կորցրածը` 20 րոպեի ընթացքում խփելով 2 գոլ, ընդորում «Տոտենհեմի»  3-րդ գոլը նույնպես խփվեց խաղից դուրս իրավիճակից:
  Այս անգամ արդեն լրջերոն գործին խառնվեց գլխավոր մրցավարի 1-ին օգնական Ջեյկ Կոլլինը: 65-րդ րոպեին «Տոտենհեմը» վաստակում է տուգանային հարվածի իրավունք: Գնդակին մոտենում է Քրիստիան Էրիկսենը և...
ահա թե ինչ է տեղի ունենում դանիացու հարվածի պահին

գնդակը ետ է մղվում դարպասաձողից և խաղից դուրս իրավիճակում գտնվող Հարի Քեյնը այն ուղարկում է Վիլի Կաբալյերոյի պաշտպանած դարպասը: Այս երկու նկարներում երևում է, որ Քեյնը ակնհայտ խաղից դուրս իրավիճակում է գտնվում, իսկ մրցավարի դիրքը հետևյալ պահին ամենաքիչն իդեալական կարելի է համարել: Թվում է թե սրանից լավ դիրք եզրային մրցավարի համար ուղղակի լինել չի կարող: Արդյունքում ևս մեկ կոպիտ սխալ, որը նույնպես էականորեն ազդեց խաղի ելքի վրա: 



Մեկ դրվագ էլ ցանկանում եմ ներկայացնել Անգլիայի Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրը եզրափակող «Վեստ Բրոմ» - «Էվերթոն» խաղից: 




Հանդիպման 75-րդ րոպեին «Էվերթոնի» հարձակվող Արունա Կոնեն մեն-մենակ դուրս գալով Գլեն Մայխիլի դեմ գրավում է վերջինիս պաշտպանած դարպասը, բայց արի ու տես, որ ոչ առանց կանոնների խախտման: Այստեղ ևս կար հստակ, բայց չարձանագրված խաղից դուրս իրավիճակ: Խնդրեմ, համոզվեք ինքներդ:


Ուշադրություն դարձրեք եզրային մրցավար Մարկ Փերրիի զբաղեցրած դիրքին: Պարզ երևում է, որ նա ուշացավ և բաց թողեց դրվագը` որի արդյունքում էլ անտեսվեց Կոնեի խաղից դուրս իրավիճակում գտնվելու փաստը: Այստեղ ևս փաստ չէ, որ հանդիպման ավարտից 15 րոպե առաջ «Էվերթոնը» հաշվի մեջ պարտվելով մեկ գնդակի տարբերությամբ  կկարողանար հասնել հաղթանակի, եթե չլիներ այս գոլը:


Ու այս ամենի ցավալին այն է, որ նմանատիպ սխալներից հետո մրցավարները կամ պատիժ չեն կրում, կամ առավելագույնը որակազրկվում են մեկ խաղով: Իսկ ամենացավալին այն է, որ Անգլիայի Ֆուտբոլի Ասոցիացիան կոպիտ ասած աչք է փակում այսպիսի դեպքերի վրա. փոխարենը օպերատիվերեն  պատժում է ֆուտբոլիստներին իրենց սխալ արարքների համար` նույնիսկ խաղից հետո էպիզոդները վերանայվում են և սահմանվում է պատիժը: 

Հ.Գ. Իրոք չափազանց տհաճ են այսպիսի երևույթները, քանի որ առաջին հերթին այս ամենից տուժում է ՖՈՒՏԲՈԼԸ`  բոլոր առումներով: 


















воскресенье, 27 сентября 2015 г.

Եվս մեկ շանս Բրենդան Ռոջերսին



«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի համար  գալիք մեկ շաբաթը կարող է որոշիչ լինել: Այսպիսի տեղեկություններ էին տարածվել բրիտանական մամուլում` երբ թիմը սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց հետնապահ «Նորվիչի» հետ: Ռոջերսը այսպիսի խնդրի բախվել էր նաև նախորդ մրցաշրջանում, երբ 2014 թվականի դեկտեմբերի 14-ին «Լիվերպուլը» պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Դրանից հետո Բրենդան Ռոջերսը կարծես կարողացավ թիմին վերակենդանացնել և «մերսիսայդցիները» ցուցադրեցին գրեթե 15 անպարտելի խաղերից բաղկացած արդյունք:
Նմանատիպ իրավիճակ է ստեղծվում նաև այս մրցաշրջանում: Ոչ-ոքի խաղալով «Նորվիչի» հետ, Ռոջերսը հասկացավ, որ թիմի խաղում պետք է թարմություն մտցնել` որը միտված կլինի բարելավելու ոչ միայն պաշտպանությունը, այլ նաև հարձակումը: Արդյունքում հետաքրքիր պատկեր ստացվեց: «Լիվերպուլը» ԱՊԼ-ի 7-րդ տուրի «Ասթոն Վիլլայի» հետ հանդիպումը սկսեց այսպիսի մեկնարկային կազմով:


Եթե հիշում եք նախորդ մրցաշրջանի միջնամասում  ևս Բրենդան Ռոջերսը փոփոխեց թիմի տակտիկական դասավորությունն` անցնելով 3 պաշտպաններով խաղի:
 Հիմա պատկերը մի փոքր այլ է: Ի տարբերություն նախորդ տարվա 3-4-3-ի` այն էլ առանց մաքուր կենտրոնական հարձակվողի, այս անգամ Ռոջերսը ընտրել է 3-4-1-2 տակտիկական սխեման: 

Փորձենք քննարկել թե ո՞ր խաղային դիրքում ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել այս տակտիկական դասավորության ժամանակ:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ասթոն Վիլլայի» հետ խաղում «Լիվերպուլը» կարողացավ հաղթանակի հասնել 3:2 հաշվով: Այս տակտիկական սխեմայի առավելություններից առաջինը` եզրային ֆուտբոլիստների ավելի մեծ ակտիվությունն է, հատկապես հարձակման ժամանակ: Ե՛վ Կլայնը, և՛ Մորենոն ավելի մեծ ծավալի աշխատանք են կատարում: Իսկ երեք կենտրոնական պաշտպանները` Շկրտելը, Սախոն և Ջանը, կենտրոնացած են պաշտպանական գործողությունների վրա: Էմրե Ջանի առկայությունը կենտրոնական պաշտպանների դիրքում, բազմազանություն է հաղորդում «Լիվերպուլի» խաղին, քանի որ, գերմանացին ունի լավ առաջին փոխանցում որով էլ ժամանակ առ ժամանակ գրոհի է նետում հարձակման գծի իր թիմակիցներին: 


ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Անդրադառնալով կիսապաշտպանությանը պետք է նշել Լուկաս Լեյվայի առկայությունը: Տիպիկ հենակետային կիսապաշտպան, ով միտված է առաջին հերթին կասեցնելու մրցակցի գրոհները: Այս խաղում Ֆելիպե Կոուտինյոն գործում էր փոքր ինչ խորքից, ինչը երևում էր, որ Ռոջերսի մտահաղացումն էր: Բայց պետք է նշել, որ այս դիրքում Կոուտինյոն իրեն բավականին հարմարավետ էր զգում, չնայած ենթահարձակվողի  դիրքում ավելի արդյունավետ է: Իսկ ահա Ջեյմս Միլները խաղում էր մի փոքր առջևում, բայց կարծում եմ դա ժամանակավոր բնույթ է կրում: Բացի այդ, Միլները իր արագաշարժությամբ և էներգիայով ի զորու է խաղալ կիսապաշտպանության գրեթե բոլոր գոտիներում: 

Հետաքրքիր է, երբ Հենդերսոնը ապաքինվի վնասվածքից, ապա ու՞մ փոխարեն կխաղա, իսկ նա անպայման կխաղախ քանի որ համարվում է «Լիվերպուլի» և Անգլիայի ազգային հավաքականի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը, և բացի այդ նա թիմի ավագն է: Հնարավոր տարբերակներից մեկն էլ այն է, որ Հենդերսոնը կխաղա Լուկաս Լեյվայի փոխարեն, բայց այդ դեպքում թիմի կազմում կոնկրետ հենակետային կիսապաշտպան չի լինի: 

ՀԱՐՁԱԿՄԱՆ ԳԻԾ

«Լիվերպուլի» երկրպագուները երկար ժամանակ է սպասում էին Դանիել Սթարիջի վերադարձին: Անգլիացին վերադարձավ և միանգամից ուրախացրեց երկրպագուներին իր դուբլով` «Ասթոն Վիլլայի» հետ խաղում: Նրա հետ հարձակման գծում զույգ էր կազմել երիտասարդ Դանի Ինգզը: Մեկը մյուսին լրացնելով, այս զույգը բավականին գրագետ և դիտարժան խաղ էր ցուցադրում: 



 Այսպիսով, Բրենդան Ռոջերսը կարողացավ մաքմիսալ ռացիոնալ կերպով օգտագործել իր թիմում եղած ֆուտբոլիստներին: Կարծում եմ այս մեկնարկային կազմին եթե ավելացնենք Բենտեկեին, Ֆիրմինոյին և Հենդերսոնին, ապա կստացվի իդեալական կոլեկտիվ, որը թեկուզ և անընդհատ փոփոխությունների ենթարկվելով ի զորու կլինի պայքարել միմիայն ամենաբարձր հորիզոնականների և ինչո՞ւ ոչ չեմպիոնության համար: Կարող են լինել կարծիքներ, որ թիմը դեռևս պատրաստ չէ այդպիսի մեծ փորձությունների, բայց հավատացեք այստեղ հավաքված ֆուտբոլիստներից կան բավականին փորձառու և խարիզմատիկ անհատականություններ, ովքեր կարող են իրենց հետևից առաջ տանել թիմին: 


Հ.Գ. Ցավալի կլինի, եթե Ռոջերսին այս անգամ արդեն շանս չտան, քանի որ համենայն դեպս այս խաղից երևում էր, որ թիմի խաղում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել` դրական առումով:



















пятница, 25 сентября 2015 г.

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի անոնս



Սեպտեմբերի 26 -ին կմեկնարկի Անգլիայի Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրը: Առաջին խաղային օրը տեղի կունենան 8 հանդիպումներ, մեկական հանդիպումներ էլ կլինեն կիրակի և երկուշաբթի օրերին: Ձեզ ենք ներկայացնում տվյալ խաղերի վերաբերյալ կազմված անոնսն ու մեր կանխատեսումները: 



Մինչ անոնսին անցնելը կցանկանայի, որ ուշադրություն դարձնեիք այս նկարին: Այս շաբաթվա ընթացքում Անգլիայում անցկացվեցին գավաթային հանդիպումներ, որոնց բնականաբար մասնակցում էին նաև Պրեմիեր Լիգան ներկայացնող թիմերը: Նկարում ցուցադրված է, թե մասնակից թիմերը ի՞նչ քանակի փոփոխություններ են կատարել մեկնարկային կազմում` համեմատած իրենց վերջին խաղերի: Ինչպես տեսնում եք Պրեմիեր Լիգան ներկայացնող թիմերից ամենաշատը մեկնարկային կազմում փոփոխություն է կատարել «Արսենալը» ` 10, իսկ ամենաքիչը «Վեստ Հեմը»` 3: 

«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Սիթի»    26.09.15    15:45  


«Տոտենհեմը» նախորդ տուրում դժվարին հաղթանակ տարավ «Կրիստալ Փելասի» նկատմամբ: Բավականին լավ տպավորություն է թողնում թիմի նորեկ Սոն Հին Մինը: Կարծես թե Քրիստիան Էրիկսենն էլ սկսում է վերադառնալ իր նախկին լավ մարզավիճակին: Նաբիլ Բենտալեբը չի մասնակցի խաղին, իսկ Մեյսոնի մասնակցությունը հարցականի տակ է: 
 «Մանչեսթեր Սիթին» վերջին անհաջողություններից հետո կարողացավ գավաթային խաղում հաղթել «Սանդերլենդին»: Հիանալի ներգրավվել է թիմի խաղի մեջ Կևին դե Բրույնեն: Այս խաղում թիմի հայտացուցակից դուրս են մնացել Դելֆն ու Կլիշին, իսկ Կոմպանիի մասնակցությունը հարցականի տակ է:

«Լեսթեր» - «Արսենալ»    26.09.15    18:00 
«Լեսթերը» նախորդ տուրում ևս մեկ քամբեք հեղինակեց: Ռանիերիի թիմը գերազանց մարզավիճակում է: Միակ բացասական հանգամանքն այն է, որ թիմը անցկացրած բոլոր 6 խաղերում գոնե 1 գնդակ բաց է թողել սեփական դարպասը: Այս խաղում իր թիմին չի կարողանա օգնել Նաթան Դայերը:
 «Արսենալը» նախորդ տուրում պարտվեց «Չելսիին»: Ընդհանուր առմամբ թիմը այնքան էլ լավ խաղ  չի ցուցադրում: Կարգապահության առումով Վենգերը դժգոհելու առիթ ունի, քանի որ «Արսենալի» ֆուտբոլիստները  վերջին 2 խաղերում 3 կարմիր քարտ են ստացել:
Մերտեզակերի և Կոկլենի մասնակցությունը այս խաղին դեռևս հարցականի տակ է:  


«Լիվերպուլ» - «Ասթոն Վիլլա»    26.09.15    18:00 

«Լիվերպուլը» նախորդ տուրում անսպասելի կերպով ձեռքից բաց թողեց հաղթանակը` «Նորվիչի» դեմ խաղում: Իսկ հիմա կան խոսակցություններ, որ Բրենդան Ռոջերսի համար առաջիկա մեկ շաբաթը որոշիչ է լինելու: Ուրախանալու առիթ ունեն երկրպագուները, քանի որ Դանիել Սթարիջը լիովին ապաքինվել է վնասվածքից և փորձում է վերականգնել իր երբեմնի մարզավիճակը: Քրիստիան Բենտեկեն և Ջորդան Հենդերսոնը չեն մասնակցի այս խաղին` վնասվածքի պատճառով:
 «Ասթոն Վիլլան» մրցաշրջանը անհաջող սկսեց, բայց հիմա կարծես թե ամեն ինչ կարգավորվում է: Թիմը հաղթեց գավաթային խաղում և կշարունակի պայքարը հաջորդ փուլում: Այս խաղում հարցականի տակ են Ադամա Տրաորեի և Իդրիս Գեյեի մասնակցությունը:
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սանդերլենդ»    26.09.15    18:00 

«Մանչեսթեր Յունայթեդը»  դանդաղ, բայց վստահ քայլերով առաջ է շարժվում: Թիմում իրեն հիանալի է դրսևորում երիտասարդ Անտոնի Մարսյալը, ով նույնիսկ գոլի հեղինակ դարձավ գավաթային խաղում: Բացի Լյուկ Շոուից, վնասվածք ունի նաև Մարկոս Ռոխոն, իսկ սա արդեն լուրջ խնդիր է Լուի վան Գաալի համար:
 «Սանդերլենդը» պարզապես անհասկանալի արդյունքներ է գրանցում: Շատ անհաջող կերպով մեկնարկելուց հետո, շատ են խոսակցությունները, որ Դիկ Ադվոկատին շուտով կհեռացնեն զբաղեցրած պաշտոնից: Այս խոսակցություններն ավելի սրվեցին, երբ թիմը գավաթային խաղում խոշոր հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին», այն էլ սեփական հարկի տակ:

«Սաութհեմպտոն» - «Սուոնսի»    26.09.15    18:00    

«Սաութհեմպտոնը» նախորդ տուրում սեփական հարկի տակ պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Բայց պետք է նշել, որ բավականին լավ հանդիպում անցկացրեցին Ռոնալդ Կումանի ֆուտբոլիստները: Գերազանց մարզավիճակում է գտնվում Գրացիանո Պելլեն: Դեռևս վնասվածքից չեն ապաքինվել Ռայան Բերտրանը և Յորդի Կլասին:
 «Սուոնսին» շատ լավ է մեկնարկել այս մրցաշրջանում: Գերազանց մարզավիճակում են գտնվում Բաֆետիմբի Գոմիսը, Անդրե Այուն և Էշլի Ուիլյամսը: 

«Սթոկ» - «Բորնմուտ»    26.09.15    18:00 

«Սթոկը» նախորդ տուրում շատ մոտ էր այս մրցաշրջանում իր առաջին հաղթանակին, բայց «Լեսթերի» քամբեքը փչացրեց նրանց տրամադրությունը: Անհասկանալի է «Սթոկի» ցուցադրած  անբավարար արդյունքների իրական պատճառը: Թիմը բավականին լավ և մարտունակ կազմ ունի, բայց ինչ որ բան այն չէ: Գավաթային խաղում տարած հաղթանակը հնարավոր է վստահություն հաղորդի Մարկ Հյուզի ֆուտբոլիստներին:
Դեռևս հարցականի տակ է Մամե Բիրամ Դիուֆի մասնակցությունը այս խաղին:
 Նախորդ տուրում «Բորնմուտը» իր պատմության մեջ առաջին տնային հաղթանակը տոնեց ԱՊԼ-ում: Ֆիթնես-թեստը դրական հանձնելուց հետո հնարավոր է այս խաղին կարողանա մասնակցել թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը` Տոմի Էլֆիկը:

«Վեստ Հեմ» - «Նորվիչ»    26.09.15    18:00 

«Վեստ Հեմը» նախորդ տուրում անակնկալ կերպով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»: Սլավեն Բիլիչի թիմը ֆենոմենալ արդյունքներ է գրանցում այս մրցաշրջանում: Միակ բացասական հանգամանքն այն է, որ թիմի խաղը շատ անկայուն է: Այս խաղին հարցականի տակ է Շեյխու Կույատեի և Կարլ Ջենկինսոնի մասնակցությունը:
 «Նորվիչը» նախորդ տուրում կարողացավ ոչ-ոքի խաղալ «Լիվերպուլի» հետ: Ալեքս Նիլի թիմը չնայած իր համեստ հնարավորություններին, կարողանում է դրական արդյունքներ գրանցել: 

«Նյուքասլ» - «Չելսի»    26.09.15    20:30 

Վերջին 5 խաղերում «Չելսին» չի կարողանում հաղթահարել «Նյուքասլի» արգելքը: Այս անգամ իրավիճակը մի փոքր այլ է: Չնայած մրցաշրջանի սկզբում եղած անհաջողություններին, թիմը հիմա լավ մարզավիճակում է գտնվում և անկասկած կփորձի անել հնարավոր ամեն ինչ այս խաղում հաջողության հասնելու համար: 
 «Նյուքասլը» ևս այն թիմերից է, որն անհաջող է մեկնարկել այս մրցաշրջանում: Սթիվ Մակլարենի թիմն ունի անհրաժեշտ ամեն ինչ լավ հանդես գալու համար, բայց արդյունքները չեն տպավորում: «Նյուքասլը» նախորդ տուրում սեփական հարկի տակ պարտվեց «Ուոթֆորդին»` 1:2 հաշվով: Միգուցե Մակլարենին ժամանակ է հարկավոր նոր թիմ կառուցելու համար:

«Ուոթֆորդ» - «Կրիստալ Փելաս»    27.09.15    19:00

«Ուոթֆորդը»   ինչպես արդեն նշեցի հաղթել է «Նյուքասլին»: Կիկե Սանչես Ֆլորեսի թիմը վստահ քայլերով առաջ է շարժվում: Ունենալով բավականին լավ և մարտունակ կազմ` «Ուոթֆորդը» կարող է լուրջ խնդիրներ ստեղծել նույնիսկ գրանդ ակումբների համար:
 «Կրիստալ Փելասը» նախորդ տուրում պարտվեց «Տոտենհեմին», բայց խաղային առումով լավ հանդես եկավ: Ալան Պարդյուն այս խաղում չի կարողանա օգտվել Ջոել Ուորդի և  Մարուան Շամախի ծառայություններից, իսկ Սքոտ Դանի մասնակցությունը հարցականի տակ է:

«Վեստ Բրոմվիչ» - «Էվերթոն»    28.09.15    23:00 
«Վեստ Բրոմվիչը» նույնպես անհաջող մեկնարկելով այս մրցաշրջանում վերջապես կարողացավ հավաքվել և  նախորդ տուրում մրցակցի հարկի տակ հաղթեց «Ասթոն Վիլլային»: Թիմի խաղի մեջ շատ լավ է ընդգրկվել վենեսուելացի հարձակվող Սալոմոն Ռոնդոնը:
 «Էվերթոնը» նախորդ տուրում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Սուոնսիի» հետ, բայց լավ հանդիպում անցկացրեց: Միակ բացասական դրվագը այդ խաղում եղավ Միրալյասի կարմիր քարտը: Բելգիացին 92 -րդ րոպեին դուրս եկավ խաղադաշտ և 2 րոպե անց վաստակեց անմիտ հեռացում:  













среда, 23 сентября 2015 г.

Ռոբերտ Լևանդովսկիի ցնցող ռեկորդները



Բունդեսլիգայի 6-րդ տուրում «Բավարիան» 5:1 հաշվով հաղթեց «Վոլֆսբուրգին»: Հատկանշական է այն, որ «մյունխենցիների» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին այդ խաղում դարձավ պենտա-տրիկի(1 խաղի ընթացքում 5 գոլ)  հեղինակ: Որքան էլ որ անհավանական է. Լևանդովսկին այդ գոլերը խփեց 9 րոպեների ընթացքում, ընդորում նա խաղադաշտ էր մտել միայն երկրորդ խաղակեսում: Այնպես որ, կարելի է ասել` Լևանդովսկին դարձավ դասական պենտա-տրիկի հեղինակ (դասական-1 խաղակեսում գրանցած արդյունքը):





Ձեմ եմ ներկայացնում այն ռեկորդները, որոնք սահմանեց «Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի գոլահար Ռոբերտ Լևանդովսկին:


* Ամենաարագ հետ-տրիկը Բունդեսլիգայի պատմության մեջ- 3ր 21 վրկ

* Ամենաարագ պոկերը Բունդեսլիգայի պատմության մեջ- 5ր 40 վրկ

* Ամենաարագ պենտա-տրիկը Բունդեսլիգայի պատմության մեջ- 8ր 57 վրկ

* Լևանդովսկին դարձավ Բունդեսլիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով խաղի ընթացքում դուրս է եկել փոխարինման և խփել է 5 գոլ.

* Վերջին անգամ Բունդեսլիգայում պենտա-տրիկ էր ձևակերպվել 24 տարի առաջ` 1991 թվականի օգոստոսի 27-ին: Այդ ժամանակ «Դոյսբուրգի» ֆուտբոլիստ Միխայիլ Տոննիսը 5 գնդակ էր ուղարկել «Կարլսրուեի» դարպասը:

* Լևանդովսկին դարձավ Բունդեսլիգայի պատմության մեջ 14-րդ ֆուտբոլիստը, ով մեկ խաղի ընթացքում խփել է 5 կամ ավելի գոլ: Լեգենդար Գերդ Մյուլլերը 4 անգամ է գրանցել այսպիսի ցուցանիշ:

* Լևանդովսկին խփած 8 գոլերով գլխավորում է Բունդեսլիգայի 2015-2016 մրցաշրջանի ռմբարկուների ցուցակը` 6 տուրերից հետո: Բունդեսլիգայի պատմության մեջ միայն 4 ֆուտբոլիստների է հաջողվել 6 տուրերից հետո խփել ավելի շատ: Բոլորն էլ դարձել են 9-ական գոլի հեղինակ, իսկ վերջին ֆուտբոլիստը. ում հաջողվել է նման ցուցանիշ գրանցել եղել է Յուպ Հայնկեսը` Մյունխենգլադբախի «Բորուսիայի» կազմում 1973-1974 մրցաշրջանում:

Ահա այսպիսին էր Պեպ Գվարդիոլայի դեմքը Լևանդովսկիի խփած 5-րդ գոլից հետո:












Անգլիայի 10 ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

Ձեզ եմ ներկայացնում Անգլիայի Պրեմիեր Լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակը:

10. Ջոն Թերի, «Չելսի», 160 հզր ֆունտ շաբաթական


9. Կևին դե Բրույնե, «Մանչեսթեր Սիթի», 170 հզր ֆունտ շաբաթական

8. Ֆրանսեսկ Ֆաբրեգաս, «Չելսի», 170 հզր ֆունտ շաբաթական

7. Ռահիմ Ստեռլինգ, «Մանչեսթեր Սիթի», 180 հզր ֆունտ շաբաթական

6. Մեսութ Օզիլ,  «Արսենալ», 190  հզր ֆունտ շաբաթական

5. Դավիդ Սիլվա, «Մանչեսթեր Սիթի», 200 հզր ֆունտ շաբաթական

4. Էդեն Ազար, «Չելսի»,  220 հզր ֆունտ  շաբաթական

3. Յայա Տուրե, «Մանչեսթեր Սիթի», 240 հզր ֆունտ շաբաթական

2. Սերխիո Ագուերո, «Մանչեսթեր Սիթի», 240 հզր ֆունտ շաբաթական

1. Ուեյն Ռունի, «Մանչեսթեր Յունայթեդ»,  260 հզր ֆունտ շաբաթական




















вторник, 22 сентября 2015 г.

ԱՊԼ-ի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը



Ձեզ եմ ներկայացնում ԱՊԼ-ի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը:

Ջոն Ռադի

«Նորվիչի» դարպասապահը «Լիվերպուլի» դեմ խաղում կատարել է 6 սեյվ:


Սիմոն Ֆրենսիս

«Բորնմուտի» աջ պաշտպանը «Սանդերլենդի» դեմ հաղթական խաղում գրանցել է հետևյալ արդյունքները` դրիբլինգի 2 փորձ, 6 գնդակի խլում և 76 % փոխանցումների ճշգրտություն:

Ջոնի Էվանս

«Վեստ Բրոմի» կենտրոնական պաշտպանը «Ասթոն Վիլլայի» դեմ խաղում հիանալի գործեց` հատկապես մենապայքարներում: Էվանսի վիճակագրությունը` 1 գնդակի խլում, 1 դրիբլինգի փորձ: 6 անգամ էլ հաղթել է միկրոմենամարտերում:

Էշլի Ուիլյամս

«Սուոնսիի» ավագը այս տուրում գրանցել է հետևյալ արդյունքները` 4 գնդակի խլում և 1 հաղթանակ միկրոմենամարտում: Փոխանցումների ճշգրտությունը կազմել է 88 %:
Ճանաչվել է «Սուոնսի» - «Էվերթոն» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Ջորդան Ամավի

«Ասթոն Վիլլայի» ֆրանսիացի եզրային պաշտպանը ճանաչվել է «Վեստ Բրոմի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Նրա վիճակագրությունը` 3 հաջողված դրիբլինգ, 4 հաղթանակ միկրոմենամարտերում, 7 գնդակի խլում:

Ռիհադ Մահրեզ

Մահրեզի մասին ավելի շատ բան կասի նրա անհատական վիճակագրությունը` 3 հաջողված դրիբլինգ, 2 գնդակի խլում, 1 գոլ և 1 գոլային փոխանցում: Փաստացի հենց Մահրեզի փայլուն խաղի շնորհիվ էլ «Լեսթերը» կարողացավ խուսափել պարտությունից` «Սթոկի» դեմ խաղում:

Սեսկ Ֆաբրեգաս

Իսպանացին կարծես թե վերագտնում է իր երբեմնի մարզավիճակը: Լոնդոնյան դերբիում Ֆաբրեգասը  3 անգամ գնդակ է խլել մրցակցից, հաղթել 1 միկրոմենամարտում, 1 անգամ դրիբլինգի շնորհիվ շրջանցել է մրցակցին և կատարել է 1 գոլային փոխանցում: 87 փոխանցում` 86 % ճշգրտությամբ:

Յոհան Կաբայ

Կաբայը «Տոտենհեմի» դեմ  լավ հանդիպում  անցկացրեց: Խաղի ընթացքում  նա 7 անգամ գնդակ է  խլել մրցակցից, 1 անգամ էլ նրա հարվածից հետո գնդակը ետ է մղվել դարպասաձողից:

Էդեն Ազար

Լոնդոնյան դերբիում Ազարը խփեց իր առաջին գոլը ԱՊԼ-ի այս մրցաշրջանում: Վիճակագրությունը` 8 հաջող դրիբլինգ, 2 վաստակած անկյունային, 70 փոխանցում` 91 % ճշգրտությամբ: Ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Անտոնի Մարսիալ

«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկը պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց «Սաութհեմպտոնի» դեմ: 2 հարված` 2 գոլ, 1 գնդակի խլում և 7 հաղթանակ օդային մենամարտերում: Ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Գրացիանո Պելլե

Նույն խաղում դուբլի հեղինակ դարձավ նաև «Սաութհեմպտոնի» հարձակվող Գրացիանո Պելլեն: 6 հարված` 2-ը դարպասին, 1-ը դարպասաձողին: 2 հաջողված դրիբլինգ, 3 գնդակի խլում, 1 վաստակած անկյունային, 5 անգամ հաղթել է օդային մենամարտերում: 












суббота, 19 сентября 2015 г.

«Մանչեսթեր Սիթի» - «Վեստ Հեմ» խաղի վերլուծությունը

«Մանչեսթեր Սիթի» - «Վեստ Հեմ» 1:2 գոլերը` Մոզես (6), Դե Բրույնե (31), Սախո (45+2)



«Վեստ Հեմի» համար սա 3-րդ անընդմեջ արտագնա  հաղթանակն է այս մրցաշրջանում: Սրանից առաջ լոնդոնյան ակումբը հաղթել էր «Արսենալին» և «Լիվերպուլին»: Ֆենոմենալ արդյունք, որին կարելի է միայն նախանձել: Սլավեն Բիլիչի թիմը իրեն հիանալի դրսևորեց «Սիթիի» դեմ խաղում և արժանիորեն վաստակեց 3 միավոր: Իսկ ահա «Մանչեսթեր Սիթին» երևում է դեռ ուշքի չէր եկել ՉԼ-ում «Յուվենտուսից» կրած պարտությունից: Հիմա փորձենք ավելի մանրամասն վերլուծել այս խաղը:



Մեկնարկային կազմերը

«Սիթին» լուրջ կադրային կորուստներ ուներ: Բացակայում էին Կոմպանին, Նասրին և Սիլվան: Այս խաղում իրենց դեբյուտը մեկնարկային կազմում նշեցին Օտամենդին և Դե Բրույնեն: Վերջինս Սիլվայի բացակայությամբ խաղում էր  10 համարի դիրքում, իսկ Ստեռլինգն ու Նավասը` եզրերում:



«Վեստ Հեմի» կազմում բացակայում էր Շեյխու Կույատեն:




Խաղը ակտիվ սկսեցին Սլավեն Բիլիչի սաները: Հենց այդ ակտիվությունը արդեն 6-րդ րոպեին տվեց իր արդյունքը: Բազմաքայլ դիրքային գրոհը հեռահար հարվածով գոլի վերածեց Վիկտոր Մոզեսը:



 Գոլից հետո «Վեստ Հեմը» շարունակեց նույն տեմպով, բայց ավելի շատ շեշտը դնելով հակագրոհների վրա: Միևնույն ժամանակ Պելլեգրինի սաները ժամանակի մեծ մասը տիրում էին գնդակին: Բավականին ակտիվ էր «քաղաքայինների» հարձակման ձախ եզրը: «Մանչեսթեր Սիթիի» խաղի թերություններից մեկն էլ պրեսսինգի բացակայությունն էր: Հենց այդ պատճառով էլ «Վեստ Հեմի» ֆուտբոլիստները կարողանում էին ազատ պաշտպանությունից դուրս գալ հարձակման: Հանդիպման 31-րդ րոպեին «Վեստ Հեմը» անկյունային հարվածի իրավունք ստացավ: Պայետի փոխանցումից հետո  Ռիդը հարվածեց մրցակցի դարպասի հեռավոր անկյան ուղղությամբ, որտեղ հերթապահում էր իր թիմակից Պեդրո Օբիանգը, ով կառչելով գնդակից փորձեց հարվածել, բայց.... այդ խառնաշփոթ իրավիճակում ամենալավը կողմնորոշվեց Սախոն, ով էլ գնդակն ուղարկեց Ջո Հարտի պաշտպանած դարպասը: Այս բաց թողած գոլի մեջ իր մեղքի բաժինն ունի «Սիթիի» եզրային պաշտպան Ալեքսանդր Կոլարովը: Վերջինս աչքաթող էր արել Ուինսթոն Ռիդին: Փաստացի հենց Ռիդի hարվածից էլ ծնվեց այս գոլը: 




«Մանչեսթեր Սիթին» բաց թողած 2-րդ գոլից հետո փորձեց ավելի մեծացնել ճնշումը` մրցակցի դարպասին: Մի քանի դրվագներում իրեն հիանալի դրսևորեց «Վեստ Հեմի» դարպասապահ Ադրիանը: Այնուամենայնիվ լոնդոնցիները կարողացան մեկ հակագրոհ կազմակերպել, որի արդյունքում Ջո Հարտի դեմ մեն-մենակ դուրս եկավ Դիաֆրա Սախոն, սակայն չկարողացավ արդյունավետ հարված կատարել: Այդ դրվագից հետո այս խաղում իր խոսքն ասեց «Մանչեսթեր Սիթիի» նորեկ Կևին Դե Բրույնեն: Դաշտի կենտրոնական հատվածում գնդակ ստանալով,  Ագուերոն իր վրա սևեռեց «Վեստ Հեմի» 3 ֆուտբոլիստների և նկատելով ազատ տարածություն ստացած Դե Բրույնեին` փոխանցեց բելգիացուն, ով էլ շեշտակի հարվածով գրավեց Ադրիանի պաշտպանած դարպասը: 






1: 2 և թիմերը գնացին ընդմիջման:

Երկրորդ խաղակեսում «Մանչեսթեր Սիթիի» կազմում փոփոխություն տեղի ունեցավ: Էլիակիմ Մանգալայի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Մարտին Դեմիչելիսը: Թիմի տակտիկական դասավորությունը չփոխվեց, քանի որ պաշտպանին փոխարինեց պաշտպան:
Երկրորդ խաղակեսում և ընդհանրապես ամբողջ խաղի ընթացքում դաշտում լավագույնն էր «Վեստ Հեմի» դարպասապահ Ադրիանը: Այն, ինչ անում էր «մուրճագործների» դարպասապահը այս հանդիպման ընթացքում, արժանի է գովեստի: 


Բայց միևնույն ժամանակ պետք է նաև արժանին մատուցել լոնդոնյան թիմի պաշտպաններին: Պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց Ուինսթոն Ռիդը: Մեծ ծավալի աշխատանք կատարեցին նաև Պայետն ու Սախոն: Եվ առհասարակ «Վեստ Հեմը» ամբողջ թիմով հիանալի խաղ ցուցադրեց: 



  Գեղեցիկ կոմբինացիաներ. մեկ հպումով կամ կրունկով փոխանցումներ, պատ խաղարկումներ սրանք իհարկե գեղեցիկ են նայվում, բայց զրոյանում են, երբ չես կարողանում դրական արդյունքի հասնել: Հենց այդպես էլ եղավ «Մանչեսթեր Սիթիի» դեպքում: Այս ամբողջ հանդիպման ընթացքում «Սիթիի» ֆուտբոլիստների կազմակերպած գրեթե ցանկացած գրոհ ավարտվում էր կա՛մ Ադրիանի գեղեցիկ ու անհավանական սեյվով, կա՛մ «Վեստ Հեմի» պաշտպանների անձնուրաց սահանկումներով, որոնց օգնությամբ փակում էին մրցակցի հարվածների ճանապարհը: 
«Մանչեսթեր Սիթին» չկարողացավ խուսափել պարտությունից: Չնայած դրան, թիմի երկրպագուները ուրախանալու լուրջ առիթ ունեն: Խոսքս թիմի նորեկներ Նիկլաս Օտամենդիի և Կևին Դե Բրույնեյի մասին է: Արգենտինացի կենտրոնական պաշտպանը հանդիպման ընթացքում 1 խաղակես անցկացրեց Մանգալայի և 1 խաղակես Դեմիչելիսի հետ: Երկու դեպքում էլ լավագույնը Օտամենդին էր: Նա լավ համապատասխանում է «Սիթիի» խաղաոճին: Կարողանում է կատարել առաջին փոխանցում, ինչը շատ կարևոր է կենտրոնական պաշտպանի համար: 



Եվ քանի որ, «քաղաքայինների» մրցակիցները հաճախակի ամբողջ կազմով փորձում են պաշտպանվել, այստեղ Օտամենդիի որակները բավականին օգտակար կլինեն: Նա լավ է խաղում նաև գլխով: Այս հանդիպման ընթացքում, մենք դրանում համոզվեցինք: 
Կևին Դե Բրույնեի մասին կարելի է անվերջ խոսել: Անսահման տաղանդով օժտված ֆուտբոլիստ, որը չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն իսկ թոփ մակարդակի խաղ է ցուցադրում: 



Այս հանդիպման ընթացքում բելգիացին բավականաչափ ակտիվ էր: Անընդհատ տեղաշարժվում էր, փորձում ազատ գոտիներ գտնել իր և խաղընկերների համար: Whoscored կայքը հենց Դե Բրույնեին է ճանաչել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Նրա վիճակագրությունը «Վեստ Հեմի» դեմ խաղում իրոք տպավորիչ է: 4 հարված` 1-ը  դարպասին, 1 գնդակի խլում, 70 փախանցում` 81 %  ճշգրտությամբ, 1 խփած գոլ, 3 վաստակած անկյունային, 3 անգամ դրիբլինգի միջոցով շրջանցել է մրցակիցներին և կատարել է 4 առանցքային փոխանցում: 
Այս խաղի ընթացքում Դե Բրույնեն մե՛կ հայտնվում էր հարձակման ձախ եզրում, մե՛կ աջ: Երբեմն նահանջում էր և փորձում խորքից կազմակերպել իր թիմի գրոհները: 
Ամփոփելով այս խաղը, պետք է նշել, որ «Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը կարողացել է ստեղծել մարտունակ կոլեկտիվ, որի խաղային մոդելը բավականին պարզ է, բայց արդյունավետ: Թիմային խաղ, որտեղ թիմի ցանկացած ֆուտբոլիստ անընդհատ գտնվում է շարժման մեջ: Սլավեն Բիլիչի հետ «Վեստ Հեմը» սկսել է ավելի շատ զբաղվել դիրքային գրոհների կազմակերպմամբ: Դա չի նշանակում,  որ թիմը հրաժարվել է իր նախկին բրիտանական խաղաոճից` որի ժամանակ կարևոր բաղկացուցիչ մաս էին կազմում բարձրից կատարված փոխանցումները` դեպի տուգանային հրապարակ: Բիլիչը փորձում է հենց այս երկու խաղային մոդելները միավորել` թիմի խաղում բազմազանություն ստանալու համար: Ինչպես երևում է նրա մոտ կարծես ամեն ինչ ստացվում է: 

















Եղե՛ք ավելի ուշադիր, ամոթ է

Հատուկ այն ֆուտբոլասերների համար, ովքեր դիտելով «Չելսի»-«Արսենալ» խաղը` առանց հասկանալու թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել, սկսեցին վիրավորական արտահայտություններ հնչեցնել «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստայի հասցեին: Այս նկարում պարզ երևում է, որ «Արսենալի» պաշտպան Գաբրիել Պաուլիստան միտումնավոր հարվածում է Դիեգո Կոստային: Այս դրվագը տեղ չէր գտել հեռուստատեսային կադրում:



Հ.Գ Սովորե՛ք ինֆորմացիային տիրապետել 100 %-ով, այլապես կհայտնվեք այսպիսի անհարմար իրավիճակում: 

пятница, 18 сентября 2015 г.

Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի գլխավոր ինտրիգները

Վաղը կմեկնարկի Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրը։ Շաբաթը օրը կկայանա 7 խաղ, ևս երեքը՝ կիրակի։ Ձեզ եմ ներկայացնում առավել կարևոր հանդիպումների մասին իմ վերլուծությունը։





Լոնդոնյան դերբի` «Չելսի» - «Արսենալ» 19.09.2015 15:45 «Ստեմֆորդ Բրիջ»

«Չելսիի»  վերջին խաղի վերաբերյալ իմ կողմից գրված վերլուծությունը կարդալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով:
Այս նյութում ես փորձել եմ մանրամասն վերլուծել «Չելսիի» հաղթական  խաղը ՉԼ-ի խմբային փուլի առաջին տուրում:

Իսկ ահա «Արսենալը» պարզապես ձախողեց խաղը Զագրեբի «Դինամոյի» հետ, պարտվելով` 2:1 հաշվով: Այդ խաղում ֆուտբոլիստների պաշտպանական գործողությունները լուրջ հարցեր են առաջացնում: Հատկապես եզրային խաղացողները: Մատյե Դեբյուշիի և Ալեքս Օքսլեյդ Չեմբեռլենի անփույթ խաղից ծնվեց «Դինամոյի» առաջին գոլը: Երկրորդ գոլի ժամանակ անկյունային խաղարկման ընթացքում ձախողվեց Կիրան Գիբբսը, չհետևելով իր հակառակորդին մոտակա դարպասաձողի մոտ, իսկ եթե սրան ավելացնենք այն, որ դա նույնիսկ Գիբբսի դիրքն էլ չէր, ապա «Արսենալի» պաշտպանական գծում եղած պրոբլեմներն ավելի տեսանելի են դառնում: Ամբողջ թիմում միայն երեք ֆուտբոլիստներ կան, ովքեր քիչ թե շատ կայուն խաղ են ցուցադրում վերջին շրջանում: Նրանք են ` Սանչեսը, Օզիլը, Կասորլան:  Օլիվյե Ժիրուի մասին խոսելն անգամ ավելորդ է, բայց ֆրանսիացին միայն իր մեղքով չէ, որ հայտնվել է այսպիսի վիճակում:  Լինելով թիմի միակ մաքուր կենտրոնական հարձակվողը, Ժիրուի համար բարդ է անընդհատ բարձր մակարդակի հանդիպումներ անցկացնել: Երևում է, որ մրցակցության պակասը բացասաբար է անդրադարձել նրա և՛ մարզավիճակի, և՛ կարգապահության վրա (Ժիրուն վերոհիշյալ խաղում խաղադաշտից հեռացվեց, իսկ երկրորդ դեղին քարտը ավելի շատ մրցավարի հետ վիճելու համար էր):

Հաշվի առնելով այս պահի դրությամբ երկու թիմերի ֆիզիկական և հոգեբանական մարզավիճակը, կարծում եմ հաջողության հասնելու ավելի մեծ շանսեր ունեն «Չելսիի» ֆուտբոլիստները:

«Տոտենհեմ» - «Կրիստալ Պելաս» 20.09.15 16:30 «Ուայթ Հարթ Լեյն»

«Տոտենհեմը» Եվրոպա Լիգայի խմբյին փուլի 1-ին տուրում կամային հաղթանակ տարավ ադրբեջանական «Ղարաբաղի» նկատմամբ 3:1 հաշվով: Հանդիպման 1-ին խաղակեսում գոլ բաց թողնելով 11 մ-ից, Մաուրիսիո Պոչետինոյի սաները կարողացան մինչև խաղակեսի ավարտը  2 գոլ խփել: Երեք  րոպեների կտրվածքով դուբլի հեղինակ դարձավ թիմի նորեկ` կորեացի Սոն Հին Մինը: Իսկ երկրորդ խաղակեսի վերջնամասում իր թիմի առավելությունը ավելի մեծացրեց արգենտինացի Էրիկ Լամելան:
Այս խաղում Պոչետինոն բավականին մեծ թվով երիտասարդների  խաղալու հնարավորություն տվեց: Հատկապես Դելլե Ալլին իրեն շատ լավ դրսևորեց: Ամբողջ խաղի ընթացքում այս երիտասարդը իր ակտիվ խաղով միացնում էր թիմի կիսապաշտպանության գիծը` հարձակմանը.  փաստացի կատարելով փլեյմեյքերի պարտականությունները: Այդքան էլ լավ հանդես չեկավ եզրային պաշտպան Կիրան Տրիպյեն: Փոխարենը լավ խաղաց կենտրոնական պաշտպան Կևին Վիմմերը:
Թիմի խաղում կար արագություն, ֆուտբոլիստները անընդհատ փորձում էին գրոհել` նույնիսկ այն դեպքում, երբ արդեն առաջ էին հաշվի մեջ:

«Կրիստալ Պելասը»  ԱՊԼ-ի նախորդ տուրում պարտվեց այս մրցաշրջանի առաջատար «Մանչեսթեր Սիթիին» նվազագույն հաշվով: Բայց խաղային տեսանկյունից Ալան Պարդյուի սաները մեղմ ասած չէին զիջում մրցակցին: «Կրիստալ Պելասի» խաղի գլխավոր դիրիժորը Յոհան Կաբայն է: Ֆրանսիացու խաղից շատ բան է կախված  պաշտպանական և հարձակողական գործողություններում:

«Մանչեսթեր Սիթի» - «Վեստ Հեմ» 19.09.15 20:30 «Էթիհադ»

«Քաղաքայինները» ձախողեցին  ՉԼ-ի  «Յուվենտուսի» հետ հանդիպումը` պարտվելով 2:1 հաշվով: «Սիթիի» ֆուտբոլիստները նույնիսկ հաշվի մեջ առաջ լինելով չկարողացան հասնել դրական արդյունքի: Ամբողջ  առաջին խաղակեսում «Մանչեսթեր Սիթին» կարծես զգուշանում էր մրցակցից:  Գնդակի անվերջ խաղարկում, որն այդպես էլ արդյունք չտվեց: Բայց արդարության համար պետք նշել, որ այդ խաղում մեկնարկային կազմում չէր Ագուրերոն, իսկ նրա փոխարեն խաղացող Բոնիի խաղը ուղղակի վատ էր:
Խաղային առումով  դրական ոչինչ չկար այս խաղում, իսկ ահա Դե Բրույնեի և Օտամենդիի խաղաժամանակ ստանալը ուրախացնող է: Այս երկու ֆուտբոլիստների համար ընդհանուր առմամբ թիմը ծախսել է 100 մլն ֆունտից ավելի գումար և թողնել նրանց պահեստայինների նստարանին` այդքան էլ խելամիտ որոշում չէ: Հատկապես, որ նրանք բավականին լավ մարզավիճակում են:

«Վեստ Հեմը» ԱՊԼ-ի նախորդ տուրում առանց մեծ դժվարությունների կարողացավ հաղթահարել «Նյուքասլի» արգելքը: Այդ խաղում վնասվածք ստացավ թիմի պաշտպան Օգբոննան և դեռևս պարզ չէ արդյո՞ք նա կմասնակցի այդ հանդիպմանը թե՞ ոչ: Իսկ խաղի ելքը վճռեց ֆրանսիացի Դիմիտրի Պայետը, ով դարձավ դուբլի հեղինակ:




 «Սաութհեմպտոն» -«Մանչեսթեր Յունայթեդ» 20.09.15   19:00 «Սեյնթ Մերիս»

Եվս մեկ անգլիական ակումբի պարտություն ՉԼ-ում: «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում պարտվեց հոլանդական «ՊՍՎ»-ին 2:1 հաշվով: Այս խաղում Լուի վան Գաալի սաները չկարողացան պահել հաղթական հաշիվը: Առաջ անցնելով հաշվի մեջ, թիմի խաղը կարծես կանգ առավ: Անկասկած այս պարտության պատճառներից մեկն էլ Լյուկ Շոուի փոփոխությունն էր: Բանն այն է, որ երիտասարդ եզրային պաշտպանը անչափ ցավալի վնասվածք ստացավ և ստիպված լքեց խաղադաշտը, իսկ նրա փոխարինումից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանական գծում տեղափոխումներ եղան: Խաղադաշտ մտած Մարկոս Ռոխոն տեղ զբաղեցրեց կենտրոնում, իսկ Դեյլի Բլինդը` ձախ եզրում: Այս ամենը բացասական անդրադարձավ թիմի խաղի վրա: Բլինդն ու Ռոխոն չկարողացան լավ համագործակցել:
Հարձակման գծում ևս խաղը չտպավորեց: Ռունիի բացակայությամբ մեկնարկային րոպեներից խաղում էր թիմի նորեկ Անտոնի Մարսիալը, բայց ֆրանսիացի երիտասարդից միանգամից սպասել ֆենոմենալ գործողություններ այդքան էլ ճիշտ չի լինի:

«Սաութհեմպտոնը» նախորդ տուրում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Վեստ Բրոմվիչի» հետ: «Սրբերն» անհաջող են մեկնարկել մրցաշրջանը և ցուցադրում են անկայուն խաղ։ «Էվերթոնին» 0։3 հաշվով պարտվելուց 1 տուր հետո թիմը նույն հաշվով հաղթեց «Նորվիչ Սիթիին»։ Ռոնալդ Կումանը կարծես թե կարողանում է վերստեղծել իր առաջվա թիմը, որը նախորդ մրցաշրջանում լուրջ գլխացավանքներ էր ստեղծում գրանդ ակումբների համար։ Զարմանալի չի լինի, եթե «Յունայթեդը» միավորներ կորցնի «Սեյնթ Մերիսում»։  
 Հաճելի հանգստյան օրեր և հաղթանակներ բոլորիս։ 








четверг, 17 сентября 2015 г.

«Չելսին» վերակենդանանու՞մ է



Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 1-ին տուրում անգլիական 4 ակումբներից միայն «Չելսին» կարողացավ հաղթանակ տանել, իսկ «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեցին: Այս նյութում կփորձենք վերլուծել «Չելսիի» խաղը Իսրայելի չեմպիոն «Մակաբիի» հետ:



Խաղը կայանում էր «Ստեմֆորդ Բրիջ» մարզադաշտում: Ժոզե Մոուրինյոն հասկանալով, որ իր թիմը այս մրցաշրջանի մեկնարկում այնքան էլ լավ խաղ չի ցուցադրում, փորձել էր զգալիորեն թարմացված մեկնարկային կազմ դուրս բերել խաղադաշտ:


Մեկնարկային կազմը

Բնականաբար  Ժոզեի այս քայլը պայմանավորված է նաև մրցակցի զգալիորեն թույլ լինելուց: Ինչպե՞ս փոխվեց «Չելսիի» խաղը հետևյալ ֆուտբոլիստների միջոցով: Առաջին 
դրական փոփոխությունը պաշտպանական գծում էր: Թիմի նորեկ գանացի Բաբա Ռահմանը տեղ էր զբաղեցրել ձախ եզրում, իսկ Ասպիլիկուետան վերադարձել էր իրեն հարազատ աջ եզրը: Կենտրոնական պաշտպանների զույգն էլ` Կեհիլ-Զումա: Մոուրինյոն այս քայլով փորձեց ավելի ամրապնդել իր թիմի խաղը`  հատկապես եզրերում: Ե՛վ Ասպիլիկուետան, և՛ Բաբա Ռահմանը բավականին արագաշարժ ֆուտբոլիստներ  են և խաղի ընթացքում հասցնում են լավ միանալ գրոհներին` ակտիվ պահելով խաղը եզրերում, միևնույն ժամանակ չմոռանալով պաշտպանության մասին: Ի տարբերություն Իվանովիչի, Ասպիլիկուետայի մոտ ավելի լավ ստացվեց խաղը աջ պաշտպանի դիրքում: 



Բաբա Ռահմանը ուղղակի ֆանտաստիկ դեբյուտ ունեցավ իր նոր թիմում և միանգամից ՉԼ-ում: Զարմանալիորեն շատ էր նրա ակտիվությունը այս խաղում: Գրեթե ամբողջ խաղի ընթացքում գանացին անընդհատ նետվում էր առաջ` իր օգնությունն առաջարկելով հարձակման գծում գտնվող իր խաղընկերներին, իսկ երբ հերթը հասնում էր պաշտպանվելուն, այստեղ նույնպես երիտասարդը փայլում էր իր խաղով: 
Արդեն իսկ սովորական է դարձել Կուրտ Զումայի բարձր մակարդակով անցկացրած խաղերը: Ֆրանսիացի երիտասարդը այս խաղի ընթացքում ճիշտ է 1 կամ 2 դրվագում սխալվեց, բայց գրեթե միշտ գտնվում էր իր բարձրության վրա: Մի քանի դեպքերում նրա անձնուրաց սահանկումները խանգարեցին մրցակցի ֆուտբոլիստներին մեն-մենակ դուրս գալու Ասմիր Բեգովիչի դեմ: Ի դեպ, Ասմիր Բեգովիչի մասին. դեբյուտ ՉԼ-ում, հաղթանակ չոր հաշվով,  այն էլ «Չելսիի» պես ամբիցիոզ թիմի կազմում, դա պարզապես երազանքների իրականացում է: 


Կիսապաշտպանությունում խաղում էին Լոֆտուս-Չիկն ու Ֆաբրեգասը, իսկ նրանց առջևում Օսկարը, ով նոր էր ապաքինվել վնասվածքից: Եզրերում Վիլլիան և Ազար, հարձակման գծում Ռեմի: Մաքուր 4-2-3-1, որտեղ կենտրոնական կիսապաշտպանների զույգը բավականին մեծ ծավալի աշխատանք կատարեց: Եվս մեկ երիտասարդ տաղանդ` Ռուբեն Լոֆտուս-Չիկը, աստիճանաբար սկսում է վստահություն ձեռք բերել Ժոզե Մոուրինյոյի մոտ: 

Սխեման` 4-2-3-1 

Երբ առաջին խաղակեսի միջնամասում վնասվածք  ստացած Վիլլիանին փոխարինեց Դիեգո Կոստան, շատերին թվաց, որ Ժոզե Մոուրինյոն  կփորձի խաղալ երկու մաքուր հարձակվողով: Բայց... Գրեթե ամբողջ խաղի ընթացքում ` անկախ փոփոխություններից, 
Ժոզեն հավատարիմ մնաց իր սկզբունքներին և թիմի տակտիկական դասավորությունը մնաց նույնը ` 4-2-3-1: Լոիկ Ռեմին տեղափոխվեց հարձակման աջ եզր, իսկ Դիեգո Կոստան տեղ զբաղեցրեց կենտրոնական հարձակվողի դիրքում:
 Հիմա ավելի մանրամասն. պաշտպանական գծում ամեն ինչ պարզ է: Մեկնարկային կազմը լիովին համապատասխանում էր այս սխեմային, բայց երբ Ռամիրեսը դուրս եկավ խաղադաշտ Օսկարի փոխարեն, թվաց թե այս անգամ արդեն  կփոխվի ֆուտբոլիստների դասավորությունը: Սակայն Ժոզեն այս քայլով դիմեց փորձարկման, ըստ որի, Ռամիրեսը և Ֆաբրեգասը կազմեցին կենտրոնական կիսապաշտպանների զույգը, իսկ  փլեյմեյքերի դիրք տեղափոխվեց Ռուբեն Լոֆտուս-Չիկը:



 Զարմանալի փորձարկում, որն անկեղծ ասած իրեն արդարացրեց: Լոֆտուսը-Չիկը իր արագության և տեխնիկայի հաշվին կարողացավ իրեն լավագույնս դրսևորել այդ դիրքում:



Հանդիպման վերջին 10 րոպեներին խաղադաշտում անցկացրեց Բերտրան Տրաորեն: Աննկարագրելի տաղանդով օժտված ֆուտբոլիստ, ով փոխարինեց Ռուբեն Լոֆտուս-Չիկին: Այս ամառվա ընթացքում բրիտանական մամուլում լուրեր տարածվեցին, որ Ժոզե Մոուրինյոն անձամբ է վարձավճարից ետ վերադարձրել Տրաորեին և մեծ հույսեր է կապում նրա հետ:  Իսկ խաղացողի գործակալը հետևյալ կերպ է նկարագրել պորտուգալացի մասնագետի վերաբերմունքը Տրաորեյին.

«Ժոզեն ուղղակի հիացած է Բերտրանի  խաղով»:


Վիճակագրություն



Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Սեսկ Ֆաբրեգասը: Այս նկարում ցույց է տրված նրա ակտիվությունը  «Մակաբիի» հետ խաղում:


Ֆաբրեգասի տպավորիչ վիճակագրությունը
Ամենաշատ ստեղծած գոլային պահեր 3
Ամենաշատ գնդակի խլում 4
Ամենաշատ փոխանցումներ 125
Ամենաշատ լայնակի փոխանցումներ տուգանային հրապարակ 3
Ամենաշատ երկար փոխանցումներ  8 
Ամենաշատ ճշգրիտ փոխանցումներ դեպի հարձակման գիծը 40 , որն ամենալավ արդյունքն է ՉԼ-ի այս խմբային փուլի 1-ին տուրում: 

«Չելսին» վերակենդանանու՞մ է  

ԱՊԼ-ի առաջին հինգ տուրերում «Չելսիի» ցուցադրած ակնհայտ վատ խաղը, շատ հարցեր թողել էր անպատասխան: Բայց այդ  բոլոր հարցերի պատասխանններն երկրպագուները ստացան դիտելով «Չելսի» - «Մակաբի» հանդիպումը: Կարծես լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն սկսում է ֆուտբոլասերներին վերադարձնել այն թիմը, որը նախորդ մրցաշրջանում դարձավ Անգլիայի չեմպիոն և գավաթակիր: Հասկանալի է, որ «Մակաբիի» կարգի թիմի հետ հանդիպումը լավ առիթ չէ պարզելու արդյո՞ք թիմը դուրս է եկել ճգնաժամից, թե՞ ոչ, բայց այն, որ և՛ Ժոզեն, և՛ ֆուտբոլիստներն  անում են հնարավոր և անհնար ամեն ինչ`  դա  ակնհայտ է: