понедельник, 14 сентября 2015 г.

Կլաուդիո Ռանիերի: «Լեսթերի» առաջնորդը

Կլաուդիո Ռանիերի... Մարդ, ով երկար տարիներ ստվերում մնալով, վերադարձավ Անգլիայի Պրեմիեր Լիգա և այս 5 տուրերից յուրաքանչյուրում կարողացավ զարմացնել բոլորին իր ղեկավարած թիմի` «Լեսթերի» և՛ խաղով, և՛ արդյունքներով: Բայց «Ասթոն Վիլլայի» հետ խաղում տեղի ունեցածը ուղղակի ֆանտաստիկ էր... Քամբեք հանդիպման ավարտից 18 րոպե առաջ` այն էլ պարտվելով հաշվի մեջ երկու գնդակի տարբերությամբ: Կլաուդիո Ռանիերիի մարզչական բարձր որակների վրա քչերն են կասկածում, բայց երբ հայտնի դարձավ, որ իտալացին վերադառնում է Անգլիա, շատերը` հատկապես այն ֆուտբոլասերներն,   ովքեր այդքան էլ ծանոթ չէին նրա աշխատանքին, սկսեցին թերհավատորեն մոտենալ «Լեսթերի» ղեկավարության այսպիսի որոշմանը:
Ու երբ այդ կարծիքներն ավելի շատ սկսվեցին շրջանառվել մամուլում` այդժամ զայրացած Ռիո Ֆերդինանդը մեր ժողովրդական լեզվով ասած «դրանց պորտը տեղը դրեց» ասելով հետևյալ խոսքերը, որոնք հատկապես ուղղված էին «Չելսիի» որոշ երկրպագուներին, քանի որ Ռանիերին ժամանակին մարզել է լոնդոնյան ակումբը.

- Հատուկ Չելսիի այն երկրապագուների համար, ովքեր չգիտեն թե ո՞վ է «Լեսթերի» նոր գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին: Նա այն մարդն  է , ով մարզում էր ձեր սիրած թիմը, երբ դուք նույնիսկ չէիք էլ երկրպագում «Չելսիին»:
Երբ «Ասթոն Վիլլայի» հետ խաղում Ռանիերիի թիմը երկրորդ գնդակը բաց թողեց, իտալացի մասնագետը անմիջապես փոփոխությունների շնորհիվ միջամտեց խաղին: Ինլերին և Օլբրայտոնին փոխարինեցին Նգոլո Կանտեն և Լեոնարդո Ուլոան: Հենց այս քայլն էլ բեկումնային եղավ «Լեսթերի» համար  հաշվի առնելով,  որ մինչ այդ էլ խաղադաշտ էր դուրս եկել Նատան Դայերը: Բայց  «Լեսթերը» միանգամից չնետվեց առաջ խաղը փրկելու, այնպիսի տպավորություն էր կարծես Ռանիերին հրահանգել էր իր խաղացողներին սպասել, բայց ինչի՞ն... Բնականաբար ցանկացած թիմ անկախ մակարդակից, հանդիպման 71-րդ րոպեի դրությամբ 2:0 հաղթելով, անկախ իր կամքից սկսում է թուլանալ: Ֆուտբոլիստները, երբեմն նույնիսկ մարզիչները, մտածում են, որ արդեն հաղթել են, բայց չէ որ խաղը տևում է 90 րոպե: Հենց սրանով էլ Ռանիերին «պատժեց» Շերվուդին:


  Թիմ Շերվուդը ամբողջ խաղի ընթացքում չփորձեց գոնե ինչ-որ կերպ ուժեղացնել պաշտպանությունը կամ դաշտի կենտրոնական հատվածը: Միայն մի փոփոխություն եղավ աջ պաշտպանի գոտում, այն էլ հանդիպման 86-րդ րոպեին` երբ հաշիվն արդեն հավասարվել էր:
Կլաուդիո Ռանիերին դաշտում բացարձակ ազատություն տալով ալժիրցի Ռիհադ Մահրեզին, փաստացի հիմք դրեց այդ ֆանտաստիկ քամբեքին: Մահրեզը պարզապես հիանալի  հանդիպում անցկացրեց` դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ: Այն ինչ նա անում էր խաղադաշտում` «Ասթոն Վիլլայի» պաշտապաների հետ աննկարագրելի է:
Արդյունքում, երբ «Ասթոն Վիլլան» լիովին ձախողված վիճակում էր, նույն Մահրեզը կազմակերպեց իր թիմի հաղթական գոլը` որի հեղինակը դարձավ Նատան Դայերը: Ամեն դեպքում պետք է նշել, որ բաց թողած վերջին գոլում իր մեղքի բաժինն ունի «վիլլացինների» դարպասապահ Բրեդ Գուզանը:



Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ և՛ «Լեսթերը», և՛ Ռանիերին այսպիսի խաղերից հետո չեն սկսում ուրախությունից սավառնել երկնքում: Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ իտալացի մասնագետը  բնականաբար գովեստի խոսքեր հղեց իր թիմի ֆուտբոլիստներին և ավելացրեց. «Մենք այսօր վաստակեցինք 3 միավոր և հասցրեցինք մեր ընդհանուր թիվը 11-ի: Ոչինչ չի փոխվել, մեզ մնացել է հավաքել ևս 29 միավոր, որպեսզի տեսականորեն ապահովենք մեր մասնակցությունը ԱՊԼ-ի հաջորդ մրցաշրջանում»:

Չնայած Ռանիերիի այս խոսքերին, նրա թիմը անցկացրած 5 խաղերից հետո ընթանում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում:





















Комментариев нет:

Отправить комментарий