суббота, 19 сентября 2015 г.

«Մանչեսթեր Սիթի» - «Վեստ Հեմ» խաղի վերլուծությունը

«Մանչեսթեր Սիթի» - «Վեստ Հեմ» 1:2 գոլերը` Մոզես (6), Դե Բրույնե (31), Սախո (45+2)



«Վեստ Հեմի» համար սա 3-րդ անընդմեջ արտագնա  հաղթանակն է այս մրցաշրջանում: Սրանից առաջ լոնդոնյան ակումբը հաղթել էր «Արսենալին» և «Լիվերպուլին»: Ֆենոմենալ արդյունք, որին կարելի է միայն նախանձել: Սլավեն Բիլիչի թիմը իրեն հիանալի դրսևորեց «Սիթիի» դեմ խաղում և արժանիորեն վաստակեց 3 միավոր: Իսկ ահա «Մանչեսթեր Սիթին» երևում է դեռ ուշքի չէր եկել ՉԼ-ում «Յուվենտուսից» կրած պարտությունից: Հիմա փորձենք ավելի մանրամասն վերլուծել այս խաղը:



Մեկնարկային կազմերը

«Սիթին» լուրջ կադրային կորուստներ ուներ: Բացակայում էին Կոմպանին, Նասրին և Սիլվան: Այս խաղում իրենց դեբյուտը մեկնարկային կազմում նշեցին Օտամենդին և Դե Բրույնեն: Վերջինս Սիլվայի բացակայությամբ խաղում էր  10 համարի դիրքում, իսկ Ստեռլինգն ու Նավասը` եզրերում:



«Վեստ Հեմի» կազմում բացակայում էր Շեյխու Կույատեն:




Խաղը ակտիվ սկսեցին Սլավեն Բիլիչի սաները: Հենց այդ ակտիվությունը արդեն 6-րդ րոպեին տվեց իր արդյունքը: Բազմաքայլ դիրքային գրոհը հեռահար հարվածով գոլի վերածեց Վիկտոր Մոզեսը:



 Գոլից հետո «Վեստ Հեմը» շարունակեց նույն տեմպով, բայց ավելի շատ շեշտը դնելով հակագրոհների վրա: Միևնույն ժամանակ Պելլեգրինի սաները ժամանակի մեծ մասը տիրում էին գնդակին: Բավականին ակտիվ էր «քաղաքայինների» հարձակման ձախ եզրը: «Մանչեսթեր Սիթիի» խաղի թերություններից մեկն էլ պրեսսինգի բացակայությունն էր: Հենց այդ պատճառով էլ «Վեստ Հեմի» ֆուտբոլիստները կարողանում էին ազատ պաշտպանությունից դուրս գալ հարձակման: Հանդիպման 31-րդ րոպեին «Վեստ Հեմը» անկյունային հարվածի իրավունք ստացավ: Պայետի փոխանցումից հետո  Ռիդը հարվածեց մրցակցի դարպասի հեռավոր անկյան ուղղությամբ, որտեղ հերթապահում էր իր թիմակից Պեդրո Օբիանգը, ով կառչելով գնդակից փորձեց հարվածել, բայց.... այդ խառնաշփոթ իրավիճակում ամենալավը կողմնորոշվեց Սախոն, ով էլ գնդակն ուղարկեց Ջո Հարտի պաշտպանած դարպասը: Այս բաց թողած գոլի մեջ իր մեղքի բաժինն ունի «Սիթիի» եզրային պաշտպան Ալեքսանդր Կոլարովը: Վերջինս աչքաթող էր արել Ուինսթոն Ռիդին: Փաստացի հենց Ռիդի hարվածից էլ ծնվեց այս գոլը: 




«Մանչեսթեր Սիթին» բաց թողած 2-րդ գոլից հետո փորձեց ավելի մեծացնել ճնշումը` մրցակցի դարպասին: Մի քանի դրվագներում իրեն հիանալի դրսևորեց «Վեստ Հեմի» դարպասապահ Ադրիանը: Այնուամենայնիվ լոնդոնցիները կարողացան մեկ հակագրոհ կազմակերպել, որի արդյունքում Ջո Հարտի դեմ մեն-մենակ դուրս եկավ Դիաֆրա Սախոն, սակայն չկարողացավ արդյունավետ հարված կատարել: Այդ դրվագից հետո այս խաղում իր խոսքն ասեց «Մանչեսթեր Սիթիի» նորեկ Կևին Դե Բրույնեն: Դաշտի կենտրոնական հատվածում գնդակ ստանալով,  Ագուերոն իր վրա սևեռեց «Վեստ Հեմի» 3 ֆուտբոլիստների և նկատելով ազատ տարածություն ստացած Դե Բրույնեին` փոխանցեց բելգիացուն, ով էլ շեշտակի հարվածով գրավեց Ադրիանի պաշտպանած դարպասը: 






1: 2 և թիմերը գնացին ընդմիջման:

Երկրորդ խաղակեսում «Մանչեսթեր Սիթիի» կազմում փոփոխություն տեղի ունեցավ: Էլիակիմ Մանգալայի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Մարտին Դեմիչելիսը: Թիմի տակտիկական դասավորությունը չփոխվեց, քանի որ պաշտպանին փոխարինեց պաշտպան:
Երկրորդ խաղակեսում և ընդհանրապես ամբողջ խաղի ընթացքում դաշտում լավագույնն էր «Վեստ Հեմի» դարպասապահ Ադրիանը: Այն, ինչ անում էր «մուրճագործների» դարպասապահը այս հանդիպման ընթացքում, արժանի է գովեստի: 


Բայց միևնույն ժամանակ պետք է նաև արժանին մատուցել լոնդոնյան թիմի պաշտպաններին: Պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց Ուինսթոն Ռիդը: Մեծ ծավալի աշխատանք կատարեցին նաև Պայետն ու Սախոն: Եվ առհասարակ «Վեստ Հեմը» ամբողջ թիմով հիանալի խաղ ցուցադրեց: 



  Գեղեցիկ կոմբինացիաներ. մեկ հպումով կամ կրունկով փոխանցումներ, պատ խաղարկումներ սրանք իհարկե գեղեցիկ են նայվում, բայց զրոյանում են, երբ չես կարողանում դրական արդյունքի հասնել: Հենց այդպես էլ եղավ «Մանչեսթեր Սիթիի» դեպքում: Այս ամբողջ հանդիպման ընթացքում «Սիթիի» ֆուտբոլիստների կազմակերպած գրեթե ցանկացած գրոհ ավարտվում էր կա՛մ Ադրիանի գեղեցիկ ու անհավանական սեյվով, կա՛մ «Վեստ Հեմի» պաշտպանների անձնուրաց սահանկումներով, որոնց օգնությամբ փակում էին մրցակցի հարվածների ճանապարհը: 
«Մանչեսթեր Սիթին» չկարողացավ խուսափել պարտությունից: Չնայած դրան, թիմի երկրպագուները ուրախանալու լուրջ առիթ ունեն: Խոսքս թիմի նորեկներ Նիկլաս Օտամենդիի և Կևին Դե Բրույնեյի մասին է: Արգենտինացի կենտրոնական պաշտպանը հանդիպման ընթացքում 1 խաղակես անցկացրեց Մանգալայի և 1 խաղակես Դեմիչելիսի հետ: Երկու դեպքում էլ լավագույնը Օտամենդին էր: Նա լավ համապատասխանում է «Սիթիի» խաղաոճին: Կարողանում է կատարել առաջին փոխանցում, ինչը շատ կարևոր է կենտրոնական պաշտպանի համար: 



Եվ քանի որ, «քաղաքայինների» մրցակիցները հաճախակի ամբողջ կազմով փորձում են պաշտպանվել, այստեղ Օտամենդիի որակները բավականին օգտակար կլինեն: Նա լավ է խաղում նաև գլխով: Այս հանդիպման ընթացքում, մենք դրանում համոզվեցինք: 
Կևին Դե Բրույնեի մասին կարելի է անվերջ խոսել: Անսահման տաղանդով օժտված ֆուտբոլիստ, որը չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն իսկ թոփ մակարդակի խաղ է ցուցադրում: 



Այս հանդիպման ընթացքում բելգիացին բավականաչափ ակտիվ էր: Անընդհատ տեղաշարժվում էր, փորձում ազատ գոտիներ գտնել իր և խաղընկերների համար: Whoscored կայքը հենց Դե Բրույնեին է ճանաչել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Նրա վիճակագրությունը «Վեստ Հեմի» դեմ խաղում իրոք տպավորիչ է: 4 հարված` 1-ը  դարպասին, 1 գնդակի խլում, 70 փախանցում` 81 %  ճշգրտությամբ, 1 խփած գոլ, 3 վաստակած անկյունային, 3 անգամ դրիբլինգի միջոցով շրջանցել է մրցակիցներին և կատարել է 4 առանցքային փոխանցում: 
Այս խաղի ընթացքում Դե Բրույնեն մե՛կ հայտնվում էր հարձակման ձախ եզրում, մե՛կ աջ: Երբեմն նահանջում էր և փորձում խորքից կազմակերպել իր թիմի գրոհները: 
Ամփոփելով այս խաղը, պետք է նշել, որ «Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը կարողացել է ստեղծել մարտունակ կոլեկտիվ, որի խաղային մոդելը բավականին պարզ է, բայց արդյունավետ: Թիմային խաղ, որտեղ թիմի ցանկացած ֆուտբոլիստ անընդհատ գտնվում է շարժման մեջ: Սլավեն Բիլիչի հետ «Վեստ Հեմը» սկսել է ավելի շատ զբաղվել դիրքային գրոհների կազմակերպմամբ: Դա չի նշանակում,  որ թիմը հրաժարվել է իր նախկին բրիտանական խաղաոճից` որի ժամանակ կարևոր բաղկացուցիչ մաս էին կազմում բարձրից կատարված փոխանցումները` դեպի տուգանային հրապարակ: Բիլիչը փորձում է հենց այս երկու խաղային մոդելները միավորել` թիմի խաղում բազմազանություն ստանալու համար: Ինչպես երևում է նրա մոտ կարծես ամեն ինչ ստացվում է: 

















Комментариев нет:

Отправить комментарий