вторник, 29 сентября 2015 г.

Ինչպե՞ս է փողը փչացնում անգլիական ֆուտբոլը



Այս տարվա փետրվար ամսին Անգլիայի Պրեմիեր Լիգան ստորագրեց աննախադեպ եռամյա հեռուստատեսային պայմանագիր «Sky Sports» և «BT Sports» ընկերությունների հետ: Ըստ պայմանագրի` տվյալ ընկերությունները 5 մլրդ ֆունտ ստեռլինգի ֆինանսավորում կիրականացնեն անգլիական ակումբներին: Հաշվի առնելով նաև, որ ВВС-ին  կվճարի 204 մլն ֆունտ ստեռլինգ` խաղերի լավագույն պահերը ցուցադրելու համար, ևս 3 մլրդ ֆունտ էլ` սահմանից այն կողմ ցուցադրության համար, ապա ընդհանուր շահույթը կկազմի մոտավորապես 8.5 մլրդ ֆունտ ստեռլինգ:


ԱՊԼ-ի ղեկավարությունը խոստացել է այդ շահույթից մոտավորապես 1 մլրդ-ն ուղղել տարբեր տեսակի բարեգործական ակցիաների, ցածր դիվիզիոնների զարգացման և նմանատիպ միջոցառումների: 
 Հասկանալով, որ 2016-2017 մրցաշրջանից սկսած այն երեք ակումբներն, ովքեր դուրս կմնան ԱՊԼ-ից և կուղևորվեն Չեմպիոնշիպ, կստանան ավելի քան 100 մլն ֆունտ, մասնակից  ակումբներն արդեն սկսել են խելահեղ գումարներ ծախսել տրանսֆերների վրա: Այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Չեմպիոնշիպը ներկայացնող ակումբները տրանսֆերների վրա ծախսել են 137 մլն եվրո: Համեմատության համար պետք է նշել, որ գերմանական 2-րդ Բունդեսլիգայում ծախսվել է 35 մլն եվրո, իսկ իտալական Սերիա Բ-ում` 20 մլն: Այս մրցաշրջանում ԱՊԼ վերադարձած «Ուոթֆորդը» տրանսֆերների վրա ծախսել է 47 մլն եվրո: 

«Այսպիսի անհավավանական թվացող գումարներ ստանալու հեռանկարը կարելի է ասել բացեց Չեմպիոնշիպում հանդես եկող ակումբների սեփականատերերի աչքերը: Այդ պայմանագիրը 70 %-ով ավելի շահեկան է, քան նախորդը: Մեր հաշվարկներով, այս մրցաշրջանից հետո ընդամենը մի քանի ակումբներ հույս ունեն շահույթ ստանալու: Մնացած բոլոր ակումբներն առաջնապես կախված են իրենց սեփականատերերի ֆինանսավորումներից, իսկ դա կարող է վատ ավարտ ունենալ որոշ ակումբների համար»,- զգուշացնում է «BDO LLP» աուդիտորային ընկերության փորձագետ Իան Կլեյդենը:

«Այդչափ մեծ գումարներ ստանալու համար մի շարք ակումբներ սկսում են «ապրել» իրենց հնարավորությունների սահմաններից դուրս: Իսկ այստեղ պետք է միանշանակ հասկանալ, որ դրանցից միայն 3-ը  դուրս կգան նոր մակարդակի, իսկ մնացածը` կտուժեն»,- ավելացնում է «Բլեքբերնի» գլխավոր մարզիչ Գարի Բաուերը:

Ամենացավալին այն է, որ այս մեծ գումարների մեջ առաջինը տուժում են հասարակ երկրպագուները: Շատերը հայտնվում են շոկի մեջ տեսնելով, որ տոմսերի և տարեկան աբոնեմենտների գները էականորեն թանկացել են: Դժգոհությունների պատժառ ունեն   հատկապես   «Շեֆֆիլդ Ուենսդեյի» երկրապագուները, քանզի տնային խաղի ամենաթանկ տոմսը 20 ֆունտից դարձել է 52 ֆունտ` այս մրցաշրջանում: Մնացած ակումբները ևս զգալիորեն բարձրացրել են տոմսերի գները: Նախորդ մրցաշրջանում մեկ տոմսի արժեքը` միջինում կազմում էր 15 ֆունտ: Այս մրցաշրջանում այն գրեթե եռակի բարձրացել է: 
 Մի շարք ակումբներ էլ փորձում են տարբեր տեսակի ակցիաներով այսպես ասած «սփոփել» երկրպագուներին: Օրինակ` «Վուլվերհեմպտոնի» ղեկավարությունը առաջարկում է 100 ֆունտով ձեռք բերել խաղերի 5 տոմս, որոնք անցկացվում են շաբաթվա կեսին: Բայց սա էլ հարցի լուծում չէ:



Բարդ իրավիճակ է նաև տարեկան աբոնեմենտների հարցը: Դրանցից ամենաթանկը տրամադրում է «Ֆուլհեմը» (299-839 ֆունտ): Համեմատության համար ԱՊԼ-ի ամենամեծ բյուջեն ունեցող «Մանչեսթեր Սիթիի» տարեկան աբոնեմենտը կարելի է ձեռք բերել ընդամենը 299 ֆունտով: Հասկանալի է, որ դրանք ամենալավ տեղերը չեն մարզադաշտում, բայց համեմատաբար վատը չեն:
 «Արսենալը» այս մրցաշրջանից առաջ 2%-ով բարձրացրել է աբոնեմենտի գինը, իսկ «Սթոկ Սիթիի» ղեկավարությունը ընդհակառակը` 13%-ով էժանացրել է: 


Անգլիական ֆուտբոլի երկրպագուների համար զարմանալի է թվում, որ «Միլանի» տարեկան աբոնեմենտը կազմում է 160 ֆունտ, «Բավարիայինը»` 109 ֆունտ,  «Բարսելոնայինը»` 103 ֆունտ, Լիսաբոնի «Սպորտինգինը»` 55 ֆունտ: Իսկ ֆրանսիական «Լիլլի» մեկ խաղի տոմսը հնարավոր է ձեռք բերել ընդամենը 6 ֆունտով: 


«Դժվար է պատկերացնել, որ 1990 թվականին «Մանչեսթեր Յունայթեդի» խաղի մեկ տոմսն արժեր 3 ֆունտ, իսկ հիմա այն ավելացել է գրեթե 8 անգամ: Տոմսերի գների այսպիսի աճը մարտահրավեր է նետում այն մշակույթին, որը ստեղծել է այս խաղը»,-նշում է The Guardian-ի լրագրող Դեվիդ Կոննը:

Մեծ Բրիտանիայի սպորտի նախարար Թրեյսի Կրաուչը հայտնել էր իր դժգոհությունը Չեմպիոնշիպի խաղերի տոմսերի գնի բարձրացման վերաբերյալ և նույնիսկ ստեղծել էր աշխատանքային խումբ` խնդրին լուծում տալու համար: Բայց երկրպագուները պետության կողմից օգնությանը չեն հավատում: Հոկտեմբերի սկզբին  «Football Supporters Federation»-ը մտադիր է կրկնել նախորդ տարվա ակցիան, երբ ԱՊԼ-ի մի շարք ակումբներ թանկացրել էին տոմսերի գները: 

«Սա իսկական խայտառակություն է: Ակումբներն ունեն բավականին գումար, որպեսզի աչք չդնեն ֆուտբոլասերների գրպանին: Մեր նպատակն է հասնել նրան, որ գոնե զեղչեր կիրառվեն արտագնա հանդիպումներին` ըստ որի մեկ տոմսի արժեքը չի գերազանցի 20 ֆունտը: Ես սիրում եմ անգլիական ֆուտբոլը, բայց այն ինքն իրեն սպանում է»,- նշում է «Բրենտֆորդի» երկրապագու և ակտիվիստ Բիլլի Գրանտը: 

Ակցիան տեղի կունենա հոկտեմբերի 3-ին և 4-ին Չեմպինշիպի բոլոր մարզադաշտերում: 



Комментариев нет:

Отправить комментарий