пятница, 18 сентября 2015 г.

Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի գլխավոր ինտրիգները

Վաղը կմեկնարկի Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրը։ Շաբաթը օրը կկայանա 7 խաղ, ևս երեքը՝ կիրակի։ Ձեզ եմ ներկայացնում առավել կարևոր հանդիպումների մասին իմ վերլուծությունը։





Լոնդոնյան դերբի` «Չելսի» - «Արսենալ» 19.09.2015 15:45 «Ստեմֆորդ Բրիջ»

«Չելսիի»  վերջին խաղի վերաբերյալ իմ կողմից գրված վերլուծությունը կարդալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով:
Այս նյութում ես փորձել եմ մանրամասն վերլուծել «Չելսիի» հաղթական  խաղը ՉԼ-ի խմբային փուլի առաջին տուրում:

Իսկ ահա «Արսենալը» պարզապես ձախողեց խաղը Զագրեբի «Դինամոյի» հետ, պարտվելով` 2:1 հաշվով: Այդ խաղում ֆուտբոլիստների պաշտպանական գործողությունները լուրջ հարցեր են առաջացնում: Հատկապես եզրային խաղացողները: Մատյե Դեբյուշիի և Ալեքս Օքսլեյդ Չեմբեռլենի անփույթ խաղից ծնվեց «Դինամոյի» առաջին գոլը: Երկրորդ գոլի ժամանակ անկյունային խաղարկման ընթացքում ձախողվեց Կիրան Գիբբսը, չհետևելով իր հակառակորդին մոտակա դարպասաձողի մոտ, իսկ եթե սրան ավելացնենք այն, որ դա նույնիսկ Գիբբսի դիրքն էլ չէր, ապա «Արսենալի» պաշտպանական գծում եղած պրոբլեմներն ավելի տեսանելի են դառնում: Ամբողջ թիմում միայն երեք ֆուտբոլիստներ կան, ովքեր քիչ թե շատ կայուն խաղ են ցուցադրում վերջին շրջանում: Նրանք են ` Սանչեսը, Օզիլը, Կասորլան:  Օլիվյե Ժիրուի մասին խոսելն անգամ ավելորդ է, բայց ֆրանսիացին միայն իր մեղքով չէ, որ հայտնվել է այսպիսի վիճակում:  Լինելով թիմի միակ մաքուր կենտրոնական հարձակվողը, Ժիրուի համար բարդ է անընդհատ բարձր մակարդակի հանդիպումներ անցկացնել: Երևում է, որ մրցակցության պակասը բացասաբար է անդրադարձել նրա և՛ մարզավիճակի, և՛ կարգապահության վրա (Ժիրուն վերոհիշյալ խաղում խաղադաշտից հեռացվեց, իսկ երկրորդ դեղին քարտը ավելի շատ մրցավարի հետ վիճելու համար էր):

Հաշվի առնելով այս պահի դրությամբ երկու թիմերի ֆիզիկական և հոգեբանական մարզավիճակը, կարծում եմ հաջողության հասնելու ավելի մեծ շանսեր ունեն «Չելսիի» ֆուտբոլիստները:

«Տոտենհեմ» - «Կրիստալ Պելաս» 20.09.15 16:30 «Ուայթ Հարթ Լեյն»

«Տոտենհեմը» Եվրոպա Լիգայի խմբյին փուլի 1-ին տուրում կամային հաղթանակ տարավ ադրբեջանական «Ղարաբաղի» նկատմամբ 3:1 հաշվով: Հանդիպման 1-ին խաղակեսում գոլ բաց թողնելով 11 մ-ից, Մաուրիսիո Պոչետինոյի սաները կարողացան մինչև խաղակեսի ավարտը  2 գոլ խփել: Երեք  րոպեների կտրվածքով դուբլի հեղինակ դարձավ թիմի նորեկ` կորեացի Սոն Հին Մինը: Իսկ երկրորդ խաղակեսի վերջնամասում իր թիմի առավելությունը ավելի մեծացրեց արգենտինացի Էրիկ Լամելան:
Այս խաղում Պոչետինոն բավականին մեծ թվով երիտասարդների  խաղալու հնարավորություն տվեց: Հատկապես Դելլե Ալլին իրեն շատ լավ դրսևորեց: Ամբողջ խաղի ընթացքում այս երիտասարդը իր ակտիվ խաղով միացնում էր թիմի կիսապաշտպանության գիծը` հարձակմանը.  փաստացի կատարելով փլեյմեյքերի պարտականությունները: Այդքան էլ լավ հանդես չեկավ եզրային պաշտպան Կիրան Տրիպյեն: Փոխարենը լավ խաղաց կենտրոնական պաշտպան Կևին Վիմմերը:
Թիմի խաղում կար արագություն, ֆուտբոլիստները անընդհատ փորձում էին գրոհել` նույնիսկ այն դեպքում, երբ արդեն առաջ էին հաշվի մեջ:

«Կրիստալ Պելասը»  ԱՊԼ-ի նախորդ տուրում պարտվեց այս մրցաշրջանի առաջատար «Մանչեսթեր Սիթիին» նվազագույն հաշվով: Բայց խաղային տեսանկյունից Ալան Պարդյուի սաները մեղմ ասած չէին զիջում մրցակցին: «Կրիստալ Պելասի» խաղի գլխավոր դիրիժորը Յոհան Կաբայն է: Ֆրանսիացու խաղից շատ բան է կախված  պաշտպանական և հարձակողական գործողություններում:

«Մանչեսթեր Սիթի» - «Վեստ Հեմ» 19.09.15 20:30 «Էթիհադ»

«Քաղաքայինները» ձախողեցին  ՉԼ-ի  «Յուվենտուսի» հետ հանդիպումը` պարտվելով 2:1 հաշվով: «Սիթիի» ֆուտբոլիստները նույնիսկ հաշվի մեջ առաջ լինելով չկարողացան հասնել դրական արդյունքի: Ամբողջ  առաջին խաղակեսում «Մանչեսթեր Սիթին» կարծես զգուշանում էր մրցակցից:  Գնդակի անվերջ խաղարկում, որն այդպես էլ արդյունք չտվեց: Բայց արդարության համար պետք նշել, որ այդ խաղում մեկնարկային կազմում չէր Ագուրերոն, իսկ նրա փոխարեն խաղացող Բոնիի խաղը ուղղակի վատ էր:
Խաղային առումով  դրական ոչինչ չկար այս խաղում, իսկ ահա Դե Բրույնեի և Օտամենդիի խաղաժամանակ ստանալը ուրախացնող է: Այս երկու ֆուտբոլիստների համար ընդհանուր առմամբ թիմը ծախսել է 100 մլն ֆունտից ավելի գումար և թողնել նրանց պահեստայինների նստարանին` այդքան էլ խելամիտ որոշում չէ: Հատկապես, որ նրանք բավականին լավ մարզավիճակում են:

«Վեստ Հեմը» ԱՊԼ-ի նախորդ տուրում առանց մեծ դժվարությունների կարողացավ հաղթահարել «Նյուքասլի» արգելքը: Այդ խաղում վնասվածք ստացավ թիմի պաշտպան Օգբոննան և դեռևս պարզ չէ արդյո՞ք նա կմասնակցի այդ հանդիպմանը թե՞ ոչ: Իսկ խաղի ելքը վճռեց ֆրանսիացի Դիմիտրի Պայետը, ով դարձավ դուբլի հեղինակ:




 «Սաութհեմպտոն» -«Մանչեսթեր Յունայթեդ» 20.09.15   19:00 «Սեյնթ Մերիս»

Եվս մեկ անգլիական ակումբի պարտություն ՉԼ-ում: «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում պարտվեց հոլանդական «ՊՍՎ»-ին 2:1 հաշվով: Այս խաղում Լուի վան Գաալի սաները չկարողացան պահել հաղթական հաշիվը: Առաջ անցնելով հաշվի մեջ, թիմի խաղը կարծես կանգ առավ: Անկասկած այս պարտության պատճառներից մեկն էլ Լյուկ Շոուի փոփոխությունն էր: Բանն այն է, որ երիտասարդ եզրային պաշտպանը անչափ ցավալի վնասվածք ստացավ և ստիպված լքեց խաղադաշտը, իսկ նրա փոխարինումից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանական գծում տեղափոխումներ եղան: Խաղադաշտ մտած Մարկոս Ռոխոն տեղ զբաղեցրեց կենտրոնում, իսկ Դեյլի Բլինդը` ձախ եզրում: Այս ամենը բացասական անդրադարձավ թիմի խաղի վրա: Բլինդն ու Ռոխոն չկարողացան լավ համագործակցել:
Հարձակման գծում ևս խաղը չտպավորեց: Ռունիի բացակայությամբ մեկնարկային րոպեներից խաղում էր թիմի նորեկ Անտոնի Մարսիալը, բայց ֆրանսիացի երիտասարդից միանգամից սպասել ֆենոմենալ գործողություններ այդքան էլ ճիշտ չի լինի:

«Սաութհեմպտոնը» նախորդ տուրում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Վեստ Բրոմվիչի» հետ: «Սրբերն» անհաջող են մեկնարկել մրցաշրջանը և ցուցադրում են անկայուն խաղ։ «Էվերթոնին» 0։3 հաշվով պարտվելուց 1 տուր հետո թիմը նույն հաշվով հաղթեց «Նորվիչ Սիթիին»։ Ռոնալդ Կումանը կարծես թե կարողանում է վերստեղծել իր առաջվա թիմը, որը նախորդ մրցաշրջանում լուրջ գլխացավանքներ էր ստեղծում գրանդ ակումբների համար։ Զարմանալի չի լինի, եթե «Յունայթեդը» միավորներ կորցնի «Սեյնթ Մերիսում»։  
 Հաճելի հանգստյան օրեր և հաղթանակներ բոլորիս։ 








Комментариев нет:

Отправить комментарий