пятница, 25 сентября 2015 г.

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի անոնս



Սեպտեմբերի 26 -ին կմեկնարկի Անգլիայի Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրը: Առաջին խաղային օրը տեղի կունենան 8 հանդիպումներ, մեկական հանդիպումներ էլ կլինեն կիրակի և երկուշաբթի օրերին: Ձեզ ենք ներկայացնում տվյալ խաղերի վերաբերյալ կազմված անոնսն ու մեր կանխատեսումները: 



Մինչ անոնսին անցնելը կցանկանայի, որ ուշադրություն դարձնեիք այս նկարին: Այս շաբաթվա ընթացքում Անգլիայում անցկացվեցին գավաթային հանդիպումներ, որոնց բնականաբար մասնակցում էին նաև Պրեմիեր Լիգան ներկայացնող թիմերը: Նկարում ցուցադրված է, թե մասնակից թիմերը ի՞նչ քանակի փոփոխություններ են կատարել մեկնարկային կազմում` համեմատած իրենց վերջին խաղերի: Ինչպես տեսնում եք Պրեմիեր Լիգան ներկայացնող թիմերից ամենաշատը մեկնարկային կազմում փոփոխություն է կատարել «Արսենալը» ` 10, իսկ ամենաքիչը «Վեստ Հեմը»` 3: 

«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Սիթի»    26.09.15    15:45  


«Տոտենհեմը» նախորդ տուրում դժվարին հաղթանակ տարավ «Կրիստալ Փելասի» նկատմամբ: Բավականին լավ տպավորություն է թողնում թիմի նորեկ Սոն Հին Մինը: Կարծես թե Քրիստիան Էրիկսենն էլ սկսում է վերադառնալ իր նախկին լավ մարզավիճակին: Նաբիլ Բենտալեբը չի մասնակցի խաղին, իսկ Մեյսոնի մասնակցությունը հարցականի տակ է: 
 «Մանչեսթեր Սիթին» վերջին անհաջողություններից հետո կարողացավ գավաթային խաղում հաղթել «Սանդերլենդին»: Հիանալի ներգրավվել է թիմի խաղի մեջ Կևին դե Բրույնեն: Այս խաղում թիմի հայտացուցակից դուրս են մնացել Դելֆն ու Կլիշին, իսկ Կոմպանիի մասնակցությունը հարցականի տակ է:

«Լեսթեր» - «Արսենալ»    26.09.15    18:00 
«Լեսթերը» նախորդ տուրում ևս մեկ քամբեք հեղինակեց: Ռանիերիի թիմը գերազանց մարզավիճակում է: Միակ բացասական հանգամանքն այն է, որ թիմը անցկացրած բոլոր 6 խաղերում գոնե 1 գնդակ բաց է թողել սեփական դարպասը: Այս խաղում իր թիմին չի կարողանա օգնել Նաթան Դայերը:
 «Արսենալը» նախորդ տուրում պարտվեց «Չելսիին»: Ընդհանուր առմամբ թիմը այնքան էլ լավ խաղ  չի ցուցադրում: Կարգապահության առումով Վենգերը դժգոհելու առիթ ունի, քանի որ «Արսենալի» ֆուտբոլիստները  վերջին 2 խաղերում 3 կարմիր քարտ են ստացել:
Մերտեզակերի և Կոկլենի մասնակցությունը այս խաղին դեռևս հարցականի տակ է:  


«Լիվերպուլ» - «Ասթոն Վիլլա»    26.09.15    18:00 

«Լիվերպուլը» նախորդ տուրում անսպասելի կերպով ձեռքից բաց թողեց հաղթանակը` «Նորվիչի» դեմ խաղում: Իսկ հիմա կան խոսակցություններ, որ Բրենդան Ռոջերսի համար առաջիկա մեկ շաբաթը որոշիչ է լինելու: Ուրախանալու առիթ ունեն երկրպագուները, քանի որ Դանիել Սթարիջը լիովին ապաքինվել է վնասվածքից և փորձում է վերականգնել իր երբեմնի մարզավիճակը: Քրիստիան Բենտեկեն և Ջորդան Հենդերսոնը չեն մասնակցի այս խաղին` վնասվածքի պատճառով:
 «Ասթոն Վիլլան» մրցաշրջանը անհաջող սկսեց, բայց հիմա կարծես թե ամեն ինչ կարգավորվում է: Թիմը հաղթեց գավաթային խաղում և կշարունակի պայքարը հաջորդ փուլում: Այս խաղում հարցականի տակ են Ադամա Տրաորեի և Իդրիս Գեյեի մասնակցությունը:
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սանդերլենդ»    26.09.15    18:00 

«Մանչեսթեր Յունայթեդը»  դանդաղ, բայց վստահ քայլերով առաջ է շարժվում: Թիմում իրեն հիանալի է դրսևորում երիտասարդ Անտոնի Մարսյալը, ով նույնիսկ գոլի հեղինակ դարձավ գավաթային խաղում: Բացի Լյուկ Շոուից, վնասվածք ունի նաև Մարկոս Ռոխոն, իսկ սա արդեն լուրջ խնդիր է Լուի վան Գաալի համար:
 «Սանդերլենդը» պարզապես անհասկանալի արդյունքներ է գրանցում: Շատ անհաջող կերպով մեկնարկելուց հետո, շատ են խոսակցությունները, որ Դիկ Ադվոկատին շուտով կհեռացնեն զբաղեցրած պաշտոնից: Այս խոսակցություններն ավելի սրվեցին, երբ թիմը գավաթային խաղում խոշոր հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին», այն էլ սեփական հարկի տակ:

«Սաութհեմպտոն» - «Սուոնսի»    26.09.15    18:00    

«Սաութհեմպտոնը» նախորդ տուրում սեփական հարկի տակ պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Բայց պետք է նշել, որ բավականին լավ հանդիպում անցկացրեցին Ռոնալդ Կումանի ֆուտբոլիստները: Գերազանց մարզավիճակում է գտնվում Գրացիանո Պելլեն: Դեռևս վնասվածքից չեն ապաքինվել Ռայան Բերտրանը և Յորդի Կլասին:
 «Սուոնսին» շատ լավ է մեկնարկել այս մրցաշրջանում: Գերազանց մարզավիճակում են գտնվում Բաֆետիմբի Գոմիսը, Անդրե Այուն և Էշլի Ուիլյամսը: 

«Սթոկ» - «Բորնմուտ»    26.09.15    18:00 

«Սթոկը» նախորդ տուրում շատ մոտ էր այս մրցաշրջանում իր առաջին հաղթանակին, բայց «Լեսթերի» քամբեքը փչացրեց նրանց տրամադրությունը: Անհասկանալի է «Սթոկի» ցուցադրած  անբավարար արդյունքների իրական պատճառը: Թիմը բավականին լավ և մարտունակ կազմ ունի, բայց ինչ որ բան այն չէ: Գավաթային խաղում տարած հաղթանակը հնարավոր է վստահություն հաղորդի Մարկ Հյուզի ֆուտբոլիստներին:
Դեռևս հարցականի տակ է Մամե Բիրամ Դիուֆի մասնակցությունը այս խաղին:
 Նախորդ տուրում «Բորնմուտը» իր պատմության մեջ առաջին տնային հաղթանակը տոնեց ԱՊԼ-ում: Ֆիթնես-թեստը դրական հանձնելուց հետո հնարավոր է այս խաղին կարողանա մասնակցել թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը` Տոմի Էլֆիկը:

«Վեստ Հեմ» - «Նորվիչ»    26.09.15    18:00 

«Վեստ Հեմը» նախորդ տուրում անակնկալ կերպով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»: Սլավեն Բիլիչի թիմը ֆենոմենալ արդյունքներ է գրանցում այս մրցաշրջանում: Միակ բացասական հանգամանքն այն է, որ թիմի խաղը շատ անկայուն է: Այս խաղին հարցականի տակ է Շեյխու Կույատեի և Կարլ Ջենկինսոնի մասնակցությունը:
 «Նորվիչը» նախորդ տուրում կարողացավ ոչ-ոքի խաղալ «Լիվերպուլի» հետ: Ալեքս Նիլի թիմը չնայած իր համեստ հնարավորություններին, կարողանում է դրական արդյունքներ գրանցել: 

«Նյուքասլ» - «Չելսի»    26.09.15    20:30 

Վերջին 5 խաղերում «Չելսին» չի կարողանում հաղթահարել «Նյուքասլի» արգելքը: Այս անգամ իրավիճակը մի փոքր այլ է: Չնայած մրցաշրջանի սկզբում եղած անհաջողություններին, թիմը հիմա լավ մարզավիճակում է գտնվում և անկասկած կփորձի անել հնարավոր ամեն ինչ այս խաղում հաջողության հասնելու համար: 
 «Նյուքասլը» ևս այն թիմերից է, որն անհաջող է մեկնարկել այս մրցաշրջանում: Սթիվ Մակլարենի թիմն ունի անհրաժեշտ ամեն ինչ լավ հանդես գալու համար, բայց արդյունքները չեն տպավորում: «Նյուքասլը» նախորդ տուրում սեփական հարկի տակ պարտվեց «Ուոթֆորդին»` 1:2 հաշվով: Միգուցե Մակլարենին ժամանակ է հարկավոր նոր թիմ կառուցելու համար:

«Ուոթֆորդ» - «Կրիստալ Փելաս»    27.09.15    19:00

«Ուոթֆորդը»   ինչպես արդեն նշեցի հաղթել է «Նյուքասլին»: Կիկե Սանչես Ֆլորեսի թիմը վստահ քայլերով առաջ է շարժվում: Ունենալով բավականին լավ և մարտունակ կազմ` «Ուոթֆորդը» կարող է լուրջ խնդիրներ ստեղծել նույնիսկ գրանդ ակումբների համար:
 «Կրիստալ Փելասը» նախորդ տուրում պարտվեց «Տոտենհեմին», բայց խաղային առումով լավ հանդես եկավ: Ալան Պարդյուն այս խաղում չի կարողանա օգտվել Ջոել Ուորդի և  Մարուան Շամախի ծառայություններից, իսկ Սքոտ Դանի մասնակցությունը հարցականի տակ է:

«Վեստ Բրոմվիչ» - «Էվերթոն»    28.09.15    23:00 
«Վեստ Բրոմվիչը» նույնպես անհաջող մեկնարկելով այս մրցաշրջանում վերջապես կարողացավ հավաքվել և  նախորդ տուրում մրցակցի հարկի տակ հաղթեց «Ասթոն Վիլլային»: Թիմի խաղի մեջ շատ լավ է ընդգրկվել վենեսուելացի հարձակվող Սալոմոն Ռոնդոնը:
 «Էվերթոնը» նախորդ տուրում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Սուոնսիի» հետ, բայց լավ հանդիպում անցկացրեց: Միակ բացասական դրվագը այդ խաղում եղավ Միրալյասի կարմիր քարտը: Բելգիացին 92 -րդ րոպեին դուրս եկավ խաղադաշտ և 2 րոպե անց վաստակեց անմիտ հեռացում:  













Комментариев нет:

Отправить комментарий