воскресенье, 23 августа 2015 г.

«Քաղաքայինների» հաղթարշավը Պրեմիեր Լիգայում (վերլուծություն)

«Էվերթոն»-«Մանչեսթեր Սիթի» 0:2 գոլերը` Կոլարով, Նասրի
Մրցաշրջանի մեկնարկից առաջ «Մանչեսթեր Սիթին» համարվում էր չեմպիոնական պայքարի գլխավոր ֆավորիտներից։ Սակայն այն արդյունքը, որը գրանցում է Մանուել Պելեգրինիի թիմը, թերևս ինչ որ չափով զարմանալի է։   Այն, որ «Սիթին» շատ գոլեր է խփում, դա գաղտնիք չէ և պայմանավորված է հարձակման գծում այնպիսի տաղանդավոր ֆուտբոլիստների առկայությամբ, ինչպիսիք են Սերխիո Ագուերոն, Յայա Տուրեն, Վիլֆրիդ Բոնին, Ֆերնանդինյոն և Սամիր Նասրին։ Այս մրցաշրջանում գոլեր են խփում նաև մանչեսթերյան ակումբի պաշտպանները։ Թիմի ավագ Վենսան Կոմպանին դարձել է երկու գոլի հեղինակ, իսկ Ալեքսանդր Կոլարովը՝ մեկ։ Սպասվում էր, որ «Սիթին» խնդիրներ կունենա պաշտպանությունում, որով աչքի չի ընկել վերջին տարիների ընթացքում։ Սակայն անցկացրած երեք խաղերում թիմը 8 գոլ է խփել և սեփական դարպասն անառիկ է պահել, այն էլ «Չելսիի» և «Էվերթոնի» նման ակումբների հետ խաղերից հետո։   Այժմ վերլուծենք նախորդ տուրում «Էվերթոնի» նկատմամբ տարած վստահ հաղթանակը:
Թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով

                    ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ
                                                               
                   ԷՎԵՐԹՈՆ



Հանդիպման մեկնարկային րոպեներից «Մանչեսթեր Սիթին» գնդակը հանձնեց մրցակցին` այսինքն չփորձեց հենց սկզբից տիրել նախաձեռնությանը: Զարմանալի է, բայց նույնիսկ այդ դեպքում թիմը հրաժարվեց պրեսինգի դիմելուց: «Էվերթոնի» ֆուտբոլիստներն ազատ գնդակ էին ստանում դաշտի կենտրոնում և փորձում զարգացնել իրենց գրոհները: Իսկ «Սիթին» սպասում էր մրցակցի սխալին` խլում գնդակն ու արագ հակագրոհ կազմակերպում: Այդպիսի հակագրոհների արդյունքում` Սերխիո Ագուերոն կարողացավ երկու անգամ վտանգավոր հարված կատարել Թիմ Հովարդի դարպասին, բայց ամերիկացի  դարպասապահը իր բարձրության վրա էր:
«Էվերթոնի» ֆուտբոլիստները փորձեցին օգտվել այդ ազատ տարածություններից: Մի քանի վտանգավոր գրոհ կազմակերպեցին, բայց վերջնական հարվածը անընդհատ շեղ էր ստացվում:
Ռոմելու Լուկակուն դրվագներից մեկում կարողացավ գնդակն ուղարկել Ջո Հարտի դարպասը, սակայն մրցավարը չարձանագրեց այդ գոլը` քանի որ Լուկակուն գտնվում էր խաղից դուրս վիճակում:



Խաղակեսի վերջնամասում «Էվերթոնի» ֆուտբոլիստները երկու ստանդարտ դիրքի իրավունք ստացան  շատ վտանգավոր դիրքերում, բայց թե՛ Բարկլիի, և թե՛ Լուկակուի հարվածները չհասան իրենց նպատակին:
Առաջին խաղակեսի արդեն ավելացրած ժամանակում «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հարկադրված փոփոխություն կատարեց. վնասվածք ստացած Բրենդան Գալովեյի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Տայես Բրաունինգը:

Երկրորդ խաղակեսում «Մանչեսթեր Սիթիի» խաղացողները բացառապես կենտրոնացել էին հակագրոհների վրա: Գրեթե նույն պատկերն էր` ինչ առաջին խաղակեսում, բայց մի տարբերությամբ. «քաղաքայիններն» ավելի ագրեսիվ էին և վճռական: Թիմը շատ հաշվենկատ էր գործում, թիմի խաղում չկար և ոչ մի ավելորդ գործողություն:
Եվ հենց այդ արագ և դինամիկ ֆուտբոլի շնորհիվ էլ Մանուել Պելլեգրինիի սաները կարողացան բացել հանդիպման հաշիվը: Դավիդ Սիլվան սեփական կիսադաշտում ստացավ գնդակը, նկատեց  ձախ եզրում արագացող Ռահիմ Ստեռլինգին և փոխանցեց նրան, վերջինս էլ գնդակը հասցեագրեց  Ալեքսանդր Կոլարովին, որն էլ սուր անկյունից շեշտակի հարվածով խոցեց Թիմ Հովարդի պաշտպանած դարպասի մոտակա անկյունը 0:1 :
«Էվերթոնը» բաց թողած գոլից հետո փորձեց ավելի մեծ ուժերով նետվել առաջ, բայց ապարդյուն: Թիմի գրոհներում  բացակայում էր վերջնական հարվածը: Ֆուտբոլիստները չէին կարողանում գրոհները հասցնել իրենց տրամաբանական ավարտին` դրանք վերածելով գոլերի:
«Մանչեսթեր Սիթին» առաջ լինելով հաշվի մեջ մի փոքր փոփոխեց խաղաոճը: Խաղացողները սկսեցին դիմել պրեսսինգի, իսկ երբ խլում էին գնդակը ավելի շատ կենտրոնանում էին այն պահելու ուղղությամբ,  չմոռանալով հնարավորության դեպքում ակտիվորեն նետվել հակագրոհի: Այդպիսի հնարավորություններից մեկն էլ կարողացավ օգտագործել ֆրանսիացի Սամիր Նասրին:



 Նորից խլելով գնդակը սեփական կիսադաշտում, այս անգամ արդեն Յայա Տուրեն սկսեց գրոհը և գնդակը փոխանցեց Նասրիին: Ֆրանսիացի ֆուտբոլիստը պատ խաղարկեց Տուրեի հետ և հայտվնելով մեն-մենակ Թիմ Հովարդի դեմ` գնդակը ամերիկացու գլխավերևով ուղարկեց դարպասը: Արդյունքում 0:2 և «Մանչեսթեր Սիթին» գեղեցիկ և վստահ հաղթանակ է տոնում: 





Комментариев нет:

Отправить комментарий