понедельник, 17 августа 2015 г.

«Չելսիի» ցավալի պարտությունը

 Այս նյութում տեղ են գտել մտքեր բացառապես «Չելսիի» ցուցադրած ֆուտբոլի մասին, այլ ոչ թե ակումբի շուրջ ստեղծված սկանդալի` կապված Եվա Կարնեյրոյի հեռացման և նրա շուրջ ստեղծված սեքս սկանդալի վերաբերյալ: Իսկ ովքեր, որ հիասթափվեցին այս լուրից կարող են հենց հիմա էլ փակել էջը և դադարեցնել այս նյութի ընթերցումը: 



Լոնդոնի «Չելսին» պարտվեց «Մանչեսթեր Սիթիին» 3:0 հաշվով: Այն, որ Ժոզե Մոուրինյոյի թիմը կարող է պարտվել երեք գնդակի տարբերությամբ շատ զարմանալի է, բայց փաստ: Հենց այս հանգամանքն էլ առիթ դարձավ գրելու այս նյութը, որում կփորձենք հասկանալ թե ի՞նչն է «Չելսիի» այսպիսի խաղի պատճառը:

ԽԱՂԻ ԱՄՓՈՓ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Երբ հանդիպման  հենց առաջին րոպեին մրցակցի հարձակվողը հայտնվում է մեն-մենակ քո թիմի դարպասապահի դիմաց, այդ պահին հասկանում ես, որ խաղի սկիզբն անհաջող էր: Առաջին խաղակեսը անցավ «Մանչեսթեր Սիթիի» գրոհներով, որոնցից մեկն էլ պսակվեց հաջողությամբ: Գոլի հեղինակ դարձավ Սերխիո Ագուերոն:

 Պատճառն այն էր, որ «Չելսիի» խաղում բացակայում է պրեսսինգը: Թիմի ֆուտբոլիստները սեղմվում են դարպասին և փորձում այդ կերպ թվային առավելություն ստանալով ետ մղել մրցակցի գրոհները: Բայց հաշվի չեն առնում, որ դրանով ստեղծում են ազատ գոտիներ մրցակցի համար: Ամբողջ խաղի ընթացքում «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները հանգիստ և առանց խոչընդոտի գնդակ էին ստանում «Չելսիի» տուգանային հրապարակում և դրա մատույցներում: Շատ վատ գործեց թիմի հենակետային գոտին: Նեմանյա Մատիչը այս խաղում իրեն նման չէր: Եվ ընդհանրապես. ամբողջ «Չելսին» այս խաղում իրեն նման չէր:
Երկրորդ խաղակեսում «Չելսին» աշխուժացավ, ստեղծեց մի քանի վտանգավոր պահեր, բայց այդպես էլ չկարողացավ հասնել հաջողության: Փոխարենը մրցակիցը կրկնապատկեց, այնուհետև նաև եռապատկեց առավելությունը: Երկրորդ գոլի ժամանակ Բրանիսլավ Իվանովիչը երկրորդ հարկում պայքարը զիջեց գոլի հեղինակ Վենսան Կոմպանիին:

 Իսկ երրորդ գոլի ժամանակ թիմը չկարողացավ ճիշտ դուրս գալ պաշտպանությունից, եզրից արագացավ Կուադրադոն, բայց երբ հասկացավ, որ գնդակը մրցակցի մոտ է` արդեն չհասցրեց նահանջել: Այդ պահին Ֆերնանդինյոյին ոչինչ չխանգարեց խոցելու Ասմիր Բեգովիչի դարպասը:


Իսկ հիմա փորձենք մանրամասն վերլուծել «Չելսիի» խաղը` ըստ դիրքերի:

ԴԱՐՊԱՍԱՊԱՀ

Այս մրցաշրջանի առաջին երկու խաղերից հետո կարծում եմ բոլորն էլ հասկացան, որ «Չելսին» դարպասապահի հարցում ոչ մի խնդիր չունի:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Երբ այս խաղի ընդմիջումից հետո Ժոզե Մոուրինյոն փոխարինեց Ջոն Թերրին, բոլորը զարմացան: Իսկ խաղից հետո սկսվեցին տարբեր քննարկումներ ու խոսակցություններ` թե  Ժոզեն արդեն չի վստահում Թերրիին, վերջինս կորցրել է  իր հավատը պորտուգալացու մոտ  և այլն, և այլն: Գիտեք այսպիսի նյութեր կարդալուց հետո անձամբ ես նողկանք եմ ապրում, քանի որ հասկանում եմ` այդ խոսքերը ասողները առաջին հերթին վառված են Ժոզեից: Ինչ վերաբերում է Թերրիին, ապա գաղտնիք չէ, որ նա արդեն 34 տարեկան է : Բնականաբար այդ տարիքում խաղացողը կորցնում է իր արագությունը: Իսկ երբ մի թիմ առաջին խաղակեսից հետո առջևում  է լինում հաշվի մեջ, ապա երկրորդ խաղակեսում շատ դեպքերում  կենտրոնանում է հակագրոհների վրա: Բացառություն չէր նաև այս խաղը: Կուրտ Զուման շատ արագաշարժ և տեխնիկապես գրագետ ֆուտբոլիստ է, և հենց  այս հանգամանքը  հաշվի առնելով էլ Ժոզեն փոխարինեց Թերրիին` Զումայով, որն  իրեն արդարացրեց:

Անցած տարի Թերրին անցկացրեց ԱՊԼ-ի բոլոր 38 խաղերը առանց փոխարինման, որովհետև այդ ընթացքում «Չելսիի»  խաղն  այլ կերպ էր: Թիմը սեղմվում էր դարպասին պաշտպանվելիս, իսկ այդպիսի կարճ տարածությունների վրա Ջոն Թերրին չնայած իր պատկառելի տարիքին` միևնույնն է մնում է Անգլիայի ամենահուսալի պաշտպաններից մեկը:
Գարի Կեհիլի մասին կարելի է արտահայտվել բացառապես դրական խոսքերով: Նա իսկական մարտիկ է: Երբ անցած մրցաշրջանի երկրորդ հատվածում խաղերից մեկի ժամանակ գլխի ցնցում ստացավ`  դրանից հետո մի քիչ թուլացավ նրա խաղը: Հիմա արդեն նրա հետ ամեն ինչ կարգին է:
Եզրային պաշտպանները: «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում թե՛ Ասպիլիկուետան, թե՛ Իվանովիչը իրենց չարդարացրեցին: Բայց, ի տարբերություն իսպանացու` սերբ ֆուտբոլիստը անարդյունավետ էր միանում գրոհներին, որի արդյունքում տուժում էր և՛ հարձակման որակը, և՛ պաշտպանությունում ազատ գոտիներ էին առաջանում:
«Չելսին» համալրվել է նոր ֆուտբոլիստով երիտասարդ, գանացի ձախ պաշտպան` Աբդուլ Ռահման Բաբան «Աուգսբուրգից»: : Այս ֆուտբոլիստը անկասկած մեծ օգուտ կտա թիմին: Նրա ներկայությամբ Մոուրինյոն կկարողանա փորձարկել հետևյալ տարբերակը. հաշվի առնելով վերջին խաղերում Իվանովիչի պասիվությունը` հնարավոր է, որ Ասպիլիկուետան խաղա աջ եզրում, իսկ Բաբան` ձախ եզրում: Այս փոփոխությունը հնարավոր է նաև ակտիվություն  հաղորդի թիմի հարձակման գծին:

ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Այս խաղի ժամանակ Օսկարի բացակայությամբ` Վիլլիանը տեղափոխվել էր դաշտի կենտրոն, իսկ եզրում խաղում էր Ռամիրեսը: Ովքեր դիտել են հանդիպումը, կփաստեն որ,  Ռամիրեսը ձախողեց խաղը աջ եզրում: Պաշտպանվելիս  բացարձակապես չէր օգնում Իվանովիչին,  սակայն պարտավոր էր, հասկանալով, որ մրցակցի կազմում այդ եզրից ակտիվորեն գրոհելու էր արագաշարժ Ռահիմ Ստեռլինգը: Ինչևէ, հնարավոր է որ, սա Ժոզեի որոշումն էր, որն անկեղծ ասած իրեն չարդարացրեց: Պասիվ էր նաև Էդեն Ազարը:

 Նեմանյա Մատիչին ու Սեսկ Ֆաբրեգասին չարժե անդրդառնալ, քանի որ այս երկու ֆուտբոլիստները սկսած նախորդ մրցաշրջանից այնպիսի մեծ ծավալի աշխատանք են կատարում, որ նրանց  այս խաղը կարելի է վերագրել որպես անհաջողություն և վերջ: Ուղղակի ցավալին այն է, որ հենց այս երկու ֆուտբոլիստներից է կախված թիմի հաջող խաղը և՛ պաշտպանվելիս, և՛ գրոհելիս:

ՀԱՐՁԱԿՄԱՆ ԳԻԾԸ

Զարմանալի է Ժոզե Մոուրինյոյի այսպիսի  մեծ վստահությունը Դիեգո Կոստայի նկատմամբ: Այս խաղում Կոստան սովորականի պես ակտիվ էր: Բայց խաղավերջում նա արդեն չէր էլ պայքարում գնդակի համար: Նրա վրա նաև հոգեբանորեն շատ մեծ ճնշում է ազդում: Անգլիայի մրցավարները հիմա արդեն նույնիսկ ամենատեսանելի խախտումները` կատարված Դիեգո Կոստայի հանդեպ, չեն արձանագրում: Իսկ դրա մեղավորը միայն Կոստան չէ....:
 Ռադամել Ֆալկաոյի մասին դեռևս վաղ է խոսել: Վերջինս փորձում է օգտագործել ցանկացած հնարավորություն իրեն դրսևորելու:
Անհասկանալի էր Ժոզեի վերաբերմունքը դեպի Լոիկ Ռեմին: Ամբողջ նախորդ մրցաշրջանը ֆրանսիացին ցանկացած պահի պատրաստ էր դուրս գալ խաղադաշտ և օգնել իր թիմին: Նա իրեն շատ լավ դրսևորեց նաև նախամրցաշրջանային փուլում: Ու չնայած այս ամենին, Ռեմին այս խաղում խաղաժամանակ չստացավ:
Իսկ ընդհանուր առմամբ «Չելսիի» հարձակվողներին այս խաղում մեղադրելը սխալ է, քանի որ նրանց գնդակ մատակարարող Ֆաբրեգասը ուղղակի իր բարձրության վրա չէր: Միայն խաղի վերջում Սեսկը բարձրից հիանալի փոխանցում կատարեց դեպի Կոստան, որից հետո վերջինիս հարվածը ետ մղվեց դարպասաձողից:


ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թիմի խաղում անհրաժեշտ են փոփոխություններ: Իսկ որ ամենակարևորն է, Ժոզե Մոուրինյոն պետք է կարողանա ամուր պահել իր կոլեկտիվը պառակտումներից: Ժոզեն այս խաղում պարտվեց ո՛չ հարձակողական ոճի ֆուտբոլ խաղալու պատճառով: Իր տրամադրության տակ ունենալով այսպիսի կազմ, նա կարող է թիմի հարձակման գծին բազմազանություն հաղորդել: Պետք է ավելի շատ պրեսսինգ կիրառել: Այլապես ամեն անգամ սեղմվելով դարպասին և չդիմավորելով մրցակցին, թիմը կհայտնվի այս նույն իրավիճակում:


Ինչևէ, սրանք ֆուտբոլասերի խոսքեր են` որոնք միտված են հանրությանը ներկայացնելու այն ինչ երևաց հեռուստաէկրաններին, բայց ավելի մանրամասն: Ինչ վերաբերում է քննադատություններին. ապա բոլորը պետք է հասկանան, որ Ժոզե Մոուրինյոն ֆուտբոլից հասկանում է շատ ավելի շատ` քան մեզնից յուրաքանչյուրը: Իզուր չէ, որ նա համարվում է համաշխարհային ֆուտբոլի ամենալավ մարզիչներից մեկը: Պետք չէ մեկ, կամ երկու խաղով այդպիսի կտրուկ եզրահանգումներ անել: Հավատացե՛ք, Մոուրինյոն դեռևս չի ասել իր վերջնական խոսքը մեծ ֆուտբոլում:



Комментариев нет:

Отправить комментарий