суббота, 8 августа 2015 г.

ԱՊԼ 2015-2016, 1-ին տուրի 1 խաղային օրվա կարևոր իրադարձությունները

Մեկնարկեց  այդքան սպասված Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2015-2016 մրցաշրջանը: Փորձենք հասկանալ, թե ի՞նչ կարևոր իրադարձություններ տեղի ունեցան առաջին տուրի առաջին խաղային օրվա ընթացքում: Անկասկած մեծ հետաքրքրություն էին առաջացնում «Մանչեսթեր Յունայթեդ»-«Տոտենհեմ» և «Չելսի»-«Սուոնսի» հանդիպումները: Իսկ հիմա ավելի մանրամասն այս երկու խաղերի մասին:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Տոտենհեմ» 1:0 Կայլ Ուոլկեր` ինքնագոլ
Լուի վան Գաալի երկրորդ մրցաշրջանը «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկին: Անկասկած մեծ են սպասումները հոլանդացի մասնագետից: Եվ հենց առաջին խաղում հաղթանակ, բայց ոչ այքան վստահ: Թիմը հաղթեց մրցակցի ֆուտբոլիստի ինքնագոլի շնորհիվ, իսկ մինչև 60-րդ րոպեն ընդհանրապես ոչ մի հարված չէր կատարել դարպասին: Հանդիպման վերջին 10 րոպեներին նույնիսկ կարող էր գնդակ բաց թողնել` պաշտպանությունում տիրող անփութության շնորհիվ: Այս խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» համար ամենալուսավոր կետը նորեկներն էին: Ե՛վ Սերխիո Ռոմերոն, և՛ Մորգան Շնայդերլինը, և՛ Բաստիան Շվայնշտայգերը, և՛ Մեմպֆիս Դեպայը, և՛ Մատտեո Դարմիանը խաղաժամանակ ստացան այս խաղում: Նրանցից ամենալավ տպավորությունը թողեց իտալացի եզրային պաշտպան Դարմիանը: Ընդհանուր առմամբ թիմը լավ տեսք ուներ: Դեռևս անհասկանալի է Դե Խեայի հարցը, արդյո՞ք նա կմնա, թե՞ կհեռանա: Դեռևս բաց է նոր պաշտպան գնելու հարցը, նաև Լուի վան Գաալը մտածում է նոր հարձակվող ձեռք բերելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է «Տոտենհեմին». թիմը այդքան էլ լավ հանդիպում չանցկացրեց: Կարծես ֆուտբոլիստները դեռևս պատրաստ չէին սկսելու մրցաշրջանը: Չկար ակտիվություն, արագություն, բացակայում էին  սուր գրոհները:


«Չելսի»-«Սուոնսի» 2:2 Օսկար, Այու, Ֆերնանդես-ինքնագոլ, Գոմիս
Գործող չեմպիոնների համար այս խաղը այդքան էլ լավ արդյունք չտվեց: Հանդիպման հենց սկզբում «Սուոնսիի» ֆուտբոլիստները սկսեցին տիրել նախաձեռնությանը: Մի քանի վտանգավոր պահեր եղան Տիբո Կուրտուայի դարպասի մոտ: Բայց բելգիացի դարպասապահը իրեն հիանալի դրսևորեց` Գոմիսի և Սիգուրդսոնի դեմ պայքարում: Այնուհետև հանդիպման միջնամասում «Չելսին» շնորհիվ Օսկարի տուգանային հարվածի` առաջ անցավ հաշվի մեջ: «Սուոնսին» բավականին արագ արձագանքեց բաց թողած գոլին: Մի գրոհի ընթացքում կատարված երեք հարվածներից միայն վերջինը հասավ իր նպատակին: Գոլի հեղինակ դարձավ թիմի նորեկ Անդրե Այուն:
Այդ ժամանակ արդեն թվում էր, որ խաղը կհանդարտվի, բայց Վիլլիանի ձախ եզրից կատարած փոխանցումից հետո` որն ուղղված էր տուգանային հրապարակի կենտրոն, Ֆերնանադեսը դառնում է ինքնագոլի հեղինակ: 2:1 և «Չելսին» առաջ է անցնում հաշվի մեջ:
Երկրորդ խաղակեսում «Չելսիի» դարպասին նշանակվեց 11մ հարված և խաղադաշտից հեռացվեց դարպասապահ Տիբո Կուրտուան: Բաֆեմտիմբի Գոմիսը հստակ իրացրեց 11մ-ն ու հավասարեցրեց խաղի հաշիվը: Ու չնայած ունենալով թվային առավելություն, «Սուոնսին» չկարողացավ հաղթանակ կորզել այս խաղում:
Ընդհանուր առմամբ երկու թիմերն էլ արժանի խաղ ցուցադրեցին: ԱՊԼ-ի այս մրցաշրջանը խոստանում է լինել հետաքրքիր և դիտարժան:
Ծանոթացեք նաև այս խաղային օրվա մյուս հանդիպումների արդյունքներին:

«Բորնմուտ»-«Ասթոն Վիլլա» 0:1 Ռուդի Գեստեդ
«Լեսթեր»-«Սանդերլենդ» 4:2 Վարդի, Մահրեզ-2, Օլբրայտոն
«Նորվիչ»-«Կրիստալ Պելաս» 1-3 Զահա, Դելայնի, Ռեդմոնդ, Կաբայ
«Էվերթոն»-«Ուոթֆորդ» 2:2 Լայուն, Բարկլի, Իգալո, Կոնե

Комментариев нет:

Отправить комментарий