пятница, 14 августа 2015 г.

ԱՊԼ-ի 2-րդ տուրին ընդառաջ

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրից առաջ, փորձենք հասկանալ, թե ի՞նչ ինտրիգներ են սպասվում այդ խաղերում:
«Ասթոն Վիլլա»-«Մանչեսթեր Յունայթեդ» 14.08.15 22:45 «Վիլլա Պարկ»
ԱՊԼ-ի 2015-2016 մրցաշրջանի երկրորդ տուրը մեկնարկում է այս հանդիպումով: Բավականին հետաքրքիր խաղ է մեզ սպասվում, քանի որ երկու թիմերի կազմերում էլ կան մեծ քանակությամբ նորեկներ: Երկու թիմերն էլ հաղթել են 1-ին տուրում`  նույն 1:0 հաշվով,  «Ասթոն Վիլլան»` «Բորնմուտին», իսկ «Մանչեսթեր Յունայթեդը»` «Տոտենհեմին»: Այս խաղի հետ կապված ամենահետաքրքիր նորությունն այն է, որ Դավիդ Դե Խեան արդեն երկրորդ խաղն անընդմեջ չի հայտվում թիմի հայտացուցակում: Այդպիսի որոշում է կայացրել Լուի վան Գաալը:
Խաղը  կարծում եմ կլինի բաց և հարձակողական: Տիմ Շերվուդն այնքան էլ պաշտպանողական ֆուտբոլի կողմնակից չէ:
Կանխատեսում` Երկու թիմերն էլ գոլ կխթեն բայց կհաղթի «Մանչեսթեր Յունայթեդը»:
«Սաութհեմպտոն»-«Էվերթոն» 15.08.15 15:45 «Սեյնթ Մերիս» 
Նախորդ տուրում այս երկու թիմերն էլ իրենց խաղերն ավարտել են միևնույն 2:2 հաշվով:
Դեռևս հարցականի տակ է «Սաութհեմպտոնի» նորեկ Յորդի Կլասիի մասնակցությունը: Ի տարբերություն «Էվերթոնի»,  «Սաութհեմպտոնի» խաղն առաջին տուրում ավելի տպավորիչ էր:
Կանխատեսում` «Սաութհեմպտոնի» հաղթանակ
«Սանդերլենդ»-«Նորվիչ» 15.08.15 18:00 «Ստեդիում օֆ Լայթ»
Նախորդ տուրի անհաջողակները: Երկու թիմերն էլ պարտվեցին իրենց խաղերում` մրցակիցներին զիջելով երկու գնդակի առավելությամբ: Եթե հաշվի առնենք, որ «Նորվիչի» գլխավոր մարզիչ Ալեքս Նիլի համար դա ինչ որ տեղ ընդունելի է(Ալեքս Նիլը համարվում է ԱՊԼ-ի ամենաերիտասարդ գլխավոր մարզիչը` 34 տարեկան), ապա փորձառու Դիկ Ադվոկատի համար խաղի այդպիսի ելքը ուղղակի աններելի է:
Կանխատեսում` «Սանդերլենդի» հաղթանակ:
«Սուոնսի»-«Նյուքասլ» 15.08.15 18:00  «Լիբերթի Ստեդիում»
Այս երկու թիմերը ևս նախորդ տուրում գոլառատ հանդիպումներ անցկացրեցին: Հատկանշական է այն հանգամանքը, որ թե՛ «Սուոնսիի», թե՛ «Նյուքասլի» աստղային նորեկներ Անդրե Այուն և Ջորջինյո Վեյնալդումը դարձան գոլի հեղինակ: Հետաքրքիր կլինի նաև հետևել «Նյուքասլի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սթիվ Մակլարենի աշխատանքին:
Կանխատեսում` «Սուոնսի» հաղթանակ, կամ ոչ-ոքի
«Տոտենհեմ»-«Սթոկ Սիթի» 15.08.15 18:00 «Ուայթ Հարթ Լեյն»
Նորից նույն հաշվով պարտություններ նախորդ տուրում: Բայց համեմատած «Տոտենհեմի», «Սթոկ Սիթին» ավելի գեղեցիկ, հետաքրքիր և դիտարժան խաղ ցուցադրեց: Բացի դրանից թիմը պատմության մեջ ռեկորդային գումարով գնեց Ջերդան Շաքիրիին:
Կանխատեսում` «Սթոկ Սիթի» հաղթանակ
«Ուոթֆորդ»-«Վեստ Բրոմվիչ» 15.08.15 18:00 «Վիկարիջ Ռոուդ» 
Նորեկների մեջ ամենալավ տպավորությունը թողեց «Ուոթֆորդը»: Խաղալով մրցակցի հարկի տակ կարողացավ «Էվերթոնից» միավորներ խլել: Խաղն ավարտվեց 2:2 հաշվով:
«Վեստ Բրոմվիչը» ձախողվեց նախորդ տուրում, բայց այս թիմի երկրպագուներն ունեն ուրախանալու պատճառ` թիմը ռեկորդային գումարով գնեց Սալոմոն Ռոնդոնին և այս խաղից սկսված վենեսուելացի հարձակվողը կկարողանա օգնել իր թիմին:
Կանխատեսում` «Վեստ Բրոմվիչ» հաղթանակ
«Վեստ Հեմ»-«Լեսթեր Սիթի» 15.08.15 18:00 «Ապտոն Պարկ»
Կլաուդիո Ռանիերի վերադարձը ԱՊԼ նշանավորվեց «Լեսթերի» հաղթանակով: Թիմը խաղում էր այնպես, կարծես նախորդ մրցաշրջանը չէր վերջացել, իսկ իրենք էլ պայքարում էին ԱՊԼ-ում մնալու համար:
Սլավեն Բիլիչի թիմի առաջին տուրում կայացած խաղին ես արդեն անդրադարձել եմ:
Այս դիմակայությունում կա ևս մի հետաքրքություն: Ռանիերին անցած խաղից հետո ասել էր, որ իր  ֆուտբոլիստներին մինչև խաղադաշտ մտնելը` հրահանգել է լսել Կասաբիան ռոք խմբի երգերը: Եվ հենց դա է եղել պատճառը, որ թիմն այդպիսի աշխույժ և գեղեցիկ խաղ է ցուցադրել: Սլավեն Բիլիչը նույնպես մեկնաբանել է սա, և ասել որ, եթե այդ երգերը մոտիվացնում են ֆուտբոլիստներին, ապա ինքը կգնի նրանց բոլոր ալբոմները:
Կանխատեսում` մարտական ոչ-ոքի
«Կրիստալ Պելաս»-«Արսենալ» 16.08.15 16:30 «Սելհորսթ Պարկ»
Լոնդոնյան դերբի: Անկեղծ ասած Վենգերի թիմը վատ խաղ անցկացրեց նախորդ տուրում, որին ես արդեն անդրադարձել եմ, իսկ ահա «Կրիստալ Պելասը» մրցակցի հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց ԱՊԼ-ի նորեկ «Նորվիչին»: Ալան Պարդյուն կարողացել է ստեղծել մի թիմ,  որը իր խաղով մեծ դժվարություններ է առաջացնում գրանդ ակումբների համար: Եվ եթե համեմատենք այս երկու թիմերին, ապա «Կրիստալ Պելասի» ֆուտբոլիստները հոգեբանորեն ավելի լավ վիճակում են: Սրան գումարենք սեփական դաշտում խաղալու գործոնը,ստացվում է որ,  Արսեն Վենգերը լուրջ անհանգստանալու առիթ ունի:
Կանխատեսում` «Կրիստալ Պելաս» հաղթանակ կամ ոչ-ոքի
«Մանչեսթեր Սիթի»-«Չելսի» 16.08.15 19:00 «Էթիհադ Ստեդիում»
Անկասկած տուրի կենտրոնական հանդիպումն է: Շատերը կարծում են, որ հենց այս երկու ակումբներն իրար մեջ կվիճարկեն ԱՊԼ-ի չեմպիոնի կոչումը: «Մանչեսթեր Սիթին» այս մրցաշրջանը մեկնարկեց վստահ հաղթանակով` 3:0 հաշվով հաղթելով «Վեստ Բրոմվիչին»: Գոլերի հեղինակ դարձան Յայա Տուրեն (2), և Վենսան Կոմպանին: Եվ հատկանշական է հենց այս երկու ֆուտբոլիստների այսպիսի խաղը, քանի որ հենց նրանց գործողություններից է կախված թիմի արդյունավետ խաղը: Նախորդ մրցաշրջանում այս երկու ֆուտբոլիստները չցուցադրեցին իրենց հնարավորությունների մաքսիմումը, որն էլ պատճառ դարձավ թիմի ձախողումներին: Դեռևս հայտնի չէ արդյո՞ք խաղը մեկնարկային րոպեներից կսկսի Սերխիո Ագուերոն թե՞ ոչ, բայց ամեն դեպքում նա լիովին առողջ է:
Իսկ ահա  «Չելսիի» շուրջ արդեն իսկ լուրջ սկանդալ է հասունացել, որին ես ևս անդրադարձել եմ:
Նախորդ տուրում թիմը ոչ-ոքի խաղաց  «Սուոնսիի» հետ: Բացի դրանից այդ խաղում կարմիր քարտ ստացած Տիբո Կուրտուայի որակազրկումը մնաց ուժի մեջ, քանի որ Անգլիայի Ֆուտբոլի ասոցիացիան չբավարարեց «Չելսիի» հայցը` որակազրկումը չեղյալ համարելու վերաբերյալ: Բնականաբար Մանուել Պելլեգրինիի թիմը ավելի վստահ է մոտենում այս խաղին:
Կանխատեսում` ոչ-ոքի
 «Լիվերպուլ»-«Բորնմուտ» 17.08.15 23:00  «Էնֆիլդ Ռոուդ»  
Նախորդ տուրում` «Սթոկ Սիթիի» հետ արտագնա խաղում հաղթելով նվազագույն 1:0 հաշվով, Բրենդան Ռոջերսի թիմը վստահություն ձեռք բերեց երկրպագուների մոտ: Շատ լավ տպավորություն թողեցին թիմի նորեկները` Քրիստիան Բենտեկեն, Նաթանիել Կլայնը, Ջո Գոմեսը, Ռոբերտո Ֆիմինոն և Ջեյմս Միլները: Բայց դեռևս պակասում էր առջևի գծում ֆուտբոլիստների համագործակցությունը: Այս խաղում ավելի լավ կերևա «Լիվերպուլի» հարձակման գծի իրական պոտենցիալը:
Կանխատեսում` Լիվերպուլը կհաղթի չոր հաշվով 

Комментариев нет:

Отправить комментарий