воскресенье, 30 августа 2015 г.

Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի անակնկալները

Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրը լի էր անակնկալներով։ Այս տուրում անսպասելի պարտություններ կրեցին չեմպիոն «Չելսին» և ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնական պայքարի մասնակիցներ «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Հերթով քննարկենք այս խաղերը։

« ՉԵԼՍԻ » -« ԿՐԻՍՏԱԼ ՊԵԼԱՍ » 1:2 գոլերը` Սակո (65), Ֆալկաո (79), Ուորդ (81) 


Այս խաղը Ժոզե Մոուրինյոյի համար 200-րդն էր  ԱՊԼ-ում և 100-րդը «Ստեմֆորդ Բրիջ» մարզադաշտում: Սա 2-րդ տնային պարտությունն էր Ժոզեի համար, առաջին պարտությունը եղել է 2 տարի առաջ «Սանդերլենդի» հետ խաղում:
 Անդրադառնալով այս խաղին կարելի է ընդգծել, որ չնայած պարտությանը,  թիմի խաղում դրական տեղաշարժ էր նկատվում: Շատ ակտիվ էր Պեդրոն: Նա իր արագությամբ կարողանում էր դրիբլինգի միջոցով շրջանցել մրցակիցներին և եզրից փոխանցում կատարել տուգանային հրապարակ: Հենց այդ փոխանցումներից մեկն էլ ավարտվեց գոլով: Պեդրոն հասցնում էր նաև պաշտպանվել, ինչը չես ասի Վիլիանի, Ազարի և Ֆաբրեգասի դեպքում: Վատ մարզավիճակի մեջ է նաև թիմի հենակետային կիսապաշտպան Նեմանյա Մատիչը: Եվ հենց նրա վատ խաղով է պայմանավորված «Չելսիի» պաշտպանողական գործողություններում տիրող քաոսը:
Այս խաղին հայտավորված էր թիմի նորեկ Ռահման Բաբան, բայց Ժոզե Մոուրինյոյի խոսքերով, նա դեռ  պատրաստ  չէ մասնակցել խաղերի: Իսկ երբ պատրաստ լինի անկասկած պետք է խաղա Բրանիսլավ Իվանովիչի փոխարեն այսինքն` Ասպիլիկուետան կխաղա աջ եզրում, իսկ Բաբան ձախ: Իվանովիչի խաղը շատ հարցեր է առաջացնում: Վերջին մի քանի խաղերում անընդհատ մրցակիցները կարողանում են ազատ գոտիներ ստանալ հարձակման ձախ եզրում:
Հնարավոր է այս միտքը տարօրինակ թվա, բայց այս խաղը կարող է բեկումնային լինել «Չելսիի» համար: Նախ երևում էր որ թիմի խաղում ավելացել է ագրեսիվությունը, թիմը փորձում էր ավելի շատ գրոհել, ակտիվ էին եզրերը և վերջապես գոլի հեղինակ դարձավ Ռադամել Ֆալկաոն: Այդ գոլը կարող է օգնել Ֆալկաոյին վերադառնալու իր նախկին մակարդակին:
 Իսկ երիտասարդ Կենեդիի մասին կարելի է միայն գովեստի խոսքեր հղել: Փոխարինման դուրս գալուց հետո, բրազիլացին իրեն հիանալի դրսևորեց:
Ինչևէ, ԱՊԼ-ում երկշաբաթյա դադար է կապված հավաքականների խաղերի հետ, իսկ դրանից հետո արդեն կարելի է հասկանա`լ ինչ դասեր է քաղել «Չելսին» այս պարտությունից:

« ԼԻՎԵՐՊՈՒԼ »-« ՎԵՍՏ ՀԵՄ » 0:3 գոլերը` Լանսինի (3), Նոբլ (29), Սախո (92) 


«Վեստ Հեմի» խաղը այս մրցաշրջանում շատ անկայուն է: Թիմը սկզբից դուրս մնաց Եվրոպա լիգայից, հետո մրցակցի հարկի տակ հաղթեց «Արսենալին», հետո 2 պարտություն սեփական հարկի տակ,  իսկ հիմա հաղթանակ «Էնֆիլդում» «Լիվերպուլի» նկատմամբ: Ամեն դեպքում,  սա այնքան էլ վատ արդյունք չէ Սլավեն Բիլիչի համար:
 «Վեստ Հեմի» խաղում մեծ դերակատարություն ունի թիմի նորեկ, ֆրանսիացի Դիմիտրի Պայետը:
 «Լիվերպուլի» մասին խոսելիս, նույնպես կարելի է նշել անկայուն խաղը: Առաջնության մեկնարկային տուրում , երբ Բրենդան Ռոջերսը թիմի մեկնարկային կազմում չընդգրկեց և ոչ մի հենակետային կիսապաշտպանի, բոլորը զարմացան: Բայց թիմը պաշտպանողական գործողություններում վստահ խաղ ցուցարեց, ինչը չես ասի «Վեստ Հեմի» հետ խաղի համար: Այս խաղում միաժամանակ խաղադաշտ էին դուրս եկել 3 կենտրոնական կիսապաշտպաններ` Ջան, Միլներ, Լուկաս: Ու երբ այսպիսի ֆուտբոլիստների առկայությամբ թիմը բաց է թողնում 3 գնդակ, հասկանում ես, որ ինչ որ մի բան այն չէ: Եթե կա մեկը, որ անկախ ամեն ինչից փորձում է հնարավորինս օգտակար լինել թիմին` դա Քրիստիան Բենտեկեն է: Իսկ Ջեյմս Միլներին շատ շուտ սկսեցին աստվածացնել և միանգամից վստահել փոխավագի կոչումը: Երևում է հենց դա էլ ազդել է անգլիացու խաղի վրա` բացասական առումով: Լովրենի մասին խոսելն անգամ ավելորդ է: Անկեղծ լինենք` նա այն մակարդակի ֆուտբոլիստ չէ, ով պետք է լինի մերսիսայդցիների մեկնարկային կազմում:
Հույս ունենանք, որ այս դադարը` կապված հավաքականների հետ, կօգնի Բրենդան Ռոջերսին շտկելու իր թիմի խաղը:

« ՍՈՒՈՆՍԻ  »-« ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ » 2:1 գոլերը Մատա (48), Այու (61) , Գոմիս (66)


Գարի Մոնկը կարողացել է ստեղծել մարտունակ թիմ, որն արդեն երկրորդ տարին անընդմեջ կարողանում է տհաճ անկնկալներ մատուցել անգլիական գրանդ ակումբներին: Նախորդ մրցաշրջանում «Սուոնսին» հաղթեց «Արսենալին» և նույն «Մանչեսթեր Յունայթեդին»: Երբ Վիլֆրիդ Բոնին լքեց ակումբը, շատերը մտածեցին, որ թիմի խաղի որակը կտուժի, բայց .... : Այսօրվա «Սուոնսիի»  գլխավոր առավելություններից է թիմային խաղը: Չկա մի ֆուտբոլիստ, ով միայնակ է առաջ տանում իր թիմին: Բոլորը կախված են միմյանցից: Օրինակ` Գոմիսի հաջող խաղի պատճառն այն է, որ ֆրանսիացին իր թիկունքում ունի 3 այնպիսի խաղընկերներ` ովքեր կարող են ոչնչից գոլային պահ ստեղծել իր համար: Այդ ֆուտբոլիստներն են` Շելվին, Սիգուրդսոնը, և թիմի նորեկ Այուն:
 «Մանչեսթեր Յունայթեդը » շատ լավ էր մեկնարկել այս մրցարջանը, բայց այս խաղից հետո շատ հարցեր անպատասխան մնացին: Դեռևս պարզ չէ Դե Խեայի ապագան:  Ինչպես նշել է թիմի նախկինում լեգենդար ֆուտբոլիստ Գարի Նևիլը. «Յունայթեդին հարկավոր է դարպասապահ, պաշտպան և հարձակվող: Ու ցանկալի է, որ նրանք լինեն թոփ մակարդակի ֆուտբոլիստներ»: Դժվար է այստեղ չհամաձայնվել Նևիլի հետ:
Ինչևէ,  սպասենք տրանսֆերային պատուհանի փակվելուն և կհասկանանք ` ինչպիսի՞ կազմ կունենա Լուի վան Գաալի թիմը այս մրցաշրջանի առաջին հատվածում:

Комментариев нет:

Отправить комментарий