четверг, 6 августа 2015 г.

«Սթոկ Սիթին» գալիք մրցաշրջանում

Շարունակելով մեր ծանոթությունը  անգլիական ակումբների վերաբերյալ, այս անգամ կփորձենք հասկանալ թե ինչպիսին կլինի «Սթոկ Սիթին» գալիք մրցաշրջանում:

«ՍԹՈԿ ՍԻԹԻՆ» ՆԱԽՈՐԴ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ
Անցած մրցաշրջանը կարելի է ստացված համարել ակումբի համար: Թիմը զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը, որն անկասկած հիանալի արդյունք է: «Սթոկ Սիթիի» գլխավոր զենքն այն էր, որ կախված մրցակցից` թիմը կարողանում էր փոփոխել խաղը և դրան բազմազանություն հաղորդել: Եթե անհրաժեշտ էր խաղալ իսկական բրիտանական ֆուտբոլ` բարձրից փոխանցումներով դեպի տուգանային հրապարակ, խնդրեմ, այդ հարցում միշտ պատրաստ էր իր թիմին օգնել անգլիական ֆուտբոլի վետերան Պիտեր Կրաուչը` իր սարսափեցնող բարձր հասակով: Իսկ երբ անհրաժեշտ էր գնդակը պահել ներքևում, այդժամ թիմին օգնության էին գալիս Բոյան Կրկիչը, Մարկու Արնաուտովիչը, Սթիվեն Աիրլենդը և Բիրամ Դիուֆը: Եվ այս ամենն ի շնորհիվ թիմի գլխավոր մարզիչ Մարկ Հյուզի մեծ փորձի, որը նա կուտակել է տարիների ընթացքում լինելով և՛ խաղացող, և՛ մարզիչ:



ՄԱՐԿ ՀՅՈՒԶԻ ԳՈՐԾՈՆԸ
Մարկ Հյուզը փորձում է «Սթոկ Սիթիին» դուրս բերել նոր մակարդակի վրա: Իսկ այս թվերը ցույց են տալիս, որ նրա մոտ դա շատ լավ էլ ստացվում է:
Ըստ այս թվերի «Սթոկ Սիթին» Մարկ Հյուզի օրոք սկսել է ավելի շատ տիրել գնդակին: Դա նշանակում է, որ թիմը բրիտանական ֆուտբոլը փոխարինում է իսպանականով: Դրանում մենք համոզվեցինք նախորդ մրցաշրջանում` հետևելով «Սթոկ Սիթիի» ցուցադրած խաղին: Մարկ Հյուզը լուրջ քայլեր է ձեռնարկում թիմի դուրս բերելու ավելի բարձր մակարդակի վրա: Հաշվի առնելով այն, որ Հյուզը ունի փորձ մարզելու բարձր մակարդակի ակումբ, մեծ է հավանականությունը, որ նրան կհաջողվի «Սթոկ Սիթիին» դարձնել ավելի կայուն, մրցունակ թիմ` պայքարող եվրագավաթային հորիզոնականների համար:
 ՓՈՐՁԵՆՔ ՀԱՍԿԱՆԱԼ«ՍԹՈԿ ՍԻԹԻԻ» ԱՅՍՊԻՍԻ ԽԱՂԻ ՊԱՏՃԱՌԸ
Միանշանակ դա ստեղծագործ ֆուտբոլիստների մեծ թիվն է ակումբում: Այդ ֆուտբոլիստները իրենց կարիերայից մի որոշ ժամանակ անցկացրել են «Բարսելոնայում»:
Վերջին երկու տարվա ընթացքում «Սթոկ Սիթին» համալրվել է այդպիսի չորս ֆուտբոլիստներով` Մարկ Մունիեսա, Բոյան Կրկիչ, Իբրահիմ Աֆելայ, Մոհա: Աֆելայն ու Մոհան այս մրցաշրջանում են միացել «Սթոկ Սիթիին»: Բնականաբար ունենալով թիմի կազմում այսպիսի մակարդակի ֆուտբոլիստներ, Մարկ Հյուզը կարող է թիմի խաղը կառուցել գնդակին տիրելու հիման վրա: 
ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Թիմը համալրել են` Ֆիլիպպ Վոլլշայդը («Բայեր»-2.66 մլն ֆունտ, վարձավճարից հետո), Խոսելուն («Հաննովեր 96»- 5.6մլն ֆունտ), Մարկո վան Գինկելը («Չելսի»- վարձավճար), Մոհան («Բարսելոնա»- տրանսֆերային արժեքը անհայտ է), Շեյ Գիվենը («Ասթոն Վիլլա»-ազատ գործակալ), Գլեն Ջոնսոնը («Լիվերպուլ»-ազատ գործակալ), Յակուբ Հաուգորը («Միտտյուլանդ»- 0.6մլն ֆունտ), Իբրահիմ Աֆելայը (ազատ գործակալ), Դոմ Տելֆորդը, Մարկ Ուոդդինգտոնը («Բլեքպուլ»- ազատ գործակալ):



Թիմից հեռացել են` Ասմիր Բեգովիչը («Չելսի»- 8մլն ֆունտ), Ստիվեն Նզոնզին («Սևիլյա»-7 մլն ֆունտ), Ռոբերտ Հուտը («Լեսթեր»- 3մլն ֆունտ), Թոմաս Սորենսենը (ավարտել է կարիերան), Էնդի Ուիլկինսոնը, Ուիլսոն Պալասսիոսը, Ջեյմի Նեսսը (պայմանագրի ավարտ):

ՆԱԽԱՄՐՑԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՓՈՒԼ:ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
15-07.15 «Սթոկ Սիթի»-«Էվերթոն» 0:0
18.07.15 «Սթոկ Սիթի»-«Սինգապուր 11» 2:0 գոլերը` Սիդուելլ, Արնաուտովիչ
22.07.15 «Սթոկ Սիթի»-«Ռեկսեմ» 6:0 գոլերը` Դիուֆ, Ուլտերս (2), վան Գինկել, Խոսելու, Տելֆորդ
25.07.15 «Սթոկ Սիթի»-«Բրենտֆորդ» 0:2
01.08.15 «Սթոկ Սիթի»-«Քյոլն» 1:2 գոլը  Օդեմվինգե
02.08.15 «Սթոկ Սիթի»-«Պորտու» 0:3



ՀԱՎԱՆԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԸ
Հաշվի առնելով Մարկ Հյուզի նախընտրած խաղային մոդելն ու թիմի կազմում եղած ֆուտբոլիստներին, «Սթոկ Սիթիի» մեկնարկային կազմը կունենա հետևյալ տեսքը`



Կա ևս մեկ տարբերակ` 4-2-3-1, որը տարբերվում է ոչ միայն  խաղային դիրքերով, այլ հենց խաղացողներով: Հաշվի առնելով թիմում առկա հարձակողական ֆուտբոլիստների մեծ թիվն, ինչպես նաև վնասվածքների գործոնը. այս տարբերակը նույնպես ընդունելի է`


«ՍԹՈԿ ՍԻԹԻԻ» ՏՆԱՅԻՆ և ԱՐՏԱԳՆԱ ՄԱՐԶԱՇԱՊԻԿՆԵՐԸ 2015-2016 ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ

ՆՊԱՏԱԿԸ ԳԱԼԻՔ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ
Թիմի նպատակը` միանշանակ տեղ զբաղեցնել եվրագավաթային հորիզոնականներում: Հաշվի առնելով նաև, որ Անգլիայում խաղարկվում է երկու գավաթային մրցաշար, կարելի է նաև պայքարել տիտղոսի համար: Առավել ևս, որ գրանդ ակումբներն այդքան էլ լուրջ չեն վերաբերվում այդ մրցաշարերին: 


Նյութում տեղ գտած մտքերը կազմել եմ իմ գիտելիքների հիման վրա, ելնելով վերջին երկու մրցաշրջաններում թիմի ցուցադրած խաղից և արդյունքներից: Բնականաբար ձեր կարծիքը կարող է չհամընկնել գրածիս հետ: Իսկ դրա միակ և հետաքրքիր լուծումը դա քննարկումն է: Կարող եք գրել իմ ֆեյսբուքյան էջին, մեծ հաճույքով կարձագանքեմ: Սպասեք նոր գրառումների մյուս անգլիական ակումբների վերաբերյալ:



Комментариев нет:

Отправить комментарий