четверг, 6 августа 2015 г.

«ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻՆ» հաջորդ մրցաշրջանում

Շարունակում ենք  քննարկել թե ինչ վիճակով են անգլիական ակումբները մոտենում գալիք` 2015-2016 մրցաշրջանին: Այս անգամ կխոսենք «Մանչեսթեր Սիթիի» մասին:

«ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻՆ» ՆԱԽՈՐԴ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ
2014-2015 մրցաշրջանը մեղմ ասած լավ չդասավորվեց «քաղաքայինների» համար: Թիմը մնաց առանց տիտղոսների: Բացակայում էր կայունությունը: Մրցաշրջանի երկրորդ հատվածի սկզբում «Մանչեսթեր Սիթիի» տապալման պատճառ դարձան Յայա Տուրեի և Սերխիո Ագուերոյի բացակայությունները: Տուրեն մասնակցում էր Աֆրիկյան Ազգերի Գավաթին, իսկ Ագուերոն վնասվածք ուներ: Հենց այդ ժամանակահատվածում թիմը վերջնականապես կորցրեց ԱՊԼ-ի չեմպիոն դառնալու հույսերը: Իսկ ՉԼ-ում թիմը ճանապարհը զիջեց ապագա գավաթակիր «Բարսելոնային»:

ԽԱՂԱՅԻՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին փորձեց փոխել թիմի խաղն` այն դարձնելով «իսպանական»: Այսինքն գնդակը անընդհատ պահել ներքևում, կարճ փոխանցումներով մոտենալ մրցակցի դարպասին: Բայց չիլիացի մասնագետը հաշվի չէր առել մի շատ կարևոր հանգամանք, որ այդպիսի հիմնային փոփոխություն կատարելով, նա կարող է զոհել հնարավոր տիտղոսները: Արդյունքում հենց այդպես էլ եղավ, իսկ թիմի նոր խաղը կատարելագործված չես համարի:



ԱՐԴՅՈ՞Ք ՍԱ ՊԵԼԼԵԳՐԻՆԻԻ ՎԵՐՋԻՆ ՄՐՑԱՇՐՋԱՆՆ Է «ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻՈՒՄ»
Նախորդ մրցաշրջանի արդյունքներով`  մնալով առանց տիտղոսների, թիմի ղեկավարությունը սկսեց լրջորեն մտածել թիմի գլխավոր մարզչի ապագայի վերաբերյալ: Սկզբում մամուլում լուրեր շրջանավառվեցին,  ըստ որոնց Պելլեգրինին կլքի իր զբաղեցրած պաշտոնը, բայց որոշ ժամանակ անց այդ լուրերը հերքվեցին հենց ակումբի ղեկավարների կողմից: Պելլեգրինիի հավանական փոխարինողների շարքում նշվում էր Մյունխենի «Բավարիայի» ներկայիս գլխավոր մարզիչ` Պեպ Գվարդիոլայի անունը:
Շատ փորձագետների կարծիքով հենց իսպանացին էլ գալիք մրցաշրջանից հետո կփոխարինի չիլիացուն, առավել ևս, որ Գվարդիոլայի պայմանագրի ժամկետը մյունխենյան ակումբի հետ լրանում է 2016 թվականի ամռանը: Այստեղից հետևություն, որ Պելլեգրինին պետք է սթափվի և փորձի կառուցել մի կոլեկտիվ, որի ապահոված արդյունքն էլ կդառնա իր հետագա աշխատանքի երաշխիքը:

ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Թիմը համալրել են` Ռահիմ Ստեռլինգը («Լիվերպուլ»- 49մլն ֆունտ), Ֆաբիան Դելֆը («Ասթոն Վիլլա»-8մլն ֆունտ), Պատրիկ Ռոբերտսը («Ֆուլհեմ»-5մլն ֆունտ), Յունես Ունալը («Բուրսասպոր»-2մլն ֆունտ):


Թիմից հեռացել են` Ջեյմս Միլները («Լիվերպուլ»-ազատ գործակալ), Ֆրենկ Լեմպարդը («Նյու-Յորք Սիթի»-վարձավճարի ավարտ), Ստեֆան Յովետիչը («Ինտեր»- 1.5 տարով վարձավճար` հետագայում պարտադիր գնման իրավունքով-2մլն ֆունտ + 12մլն ֆունտ), Կարիմ Ռեկիկը («Մարսել»-3.5մլն ֆունտ), Սկոտտ Սինկլերը («Ասթոն Վիլլա»-2.5մլն ֆունտ), Դեդրիկ Բոյատան («Սելթիկ»-1.5մլն ֆունտ), Մայկա Ռիչարդսը («Ասթոն Վիլլա»-ազատ գործակալ), Ջոն Գվիդետտին («Սելտա»-ազատ գործակալ), Յունես Ունալը («Գենկ»-վարձավճար):

Ամենայն հավանականությամբ թիմից կհեռանա նաև Էդին Ջեկոն: Հնարավոր են նաև համալրումներ թիմի կազմում, այլապես հայտացուցակը պետք է լրացնել երիտասարդ ֆուտբոլիստներով:

ՆԱԽԱՄՐՑԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՓՈՒԼ:ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
18.07.15 «Մանչեսթեր Սիթի»-«Մելբուրն Սիթի» 1:0 գոլը` Նասրի
21.07.15 «Մանչեսթեր Սիթի»-«Ռոմա» 2:2 գոլերը` Ստեռլինգ, Իխեանաչո
24.07.15 «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» 1:4 գոլը` Տուրե
27.07.15 «Մանչեսթեր Սիթի»-«Վիետնամ» 8:1 գոլերը` Կոլարով (2), Ստեռլինգ (2), Սիլվա (2), Լոպես, Պոզո;
01.08.15 «Մանչեսթեր Սիթի»-«Շտուտգարտ» 2:4 գոլերը` Իխեանաչո, Ջեկո:

ՀԱՎԱՆԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԸ
Ելնելով նախորդ մրցաշրջանի վերջին մի քանի խաղերից, ինչպես նաև այս ընկերական հանդիպումներից կարելի է ենթադրել, որ Մանուել Պելլեգրինին կկիրառի 4-3-3 տակտիկական դասավորությունը: Այդ պարագայում թիմի մեկնարկային կազմը կունենա հետևյալ տեսքը`
Այս տակտիկական դասավորությունը նույնիսկ խաղերի ընթացքում հեշտությամբ կարող է փոխվել  4-4-2-ի` այդ դեպքում Ֆեռնանդոյի փոխարեն կխաղա Բոնին` հարձակման գծում, կամ` 4-2-3-1 -ի և այդ ժամանակ կստացվի հետևյալը`
Եզրային պաշտպաններն ամբողջ առաջնության ընթացքում, ըստ անհրաժեշտության ենթարկվելու են ռոտացիայի:

ԱՄԵՆԱՑԱՎՈՏ ԿԵՏԸ
Անկասկած դա պաշտպանների զույգն է: Էլյակիմ Մանգալան մեղմ ասած վատ մրցաշրջան անցկացրեց:  Հիմնվելով նախորդ մրցաշրջանում ֆրանսիացու ցուցադրած խաղից, բացահայտ կարելի է ասել, որ թիմի համար այս տրանսֆերը ձախողված է: Բայց Մանգալան դեռ ունի ժամանակ հակառակն ապացուցելու երկրապագուներին և թիմի գլխավոր մարզչին: Մարտին Դեմիչելիսին կարիք չկա  անդրադառնալ: Նրա դրությունը ակումբում պարզից էլ պարզ է: Իսկ ահա շատ լուրջ է թիմի ավագ Վենսան Կոմպանիի հարցը: Բելգիացին երկար տարիներ հանդես էր գալիս բարձր մակարդակով, բայց նախորդ մրցաշրջանը նրա համար էլ լավ չդասավորվեց. մի գուցե պատճառը վնասվածքներն էին: Հույս ունենանք, որ թիմի առաջատարներից մեկը` Վենսան Կոմպանին գալիք մրցաշրջանում կկարողանա վերագտնել իր նախկին մարզավիճակը:
Բայց ամեն դեպքում Պելլեգրինին պետք է մտածի այս հարցի շուրջ:


 Կա՛մ պետք է գնել նոր խաղացողի, կա՛մ էլ հնարավորություն տալ երիտասարդ Ջեյսոն Դենայերին, որն ի դեպ արդեն հասցրել է իր նորամուտը նշել Բելգիայի ազգային հավաքականի կազմում: Դենայերն անցած տարին վարձավճարով անցկացրեց շոտլանդական «Սելթիկում»:


«ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻԻ» ՏՆԱՅԻՆ և ԱՐՏԱԳՆԱ ՄԱՐԶԱՇԱՊԻԿՆԵՐԸ 2015-2016 ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ
ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԳԱԼԻՔ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ
Այս հարցի շուրջ իր մեկնաբանությունն է տվել «ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻԻ» գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին. «Մեր նպատակն է տիտղոսներ նվաճելը, մենք կփորձենք շահել  բոլոր հնարավոր մրցանակները»:


Նյութում տեղ գտած մտքերը կազմել եմ իմ գիտելիքների հիման վրա, ելնելով վերջին երկու մրցաշրջաններում թիմի ցուցադրած խաղից և արդյունքներից: Բնականաբար ձեր կարծիքը կարող է չհամընկնել գրածիս հետ: Իսկ դրա միակ և հետաքրքիր լուծումը դա քննարկումն է: Կարող եք գրել իմ ֆեյսբուքյան էջին, մեծ հաճույքով կարձագանքեմ: Սպասեք նոր գրառումների մյուս անգլիական ակումբների վերաբերյալ:




Комментариев нет:

Отправить комментарий