вторник, 4 августа 2015 г.

«Սաութհեմպտոնը» գալիք մրցաշրջանում

Շարունակելով ձեզ ներկայացնել անոնսներ անգլիական ակումբների վերաբերյալ, այս անգամ կխոսենք «Սաութհեմպտոնի» մասին: Թիմ, որը հաճելիորեն զարմացրեց բոլորին` նախորդ մրցաշրջանում ցույց տված դիտարժան խաղով: 2014-2015 մրցաշրջանից առաջ, թիմի մի քանի առանցքային խաղացողներ լքեցին ակումբը, նրանց հետ հեռացավ նաև թիմի գլխավոր մարզիչը` Մաուրիսիո Պոչետինոն: Թվում էր, թե ակումբը կկանգնի ԱՊԼ-ն լքելու խնդրի առջև, բայց, արի ու տես, որ «Սաութհեմպտոնը», իր նոր գլխավոր մարզչի հետ կարողացավ ոտքի կանգնել և ցուցադրել ուղղակի խելահեղ ֆուտբոլ: Հենց դրա շնորհիվ և ձեռք բերեց երկրպագուների ավելի մեծ բանակ:
Իսկ հիմա եկեք քննարկենք և հասկանանք, թե ինչ է պետք սպասել «Սաութհեմպտոնից» գալիք 2015-2016 մրցաշրջանում:

ՌՈՆԱԼԴ ԿՈՒՄԱՆԻ ԳՈՐԾՈՆԸ
 «Սաութհեմպտոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի կատարած աշխատանքը, այս մեկ տարվա ընթացքում իրոք հարգանքի է արժանի: Բացի ցուցադրած գեղեցիկ խաղից, Կումանը կարողացավ իր թիմից արդյունք քաղել: Թիմը վերջին 11 տարվա ընթացքում առաջին անգամ իրավունք ստացավ մասնակցելու Եվրագավաթների` ավելի կոնկրետ Եվրոպա Լիգայի մրցաշարին: Չունենալով թիմի  կազմում  համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ, «Սաութհեմպտոնի» ցուցադրած խաղն ու արդյունքներն ուղղակի ապշեցուցիչ են: Ու այս ամենը,  շնորհիվ առաջին հերթին Ռոնալդ Կումանի: Մարդ, որը կարողացավ, ստեղծել թիմ, կոլեկտիվ, որը սարսափ էր առաջացնում այնպիսի ֆուտբոլային գրանդ ակումբների համար ինչպիսին են`«Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը», և այդպես շարունակ: Թիմը նախորդ մրցաշրջանում ԱՊԼ-ի 38 խաղերում բաց թողեց ընդամենը 33 գնդակը: Այս ցուցանիշով հոլանդացի մասնագետի թիմը զիջեց միայն չեմպիոնին:

ԹԻՄԻ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ 
«Սաութհեմպտոնը» սիրվեց երկրպագուների կողմից` առաջին հերթին իր կոլեկտիվ խաղով: Ճիշտ չի լինի առանձնացնել մեկ ֆուտբոլիստի և պնդել, որ հենց ինքն էր առաջ տանում իր թիմին նախորդ մրցաշրջանի ամբողջ հատվածում: Ֆուտբոլիստները լրացնում էին մեկը մյուսին:  Պելլեն, Մանեն, Տադիչը, սրանք այն խաղացողներն են, ովքեր իրենց գոլերով ուրախացնում էին ֆուտբոլասերներին: Հիշարժան է «Սաութհեմպտոնի» գերխոշոր 8:0 հաշվով հաղթանակը «Սանդերլենդի» նկատմամբ, Մանեի գոլը «Արսենալի» դարպասը` սուր անկյունից, և վերջապես նույն Սադիո Մանեի ռեկորդային ժամանակում ձևակերպած հետ-տրիկը` «Ասթոն Վիլլայի» դարպասը: Բացի Մանեից լավ մրցաշրջան անցկացրեցին` Դուշան Տադիչը, որը դարձավ թիմի առաջատարը կատարած գոլային փոխանցումների քանակով, Գրացիանո Պելլեն` իր խփած 12 գոլերով դարձավ թիմի գլխավոր ռմբարկուն ԱՊԼ-ում: Դաշտի կենտրոնում  իր թիմի խաղը կառուցում էր Մորգան Շնայդերլինը, իսկ մրցակցի խաղը «քանդում» էր Վիկտոր Վանյաման: Պաշպանության գծում անդրդվելի էին Բերտրանը, թիմի ավագ Ժոզե Ֆոնտեն, և այս մրցաշրջանի արդյունքներով թիմը լքած Նատալիել Կլայնը:

ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Թիմից հեռացել են` Նատանիել Կլայնը («Լիվերպուլ»-12.5 մլն ֆունտ), Մորգան Շնայդերլինը («Մանչեսթեր Յունայթեդ»-25մլն ֆունտ),  Տոբի Ալդերվեիրելդը, Էլջերո Էլիան, Ֆիլիպ Ջուրիչիչը  (վարձավճարի ավարտ ),Պաբլո Օսվալդոն (պայմանագրի խզում), Արտուր Բորուցը («Բորնմուտ»-ազատ գործակալ), Իոս Հոյվելդը («ԱԻԿ»-ազատ գործակալ), Կոդի Կրոպպերը («ՄԿ Դոնս»-ազատ գործակալ), Սեմ Գալախերը («ՄԿ Դոնս»-վարձավճար), Ջորդան Տերնբուլլը  («Սուինդոն»-վարձավճար), Ջեյկ Սինկլերը, Կրիս Ջոնսը, Օմար Ռոուն (պայմանագրի ավարտ):
 Թիմը համալրել են` Սեդրիկ Սոարեշը  («Սպորտինգ»-3.5մլն ֆունտ), Խուանմին («Մալագա»-5մլն ֆունտ), Կուկո Մարտինան («Տվենտե»-1մլն ֆունտ), Յորդի Կլասին («Ֆեյենոորդ»-10մլն ֆունտ), Սթիվեն Կոլկերը («ՔՊՌ»-վարձավճար), Մարտեն Ստեկելենբուրգ  («Ֆուլհեմ»-վարձավճար):

ՆԱԽԱՄՐՑԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՓՈՒԼ:ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
08.07.2015 «Լեյպցիգ»-«Սաութհեմպտոն» 5:4 գոլերը`Ռոդրիգես (2), Խուանմի, Սեդրիկ
11.07.2015 «Վալենսիա»-«Սաութհեմպտոն» 1:0 մեկ խաղակես
11.07.2015 «Ռեդ Բուլլ Զալցբուրգ»-«Սաութհեմպտոն» 2:0 մեկ խաղակես
18.07.2015 «Գրոնինգեն»-«Սաութհեմպտոն» 0:3 գոլերը` Ֆոնտե, Մանե, Պելլե
21.07.2015 «ԿՎՎ Կեվիկ20»-«Սաութհեմպտոն» 0:10, գոլերը` Պելլե (3), Ռոդրիգես (3), Դեվիս (2), Տերնբուլլ, Խուանմի
23.07.2015 «Ֆեյենոորդ»-«Սաութհեմպտոն» 0:3 գոլերը` Պելլե, Յոշիդա, Խուանմի

02.08.2015 «Սաութհեմպտոն»-«Էսպանյոլ» 1:1 գոլը` Ռոդրիգես

ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ

30.07.15 «Սաութհեմպտոն»-«Վիտեսս» 3:0 գոլերը` Պելլե, Տադիչ (11մ), Լոնգ:
Չնայած նախամրցաշրջանային փուլի սկզբում անցկացրած մի քանի անհաջող հանդիպումներին, թիմը կարողացավ մարզավիճակ ձեռք բերել և կարելի է ասել 99 տոկոսով ապահովեց իր տեղը Եվրոպա Լիգայի որակավորման հաջորդ փուլում: Այս նախամրցաշրջանային փուլում թիմի լավագույն ռմբարկումներն են Պելլեն և վնասվածքից նոր ապաքինված Ջեյ Ռոդրիգեսը: Նրանք դարձել են 6-ական գոլի հեղինակ:
Ռոնալդ Կումանի խոսքերով` Ջեյ Ռոդրիգեսը դեռևս պատրաստ չէ մրցաշրջանի մեկնարկին, բայց նա շատ է աշխատում և կամաց-կամաց կվերագտնի իր նախկին խաղը:

ՀԱՎԱՆԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԸ
Ելնելով  Եվրոպա Լիգայի` «Վիտեսսի» հետ խաղից, կարծում եմ հենց այսպիսի մեկնարկային կազմ կընտրի Ռոնալդ Կումանը մրցաշրջանի մեկնարկի համար:
«Վիտեսսի» հետ խաղում  մեկնարկային րոպեներից գրեթե այս ֆուտբոլիստներն էին դուրս եկել խաղադաշտ , կար միայն մեկ փոփոխություն: Ձախ Պաշտպանի դիրքում Բերտրանի փոխարեն խաղում էր երիտասարդ 19-ամյա Տարգետը: 

«Սաութհեմպտոնի» տնային և արտագնա մարզաշապիկները`2015-2016 մրցաշրջանի համար:


ՆՈՐԵԿՆԵՐԸ
Նախամրցաշրջանային փուլում իրենց լավ դրսևորեցին թիմի նորեկները` Կլասին, Խուանմին, Սոարեշը: Վերջինս մեծ հավանականությամբ շատ շուտով մոռացնել կտա թիմի նախկին աջ պաշտպան Նատանիել Կլայնին: Դե իսկ, Յորդի Կլասիի ուսերին ավելի մեծ պատասխանատվություն է դրված: Նա պետք է փոխարինի Մորգան Շնայդերլինին` դաշտի կենտրոնում: Այստեղ ցույց է տրված Կլասիի և Շնայդերլինի վիճակագրությունը նախորդ մրցաշրջանում;


 «Վիտեսսի» հետ խաղում Կլասին վնասվածք է ստացել և հնարավոր է բաց թողնի մրցաշրջանի մեկնարկը: Հուսանք, որ հոլանդացին կկարողանա շուտ ապաքինվել վնասվածքից և կուրախացնի մեզ իր խաղով:

 Նյութում տեղ գտած մտքերը կազմել եմ իմ գիտելիքների հիման վրա, ելնելով վերջին երկու մրցաշրջաններում թիմի ցուցադրած խաղից և արդյունքներից: Բնականաբար ձեր կարծիքը կարող է չհամընկնել գրածիս հետ: Իսկ դրա միակ և հետաքրքիր լուծումը դա քննարկումն է: Կարող եք գրել իմ ֆեյսբուքյան էջին, մեծ հաճույքով կարձագանքեմ:
 Սպասեք նոր գրառումների մյուս անգլիական ակումբների վերաբերյալ:

Комментариев нет:

Отправить комментарий