суббота, 15 августа 2015 г.

Անկանխատեսելի ֆուտբոլային օր Մեծ Բրիտանիայում

Նույնիսկ ամենամոլի երկրպագուները դժվար թե կարողանային գուշակել այս խաղերի այսպիսի ելքերը:  Չկա մի խաղ, որի հաշիվը զարմանք չառաջացնի: Համառոտ վերլուծենք և հասկանանք ի՞նչ մեզ տվեց ԱՊԼ-ի 2-րդ տուրի 2-րդ խաղային օրը:
«Սաութհեմպտոնի» տնային խայտառակ պարտությունը դեռևս երկար կհիշվի երկրպագուների կողմից: Ռոնալդ Կումանն այսօր իրոք հիասթափեցրեց` չկարողանալով ինչ-որ կերպ ազդել խաղի ելքի վրա: Թիմի խաղում  բացակայում էր հակագրոհ հասկացությունը: Ամբողջ խաղի ընթացքում թիմը ոչ մի վտանգավոր հակագրոհ չի ստեղծել: Իսկ «Էվերթոնը» հաճելիորեն զարմացրեց: Թիմը լավ խաղ ցուցադրեց և կարողացավ օգտագործել ընձեռնված հնարավորությունները: Գոլերը ծնվեցին և՛ հակագրոհներից,  և՛ դիրքային գրոհներից: Թիմի գլխավոր մարզիչ` Ռոբերտո Մարտինեսը միանշանակ պետք է գոհ լինի թիմի այսօրվա ցուցադրած խաղից:Բացի դրանից, Ռոմելու Լուկակուն կարծես  թե վերադառնում է իր նախկին մարզավիճակին:
  Սլավեն Բիլիչի «Վեստ Հեմը»  նախորդ տուրում անակընկալ կերպով հաղթեց «Արսենալին»` մրցակցի հարկի տակ, իսկ արդեն այս տուրում սեփական դաշտում պարտվեց «Լեսթերին»: «Լեսթերը» այս մրցարջանի առաջին երկու խաղերում յոթ գոլ է խփել: Երևում է թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին լավ աշխատանք է կատարել:
  «Տոտենհեմը» լիովին նույնն է մնացել: Նորից նույն ոչ կայուն խաղը: Թիմը հանդիպման ընթացքում կարող է լիովին տարբեր երկու խաղակես անցկացնել: 
  Չնայած կադրային կորուստներին, Մարկ Հյուզի «Սթոկ Սիթին» կարողացավ հաշվի մեջ պարտվելով երկու գնդակի տարբերությամբ` ետ բերել կորցրածը: Թիմի նորեկ Չերդան Շաքիրին դեռևս չնշեց իր նորամուտը ԱՊԼ-ում: 
  Արդեն երկրորդ տուրն անընդմեջ ձախողվում է Դիկ Ադվոկատի «Սանդերլենդը»: Վերջին անգամ թիմը առաջին երկու խաղերում 7 գոլ ընդունել էր սեփական դարպասը հեռավոր 1971 թվականին:
 Չզարմացրեց նաև «Սուոնսիի» հաղթանակը «Նյուքասլի» նկատմամբ: Գարի Մոնկի թիմը լավ տպավորություն թողեց այս երկու խաղերում: Իսկ «Նյուքասլում» դեռևս ժամանակ է հարկավոր Ստիվ Մակլարենին`  որպեսզի նա կարգավորի թիմի խաղը: 
 «Ուոթֆորդ»-«Վեստ Բրոմվիչ» խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Բայց սա այն դեպքերից է, երբ հաշիվը չի համապատասխանում թիմերի ցուցադրած խաղին: Շատ ակտիվ էր Կիկե Սանչես Ֆլորեսի «Ուոթֆորդը»: ԱՊԼ-ի նորեկը արդեն երկրորդ խաղն անընդմեջ չի պարտվում:
«Վեստ Բրոմվիչի» կազմում իր նորամուտը նշեց թիմի նորեկ Սալոմոն Ռոնդոնը:




Комментариев нет:

Отправить комментарий